Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Զարթոնք գյուղում ներկա է գտնվել տեղի նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։
«Այն կառուցվել է սուբվենցիոն ծրագրի շրջանակում, որի համար ներդրվել է 163 մլն դրամ: Միջոցների կեսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, մյուս մասը՝ համայնքը: Մանկապարտեզը նախատեսված է 80 երեխայի համար: 2004 թվականից ի վեր գյուղում մանկապարտեզ չի գործել: Դիմելով ներկաներին՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ կշարունակվեն մանկապարտեզի բակի բարեկարգման աշխատանքները:
«Այսինքն՝ մայրուղուց մինչև գյուղ կունենանք բարեկարգ ճանապարհ: Գյուղի ներսի ճանապարհը բավականին լավն է, մանկապարտեզի հարցը լուծված է, լուծված են դպրոցի հարցերը, և մեզ մնում է, որ մեր երեխաները սովորեն, մեր երեխաները նորանոր հմտություններ ձեռք բերեն և ամենակարևորը՝ պատրաստվեն լինել Հայաստանի Հանրապետության հպարտ և արժանապատիվ քաղաքացի, որն ապրում է խաղաղ միջավայրում և որը սեփական քաղաքացիների համար երջանկություն և բարեկացություն կառուցելու առաջնային միջոցներ է ստեղծում:
Շնորհակալություն եմ հայտնում կատարված աշխատանքի համար, բայց ինչպես ասվեց՝ ամենամեծ աշխատանքը դեռ առջևում է: Իմիջայլոց, ասեմ՝ ճանապարհին բավականին շատ անմշակ հողեր տեսա, պետք է նաև դրա պատճառները հասկանանք:
Արարատյան դաշտում անմշակ հողը շատ զարմանալի տեսարան է, բայց ենթադրում եմ դրա համար կան պատճառներ: Մենք պետք է այդ պատճառների մեջ խորամուխ լինենք, որպեսզի ամեն մի քառակուսի մետրից կարողանանք ստանալ բերք, բարիք, որովհետև դրանից է կախված մեր երկրի նկատմամբ տիրոջ զգացումը:
Կրկին շնորհավոր Հանրապետության օրը և շնորհավոր մանկապարտեզի բացման օրը»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել մանկապարտեզով, ծանոթացել իրականացված աշխատանքներին: Վարչապետը Զարթոնք գյուղում նաև հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին»,- նշված է հաղորդարագրությունում։