2 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԻ ԿԱՇԱՌՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակիցներ Հ. Խ.-ն եւ Ա. Գ.-ն, ի պաշտոնե լիազորված լինելով ապահովել քրեակատարողական հիմնարկում ներքին ծառայության եւ անվտանգության պահպանման կարգը, նախնական համաձայնությամբ ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու՝ հիշյալ ՔԿՀ բջջային հեռախոսներ փոխանցելու համար, նույն հիմնարկի դատապարտյալներից պարբերաբար ստացել են շուրջ 2.827.800ՀՀ դրամ կաշառք։

 

Մասնավորապես՝ պարզվել է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ աշխատակից Հ. Խ.-ն, արգելված իրեր հանդիսացող հեռահաղորդակցության կապի միջոցներ, այդ թվում՝ բջջային հեռախոսներ ու լիցքավորման սարքեր ՔԿՀ տարածք տեղափոխելու եւ դատապարտյալներ Ռ. Ե.-ին ու Վ. Հ.-ին փոխանցելու դիմաց 2022 թվականի հունվարին նրանցից ընդունել է խոշոր չափերով կաշառքի առաջարկը։ Այնուհետեւ հիշյալ դատապարտյալների կանայք, ձեռք բերելով բջջային հեռախոսներն ու դրանց լրակազմի մեջ մտնող իրերը, դրանք նախապես պայմանավորված վայրերում՝ տարբեր օրերի հանձնել են ՔԿՀ պաշտոնյային: Վերջինս էլ այդ արգելված իրերը տեղափոխել է քրեակատարողական հիմնարկ եւ հանձնել դատապարտյալներին: Նշված ապօրինի գործողության համար դատապարտյալներն իրենց կանանց միջոցով ՔԿՀ պաշտոնատար անձի տրամադրած բանկային հաշվեհամարին պարբերաբար, որպես կաշառք, փոխանցել են տարբեր չափերի, ընդհանուր՝ 2.827.800գումար:

Ընդ որում՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ վերը նշված կաշառքի գումարից 60.000 ՀՀ դրամը Հ. Խ.-ն ստացել է խմբի կազմում՝ նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի մասնագետ Ա. Գ.-ի հետ միասին: Հ. Խ.-ն վերջինիս խնդրել է ապահովել իր անխոչընդոտ անցումը քրեակատարողական հիմնարկի հատուկ պահպանման գոտի՝ արգելված իրեր անցկացնելու համար, որի համար 60.000 ՀՀ դրամը որպես կաշառք փոխանցել է Ա. Գ.-ի բանկային քարտին: 2022 թվականի մայիսի 7-ին դատապարտյալներից մեկին արգելված իր հանդիսացող հեռահաղորդակցության կապի միջոցների նոր խմբաքանակը (14 բջջային հեռախոս) փոխանցելու համար Հ. Խ.-ն,հերթական՝ 300.000 ՀՀ դրամ կաշառք ստանալու առաջարկն ընդունելուց հետո, դրանք կրկին փոխադրել է «Նուբարաշեն» ՔԿՀ, սակայն հսկիչ-անցագրային կետով անցկացնելիս բռնվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից։

Խոշոր չափերով կաշառք ստանալու համար Հ. Խ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով, Ա. Գ.-ին՝ 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով, ՔԿՀ պաշտոնատար անձանց կաշառք տալու համար դատապարտյալներ Ռ. Ե.-ին եւ Վ. Հ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով: Կաշառք տալուն օժանդակելու համար մեղադրանք է ներկայացվել նաեւ դատապարտյալների կանանց:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին, ում կողմից այն հաստատվել եւ ուղարկվել է դատարան:

 

 

 

 

ՊԱՇԱՐՆԵՐԸ ՍՊԱՌՎՈՒՄ ԵՆ

Սոթքի ոսկու հանքավայրի բաց տարածքում աշխատանքների ավարտը նախատեսվում էր դեռ անցյալ տարվա աշնան վերջին։ Սակայն Կառավարության հետ բանակցություններից հետո աշխատանքները շարունակվեցին։ Այս մասին Ազգային ժողովում մայիսի 12-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Հովհաննես Հարությունյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավորների հարցերին։

Աշխատակիցների զգալի մասին, նրա խոսքով, նախատեսվում էր պահել մինչեւ այս տարվա ամառ։ Դրանից հետո նրանք պետք է կրճատվեին։ «Այսինքն՝ կառավարության միջամտության եւ տեղի ունեցած բանակցությունների շնորհիվ աշխատակիցների աշխատանքի ժամկետը երկարաձգվեց եւս 5-6 ամսով։ Այսինքն՝ նրանց շարունակում են աշխատավարձ վճարել, թեկուզ հարկադիր պարապուրդի տեսքով»,- պարզաբանեց Հարությունյանը։

