50.000 ստորագրություն Արցախը հայկական պահելու համար. ներկայացվել է «Ազատ Արցախ-Հայաքվե» նախաձեռնությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր տեղի ունեցավ «Ազատ Արցախ-Հայաքվե» օրենսդրական նախաձեռնության ներկայացումը հանրությանը:

«Ազատ Արցախ-Հայաքվե» նախաձեռնող խումբը օրենսդրական փոփոխության ստորագրահավաք է սկսել, որով ծանր պատիժ է նախատեսում Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող գործողությունների համար։

Նախաձեռնության նպատակն է հանրության աջակցությամբ ստանալ 50.000 ստորագրություն, որով հնարավորություն կստանան Արցախը հայկական պահելու հարցը ներմուծել Ազգային ժողովի օրակարգ և դնել քվեարկության:

Այսպիսով՝ հանրությանը կոչ է արվում մոտենալ ցանկացած համայնքապետարան կամ քաղաքապետարան և ստորագրությամբ համաձայնել «Ազատ Արցախ-Հայաքվե»-ին, որով այս փոփոխությունը կարող է մտնել քրեական օրենսգիրք։ Ըստ նախաձեռնության անդամների՝ դրանով կարող ենք ստիպել Հայաստանի իշխանություններին՝ ետ կանգնել Արցախը հանձնելուց։

Նախաձեռնության բանախոսներն էին՝ «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը, Կոնցեռն դիալոգ փաստաբանական գրասենյակի կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանը, քաղաքագետ, «Հայկական նախագիծ» նախաձեռնության համահիմնադիր Հրանտ Միքայելյանը, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, և ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան, մշակութային գործիչ Հրանտ Թոխատյանը:

Հարցին, թե արդյո՞ք համայնքապետարաններում անցկացնելով ստորագրահավաք կարող են ապահովել դրա անխոչընդոտ ընթացքը և արդյո՞ք իշխանությունները լծակ չեն ունենա դրա արհեստական դադարեցման համար, բանախոսները նշեցին, որ ստորագրահավաքը վերահսկվելու է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից և այսպիսի ստորագրահավաք առաջին անգամ է տեղի ունենալու Հայաստանում:

Մաշա Մելքոնյան 




Լրահոս