Նախօրեին համացանցում աղմկահարույց տեսանյութ տարածվեց, որտեղ երեւում է՝ ինչպես են Ծիծեռնակաբերդի այգում՝ Հայոց Ցեղասպանության թանգարանի մոտ, արկղերով մեծ քանակությամբ տարբեր թղթեր այրում:
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամն ավելի ուշ պարզաբանում էր տարածել, թե համացանցում տարածված տեսանյութում երևացող արկղերում առկա թղթերը ՀՑԹԻ-ի տարբեր տարիներին կազմակերպած ցուցադրությունների, գիտաժողովների, դասախոսությունների աշխատանքային կրկնօրինակների սևագրերն են:
Armlur.am-ն այսօր առավոտից եղել է դեպքի վայրում` պարզելու, թե ի վերջո ինչ է կատարվել Ցեղասպանության թանգարանի բակում, ի՞նչ թղթեր են այրվել և ո՞րն է եղել նպատակը: Մի քանի ժամ տարածքում շրջելուց ընթացում, այնտեղ բացի անվտանգության աշխատակիցներից, որևէ մեկին գտնել չհաջողվեց, իսկ թանգարան-ինստիտուտը փակ էր, չէին աշխատում:
Նշենք նաև, որ թանգարանի ղեկավարի հետ կապ հաստատել առհասարակ չի հաջողվում, կառույցի տնօրեն Հարություն Մարությանը նույնիսկ հեռախոսազանգերին չի պատասխանում:
Հիշեցնենք, որ Հարություն Մարությանը կառույցի տնօրեն է ընտրվել 2018 թվականի սեպտեմբերի 14-ին, որից առաջ կառույցը ղեկավարել է Հայկ Դեմոյանը: Մարությանի ընտրվելուց ամիսներ առաջ վեճ էր ծագել թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի և ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի միջև, որից հետո լրագրողների հետ զրուցում, ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ասել էր, որ դեռևս 2017 թվականի դեկտեմբեր ամսին որոշում է կայացվել՝ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ-ը հիմնադրամ դարձնելու մասին: Նշանակվել էր նաև հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար, որը պետք է ղեկավարեր թանգարան-ինստիտուտը՝ մինչև նոր տնօրենի ընտրությունները:
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հովանավորությամբ տնօրեն նշանակված Հարություն Մարությանի ղեկավարության տակ գտնվող կառույցում՝ աշխարհի տարբեր ծայրերից ցեղասպանության մասին վկայող թղթերը տարիներով թանգարանում որպես փաստ պահվելուց հետո, հիմա մի քանի րոպեում այրվում են:
Միջադեպի վերաբերյալ ArmLur.am-ին ահազանգել էր մի քաղաքացի, ով պատմեց, որ թղթերը այվել են հենց թանգարանի բակում: Թանգարանի աշխատակիցներն իրենք են արկղերով թղթերը դուրս հանել, իսկ դրանք վառելն իրականացնում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ում:
Սակայն «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արթուր Աղաբեկյանը ասաց, որ իրենց աշխատակիցները որևէ կապ չունեն դեպքի հետ: Փաստ է մի բան, որ թանգարանը բարձիթողի վիճակում է ու բոլորն անում են այն ինչ ցանկանում են:
Մաշա Մելքոնյան