Հանքավայրը շահագործող «GeoProMining Gold»-ը սկսել է վերամշակման հաջորդ՝ փակ փուլը։ Այսինքն՝ փոխնախարարի խոսքով, նախագծում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ, որոնք, այսպես թե այնպես, պետք է հանգեցնեին աշխատողների թվի կրճատմանը։ Սակայն նա ձեռնպահ մնաց կոնկրետ թվեր ներկայացնելուց։

Հարությունյանը վստահեցրեց նաեւ, որ հակառակորդի կողմից շփման գծում պարբերական հրետակոծությունները չեն խանգարում դաշտի «փակ» շահագործման գործընթացին։ Ավելին, հանքի բաց տարածքում աշխատանքները կավարտվեն մեկ ամսից՝ այնտեղ առկա ռեսուրսների լրիվ սպառման պատճառով։

 

 

 

 

ՓԱՇԻՆՅԱՆԻ ԳՈՎԱԶԴԱԾ  ԾՐԱԳԻՐԸ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 29-ին Նոյեմբերյան համայնքի  սահմանամերփ Դովեղ գյուղում   Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի ներկայությամբ հայտարարեց, որ գյություն ունի  սահմանամերձ  գյուղերում վարկային ծրագրով երիտասարդ ընտանիքների համար  տուն կառուցելու ծրագիր,որի դեպքում մինչեւ 16 միլիոն դրամ վարկ վերցնելու դեպքում պետությունը փոխհատուցում է վարկի  մայր գումարը եւ  տոկոսները։

Նիկոլ Փաշինյանը նաեւ հարցրեց, թե գյուղացիները  տեղյա՞կ են այդ ծրագրից։   Տավուշի մարզպետին տեղեկատվական հարցում ուղարկեց «Ժողովուրդ» օրաթերթը, հարցնելով, թե այդ ծրագրից մինչ այժմ  Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի քանի՞ երիտասարդ ընտանիք  է օգտվել այդ ծրագրից, մարզի ո՞ր գյուղերում են այդ ծրագրով  տներ կառուցվում։ Մարզպետարանից ստացված պատասխանում  նշված է.  «Ըստ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվության, սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցությամ ծրագրով» (ՀՀ կառավարության 09.07 2022թ. թիվ 842-Լ որոշմամբ սահմանված կարգով) Տավուշի մարզից հաստատվել  եւ իրականացման ընթացքի մեջ է  3 ծրագիր, 1-ը՝ Իջեւան համայնքի Բերքաբեր գյուղում, 1-ը՝ Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան գյուղում, 1-ը՝ Բերդ համայքի Արծվաբերդ գյուղում։

 

 

 

 

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Տավուշի մարզպետարանից ստացված տեղեկատվության համաձայն՝ 2023 թվականին նախատեսվում է պետական բյուջեից հատկացվելիք ընդհանուր 2,5 միլիոն դրամով  իրականացնել մշակութային 4 միջոցառում։ Ընթացիկ տարում Տավուշի մարզպետի աշխատակազմի կողմից իրականացված եւ իրականացվելիք միջոցառումները հետեւյալներն են՝ տարվա առաջին եռամսյակում  իրականացվել  է «Թատրոնի օր» միջոցառումը,  տարվա երրորդ եռամսյակում նախատեսվում է իրականացնել «Վարդավառ»  զանգվածային միջոցառումը եւ երիտասարդ նկարիչների  ցուցահանդես-փառատոնը, տարվա 4-րդ եռամսյակում նախատեսվում է  իրականացնել ազգային նվագարանների փառատոն։ Մարզպետարանից հայտնել են, որ այդ միջոցառումներն իրականացնելու են ՀՀ կառավարության 2022թ. դեկտեմբերի 29-ի N211-Ն որոշմամբ հաստատված կազմակերպությունները։

Այդ որոշմամբ Տավուշի մարզում մշակութային միջոցառումները  կիրականացնեն ոչ թե սահմանամերձ  Տավուշի մարզում գործունեություն իրականացնող կազմակերպությունները, այլ ուրիշ  տարածքներում գործող հիմնարկներ,  որոնց ցանկը կառավարության այդ  որոշման հավելվածում համացանցում  հասանելի չէ։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս