ԵՐՎԱՆԴԱՇԱՏ ՔԱՂԱՔԱՏԵՂԻԻ ՊԵՂՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԳՄՍ նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցներն այցելել են ՀՀ Արմավիրի մարզի Երվանդաշատ բնակատեղի եւ Սուրբ Շուշանավանք եկեղեցի:

 

Հին Երվանդաշատը գտնվում է Հայաստանի եւ Թուրքիայի սահմանագոտում: Խորհրդային տարիներին այդ տեղանքներում հնագիտական ուսումնասիրություններ չեն կատարվել, եւ միայն կարճատեւ այցերի եւ աղբյուրագիտական տվյալների հիման վրա է որոշվել պատմական Երվանդաշատի տեղը։ Հնագիտական եւ հետախուզական պեղումներ Երվանդաշատ եւ Բագարան գյուղերի տարածքներում իրականացվել են 2005-2012 թթ. ՀՀ ԳԱԱ  կողմից՝ Ֆելիքս Տեր-Մարտիրոսովի ղեկավարությամբ։ Հիմնական պեղվող հուշարձանը եղել է Երվանդ արքայի հիմնադրած որսորդական պալատը։

Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցներն այցի ընթացքում ծանոթացել են սահմանամերձ Երվանդաշատ քաղաքատեղիի ներկա վիճակին, ուսումանասիրել պահպանված ավերակները եւ դիտարկել հետագա պեղումների հնարավորությունը: Սահմանամերձ փակ գոտում գտնվելը նպաստել է հուշարձանի պահպանմանը: Ըստ դիտարկման արդյունքների՝ առկա են կացարանների պատերը, սենյակները եւ կարասները: Պեղումներից հետո կարասային սրահների ոչ բավարար ամրակայման հետեւանքով դրանք հայտնվել են ոչ պատշաճ վիճակում: Խնդիրներին լուծում տալու նպատակով առաջիկայում միջոցներ կձեռնարկվեն:

Հաջորդ հուշարձանը ՀՀ Արմավիրի մարզի Բագարան գյուղի մոտ գտնվող Սուրբ Շուշանավանք եկեղեցին էր, որը թվագրվում է 10-րդ դարասկզբով` կառուցված Աշոտ Բագրատունու օրոք: Վեցախորան եկեղեցու հարավարեւմտյան խորանին կցված կառույցներից պահպանվել են քառախորան եկեղեցու արեւմտյան եւ հյուսիսային խորանների միացման հանգույցը եւ վեցխորան եկեղեցու հարավային պատին կցված հինգ աստիճաններով գաղտնուղու թաղի հյուսիսային հատվածը։ Եկեղեցու գլխավոր` արեւմտյան կամարակապ մուտքն այժմ փակված է կոպտատաշ շարվածքով։ Թե՛ արեւմտյան եւ թե՛ հարավարեւմտյան մուտքերի ձախակողմյան մասում պահպանվել են կամարակապ շքամուտքի որմնասյուները։

Մասնագիտական խումբը դիտարկել է եկեղեցու վերականգնման հնարավորությունը՝ հաշվի առնելով տեղադիրքը (այն նույնպես գտնվում է սահմանամերձ փակ գոտում), մոտեցման ճանապարհը, տեխնիկայի համար տարածքի հասանելիությունը:

Առաջիկայում կկազմվի Շուշանավանքի ամրակայման, նորոգման եւ վերականգնման տեխնիկական բնութագիրը, որից հետո կհայտարարվի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման մրցույթը:

 




Լրահոս