ՆԳՆ ոստիկանությունը մանրամասներ է հայտնել հունիսի 3-ի գիշերը Փարաքարում տեղի ունեցած դանակահարության մասին:
Տարածած հաղորդագրության մեջ ասված է.
«Հունիսի 3-ի գիշերը ոստիկանության Վաղարշապատի բաժին հիվանդանոցից հաղորդում ստացվեց: Հայտնել են, որ ժամը 1-ին մոտ կտրած-ծակած թափանցող վերքերով բուժօգնության է տեղափոխվել Փարաքար գյուղի 23-ամյա մի բնակիչ:
Բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումներն արագ արդյունք են տվել: Պարզվել է, որ կեսգիշերին մոտ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Մարտի 8-ի փողոցում վիճաբանել են տուժածն ու նրա 22-ամյա համագյուղացին, վեճը վերաճել էր ծեծկռտուքի, ինչի ընթացքում էլ 22-ամյա երիտասարդը դանակով հարվածներ էր հասցրել:
Գիշերվա ժամը 3-ին նա հայտնաբերվել, ձերբակալվել ու ներկայացվել է Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ էլ տվել է խոստովանական բացատրություն:
Դատարանի հունիսի 5-ի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: