Հասնել կառավարության հրաժարականին եւ ձեւավորել ազգային կառավարություն.
սրանք առաջնահերթ նպատակներն են, որ նշված են «Որդիների կանչ» սոցիալ-հայրենասիրական հասարակական կազմակերպության հայտարարության մեջ։ Պատերազմում զոհվածների ծնողներին միավորող կազմակերպությունն երեկ հայտարարել է ակտիվ պայքար սկսելու մասին։
Հայտարարությունն ամբողջական՝ ստորեւ.
«Հայրենիքի օրհասական վիճակով իսկապես մտահոգ քույրե՛ր եւ եղբայրնե՛ր, 2020 թվականի Արցախյան 44 -օրյա պատերազմից հետո սկիզբ առած գործընթացները, ցավոք, մեզ թույլ չեն տալիս լուռ սգալ մեր որդիների կորուստը, քանզի պետականության շարունակական գահավիժումը, քաղաքական եւ իրավական փակուղին, անպատժելիության եւ երկակի ստանդարտների մթնոլորտը շարունակում են իրենց ձախավեր ընթացքը։
Այս իրավիճակում մենք՝ հայրենիքին ամենաթանկը՝ մեր որդիներին նվիրած ծնողներս, բախվելով իրավական պատնեշների, քաղաքական անելանելիության, բարոյական վարքականոնների փլուզմանը եւ պայքարելով այդ ամենի դեմ իրավական մեթոդներով, հանգել ենք այն գիտակցման, որ այս իրավիճակից կարող ենք դուրս գալ միասնական քաղաքական ու քաղաքացիական պայքարի միջոցով։
Ուստի մենք՝ «Որդիների կանչ» հասարակական կազմակերպությունը, որոշում ենք ընդունել սկսել ակտիվ պայքար՝ դիրքավորվելով որպես այդ պայքարի առաջամարտիկ (շարժիչ ուժ) եւ հետապնդելով բացառապես ոչ անձնական նպատակ՝ համախմբել Հայաստանի բոլոր կարող ուժերին, ում համար թանկ են պետականությունը եւ հայրենի հողը, որը բառիս բուն եւ փոխաբերական իմաստով ներծծված է մեր որդիների արյամբ։
Այս խորհրդանշական եւ նախկինում հաղթական օրը մենք հայտարարում ենք, որ սկսում ենք նախաձեռնողական պայքար՝ հանուն մեկ նպատակի՝ կասեցնել պետականության գահավիժումը եւ Հայաստանը դարձնել զարգացած ու անվտանգ պետություն։ Համադրելով անվիճելի իրողությունները, ինչպես նաեւ մեր անձնական պայքարի դառը փորձը՝ մենք արձանագրում ենք, որ այդ նպատակին հասնելու արդյունավետ եւ իրատեսական բոլոր ծրագրերի գլխավոր նախապայմանը ներկայիս իշխանության հեռացումն է։
Ուստի մեր առաջիկա քայլերն են լինելու՝
– Հասնել կառավարության հրաժարականին,
– Ձեւավորել ազգային կառավարություն,
– Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի առկա ռեսուրսների ու իրական շահակիցների՝ մեր դարավոր բարեկամ հարեւանների ու դաշնակիցների հետ միասին կառուցել անվտանգային նոր ճարտարապետություն՝ այդպիսով ապահովելով մեր պետության շարունակական զարգացումը եւ հասարակական խաղաղ գործունեությունը,
– Կասեցնել համատարած բարոյալքումն ու արժեզրկումը, իսկ հերոսաբար նահատակված զինծառայողների ծնողների հանդեպ ամրագրել հասարակական ընդգծված հարգանքի եւ պետական երախտագիտության ինստիտուտը. սա դիտարկում ենք որպես մեր պետության եւ հասարակության գաղափարական, քաղաքացիական, բարոյական ամենակարեւոր արժեհամակարգի հիմնասյուն։
Այս քայլերին հասնելու համար մենք ավելի քան վճռական ենք՝ համոզված, որ ներկայումս հենց այդ վճռականության շնորհիվ է հնարավոր հասնել բեկման ու փոփոխությունների։ Մենք բարձր ենք գնահատում բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների եւ անհատ քաղաքացիների կատարած այն ահռելի աշխատանքը, որը արվել է 2020 թվականի աղետալի պատերազմից հետո:
Միաժամանակ փաստում ենք, որ այդ պայքարին ինչ-որ բան պակասում էր, միգուցե՝ վճռականությունը: Այդ իսկ պատճառով դիմում ենք բոլոր հասարակական ու քաղաքական ուժերին միանալ մեր սկսած պայքարին։ Միասին կասեցնենք պետականության անկումն ու ապահովենք Հայաստանի իրական ինքնիշխանությունն ու հաջորդական զարգացումը»։
ՄԻՊ-Ը ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՔՆՆԱՐԿՄԱՆԸ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը մասնակցել է քրեական եւ քրեական դատավարության օրենսգրքերի կիրառմանը նվիրված քննարկմանը։
Մանասյանը բացման խոսքով է հանդես եկել «ՀՀ քրեական եւ քրեական դատավարության օրենսգրքերի գործողության մեջ դնելու հիմնահարցերի եւ դրանց լուծման օրենսդրական եւ ինստիտուցիոնալ հեռանկարները» թեմայով քննարկմանը։
«Պաշտպանը շեշտել է, որ մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից չափազանց կարեւոր է քրեական եւ քրեադատավարական պատշաճ օրենսդրություն ունենալը, եւ նշել, որ նոր օրենսդրությունն այս տեսանկյունից բավականին առաջադեմ կարգավորումներ է առաջարկում։
Պաշտպանը նաեւ ընդգծել է, որ ինչպես իրավական նորմերի կիրառումը, այնպես էլ օրենսդրության ցանկացած փոփոխություն պետք է ամբողջությամբ համապատասխանի մարդու իրավունքների թե՛ ներպետական եւ թե՛ միջազգային չափանիշներին։
Աշխատաժողովը նախաձեռնվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ու ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից: Մասնակցել են օրենսդիր եւ գործադիր մարմինների, Բարձրագույն դատական խորհրդի, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ եւ դատավորներ, որոնք ներկայացրել են իրենց գործունեության արդյունքում նոր օրենսգրքերի կիրառման առնչությամբ արձանագրված խնդիրները»,- ասված է հաղորդագրության մեջ։
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ
Ադրբեջանը հայկական կողմին կոչ է անում բարի կամք դրսեւորել եւ ավելի մեծ ջանքեր գործադրել կարգավորման բանակցությունների շրջանակներում բոլոր հարթություններում. այս մասին երեկ՝ Վիլնյուսում իր լիտվացի գործընկեր Գաբրիելյուս Լանդսբերգիսի հետ ճեպազրույցի ժամանակ, ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը (հաղորդում է Day.Az-ը)։
«Ես մանրամասն տեղեկություններ եմ ներկայացրել մեր տարածաշրջանում հետկոնֆլիկտային իրավիճակի, տարածաշրջանային խաղաղության օրակարգի առաջմղմանն ուղղված Ադրբեջանի ջանքերի, այդ թվում՝ ԱՄՆ-ում Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների վերջին փուլի մասին»,-ասել է նա։
Նա նշել է, որ, չնայած մասնակի դինամիկային, կարգավորման բոլոր երեք հարթություններում, այն է՝ խաղաղ պայմանագրի նախագծի նախապատրաստման հարցում, որը կորոշի երկկողմ հարաբերությունների հիմքը, պետական սահմանի դելիմիտացիայի եւ տրանսպորտային ու կոմունիկացիոն կապերի վերականգնման հարցում ձեռք բերված առաջընթացը դեռեւս չի արդարացրել սպասելիքները:
ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ
Վազգեն Հարությունյանը նշանակվել է Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար: Այս մասին երեկ՝ Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, հայտարարեց Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Նշենք, որ Հարությունյանը նախկինում զբաղեցնում էր «Փարկինգսերվիս» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնը:
ԵՌԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ
The Financial Times պարբերականը տեղեկություններ է հայտնել առաջիկայում սպասվող հնարավոր եռակողմ հանդիպման մասին: Մասնավորապես, պարբերականի տեղեկություններով՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կիրակի օրը Բրյուսելում հյուրընկալելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Նշվում է, թե բրյուսելյան հանդիպումն առաջընթացի կարեւոր նշան է, քանի որ նաեւ Վաշինգտոնի քառօրյա բանակցություններից հետո Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները փոպադարձ ջանքեր են գործադրում բանակցություններ իրականացնելու համար:
Հավելենք, որ հունիսի 1-ին Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները եւս մեկ հանդիպում կանցկացնեն արդեն Մոլդովայում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ միասին՝ գագաթաժողովի շրջանակներում:
ՔՆՆԱՐԿՈՒՄ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ երեկ շարունակվում էին 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի հարկաբյուջետային եւ ծախսային շրջանակի շուրջ քննարկումները: Վարչապետի աշխատակազմից ArmLur.am-ին հայտնում են, որ քննարկման առարկա են եղել 2024-2026թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի նախագիծը, 2024-2026թթ. ՄԺԾԾ առաջարկի հիմքում ընկած հիմնական սկզբունքները, ծրագրի ծախսային շրջանակը, ՀՀ կառավարության ծրագրի առանցքային ուղղությունները: Անդրադարձ է եղել ընդհանրական մոտեցումներ պահանջող այլ հարցերի եւս: Մտքերի փոխանակություն է ծավալվել տնտեսական ակտիվության դրական զարգացումների, ՀՀ տնտեսական աճի սցենարային կանխատեսումների, ՀՀ տնտեսական աճի եւ ՀՆԱ-ի վերանայումների, միջնաժամկետ հարկային եկամուտների եւ դրանց ռիսկերի, պարտքի բեռի կառավարելի մակարդակում պահպանման, կապիտալ ծախսերի դերի բարձրացման ու ընթացիկ՝ գնաճային ճնշումներ չառաջացնող մակարդակի պահպանմանը վերաբերող հարցերի շուրջ: Կառավարության ղեկավարն ընդգծել է նախագծերի որակի եւ արդյունավետության բարձրացման կարեւորությունը եւ հանձնարարել ամփոփել 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի հարկաբյուջետային եւ ծախսային շրջանակի շուրջ հնչած դիտարկումներն ու միջգերատեսչական քննարկումները:
ԴԱՏԻ ԵՆ ՏՎԵԼ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Գլխավոր դատախազությունը դատի է տվել Աժ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդուն՝ Դավիթ Սեդրակյանին: Ըստ հայցի` դատախազությունը պահանջում է 12.08.2004թ. որոշումները եւ, որպես հետեւանք, 27.08.2004թ. «Դավիթ-Արտակ» ՍՊ ընկերության անվամբ թիվ 1289995, 07.09.2004թ. Դավիթ Սեդրակյանի անվամբ թիվ 1295380, 08.10.2004թ. Վարդան Սեդրակյանի անվամբ թիվ 1193285, 10.10.2004թ. Վարդան Սեդրակյանի անվամբ թիվ 1193284 կատարված իրավունքի պետական գրանցումները եւ սեղանամատյանի գրառումներն անվավեր ճանաչել: