Դեռևս մայիսի 15-ին ՀՅԴ-ն հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ մայիսի 20-ին Սյունիքի մարզի Կոռնիձոր համայնքում հրավիրում են մասնակցելու երթ-հանրահավաքին:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ երեկ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ժողով է հրավիրել իր մոտ ու հորդորել այնպես կազմակերպել ամեն ինչ, որ այդ հավաքում քիչ թվով մարդիկ լինեն, խժդժություններ չլինեն ու հանկարծ Սյունիքում կրկին մթնոլորտը չլարվի: Մեր աղբյուրները փոխանցում են, որ մարզպետի մոտ հավաքին ներկա են գտնվել սյունեցի համայնքապետերը ու ՔՊ-ամերձ անդամները:
Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն իր հայտարարությունում նշել էր, որ «Մայիսի 20-ին, ժամը 12:00-ին՝ բոլորս դեպի Կոռնիձոր, դեպի Կոռնիձոր՝ ի ցույց դնելու մեր համախմբումն ու ընդվզումը, դեպի Կոռնիձոր՝ ասելու համար, որ մենք ենք Արցախի տերը, ժողովուրդն է Արցախի տերը և ոչ ոք չի կարող այն զիջել, առևտրի նյութ դարձնել, վաճառել կամ ուժով տիրանալ։ Կամավորության սկզբունքով՝ բոլորս դեպի Կոռնիձոր»։
ArmLur.am-ը կապ է հաստատել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ պարզելու համար, թե որքանով են իրական այդ տեղեկությունները: Նախ մարզպետը ծիծաղեց, երբ լսեց մեր հարցը այնուհետև հայտարարեց. «Ես ինչու պետք է նման ժողով անեմ, այն էլ նման բովանդակությամբ, եթե մարդիկ որոշել են հավաքվել ի պաշտպանություն Արցախի, ես ինչու պետք է ինչ որ բաներ արգելեմ: Անկեղծ ասած շատ զարմացա, որովհետև բացարձակ այդ տեղեկությունները իրական չեն, ես որևէ խնդիր չեմ տեսնում, եթե մարդիկ որոշել են համախմբվել հանուն Արցախի, ապա ես միայն ուրախ կլինեմ»,-հայտարարեց մարզպետը:
Ռոբերտ Ղուկասյանը հավելեց, որ ինքն իր աշխատանքն է իրականացնում ու իր գլխավոր նպատակն այն է, որ Սյունիքում պահպանվի այն խաղաղությունը, որն այս պահին կա. «Հիմա քաղաքական հարցերի ժամանակը չէ, հավատացեք հիմա պետք է բոլորս միահամուռ պայքարենք մեր խաղաղության ու անվտանգության համար»,-եզրափակեց մարզպետը: