ԱՐՑԱԽՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ ՊԱՀԵԼԸ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 22-ի ասուլիսի ընթացքում հնչեցրած մտքերին եւ Արցախում ստեղծված ներքաղաքական իրավիճակին։ Ներկայացնենք ուղերձի մի քանի գլխավոր կետերը.

 

«Արդեն 163 օր շարունակ Արցախը ապրում է խորացող ադրբեջանական հանցավոր շրջափակման պայմաններում: Մեր շուրջը տեղի են ունենում բովանդակային առումով անընդհատ փոփոխվող իրադարձություններ, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն իրենց ազդեցությունն են թողնում տարածաշրջանի եւ, մասնավորապես, Արցախի Հանրապետության եւ մեր ժողովրդի վրա: Չնայած ստեղծված իրավիճակին ու օրեցօր ահագնացող մարտահրավերներին՝ Արցախի ժողովուրդը մաքառում է իր սեփական հողում իր հավաքական իրավունքների ու ազատությունների համար՝ շարունակելով նախնիների սուրբ գործը…

Արտաքին քաղաքական եւ անվտանգային ուղղություններում այժմ առկա են մի շարք գործոններ, որոնք ուղղակիորեն ազդում են Արցախի ժողովրդի ներկայի ու ապագայի վրա: Կուզեի դրանցից առանձնացնել հետեւյալները՝

գ Արցախի ավելի քան հնգամսյա շրջափակումը՝ փուլ առ փուլ ահագնացող հումանիտար ու քաղաքական մարտահրավերներով եւ անվտանգային սպառնալիքներով,

գ Արցախի կենսական նշանակության ենթակառուցվածքների շարունակական խափանման հետեւանքով հումանիտար վիճակի վատթարացումը եւ ռիսկերի մեծացումը,

գ Ադրբեջանի կողմից Արցախի հանդեպ ռազմական նոր ագրեսիայի ռիսկի շարունակական աճը եւ էթնիկ զտման իրականացման անթաքույց նկրտումները,

գ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված՝ Արցախի ժողովրդի անվտանգության ռուսական երաշխիքների լրջագույն ճեղքումը,

գ ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված՝ տարածաշրջանում աշխարհաքաղաքական լարվածության եւ Ադրբեջանի ագրեսիվության աճը,

գ միջազգային իրավակարգի շարունակական թուլացումը եւ միջազգային հանրության ձախողումը Արցախի ժողովրդի անվտանգության ու հիմնարար իրավունքների ապահովման, ինչպես նաեւ միջազգային դատարանների որոշումների կատարման հարցում,

գ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի դիրքերի շարունակական թուլացումը եւ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուն ուղղված քայլերը:

Հաշվի առնելով վերոնշյալ եւ այլ էական գործոնները՝ դիմում եմ՝

գ Արցախի իմ հայրենակիցներին՝ չվհատվել եւ պատրաստ լինել պայքարի շարունակությանը՝ մի կողմ թողնելով ներքին տարաձայնությունները եւ մեկ բռունցքի պես վճռական կերպով ծառայել նույն նպատակին՝ Արցախի ամրացմանն ու զարգացմանը: Ուրախ եմ, որ այդ հարցում Արցախում առկա է լրիվ միասնական մոտեցում: Այդ առումով, ողջունելով Արցախի Հանրապետության Ազգային ժողովի երեկվա հայտարարությունը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված մտքերի վերաբերյալ, ընդգծում եմ, որ մեզ համար անընդունելի է Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը, մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը եւ դրա իրացման փաստն անտեսող ցանկացած հայտարարություն եւ փաստաթուղթ։ Արցախը չի եղել եւ չի լինելու Ադրբեջանի կազմում, քանի որ դա է մեր ժողովրդի կամքը, որն ունի բավարար վճռականություն՝ իր իրավունքների ու շահերի համար պայքարելու: Վստահ եմ, որ պայքարողը միայնակ չի մնում, եւ ոչ միայն համայն հայությունն է շարունակելու սատարել մեր պայքարին, այլեւ միջազգային դաշտում նույնպես կգտնվեն արժեքահեն աջակիցներ: Այո՛, իրավիճակը ծանր է, բայց ոչ անելանելի, եւ Արցախի իշխանությունները կատարում եւ կատարելու են հնարավոր գործնական քայլերը արտաքին ու ներքին մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ:

գ Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ ձեռնպահ մնալ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու որեւէ գործողությունից ու հայտարարությունից՝ հավատարիմ մնալով ներպետական ու միջազգային փաստաթղթերով ստանձնած պարտավորություններին եւ համազգային իղձերին ու շահերին: Գիտակցելով հետպատերազմյան ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության խոցելի վիճակը՝ մենք ըմբռնումով ենք մոտեցել տարբեր զարգացումների եւ գիտակցաբար կրել ու կրում ենք բազմաթիվ զրկանքներ՝ չեզոքացնելու համար մեզ ճնշելու միջոցով Հայաստանի Հանրապետությանը զիջումներ պարտադրելու բոլոր փորձերը: Սակայն կան հստակ սկզբունքներ ու կարմիր գծեր, որոնց խախտումներն անընդունելի եւ անթույլատրելի ենք համարում, եւ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելն այդ կարմիր գծերից է, որը, վստահ ենք, համայն հայության գերակշիռ մասի համար մնում է այդպիսին: Արցախին առնչվող գործողություններում ու դիրքորոշումներում Հայաստանի Հանրապետության համար գլխավոր ուղենիշը պետք է լինի Արցախի ժողովրդի կամարտահայտությունը, որն աներկբա կերպով դրսեւորվել է անկախության եւ սահմանադրական հանրաքվեներով՝ Հայաստանի Հանրապետության եւ ողջ հայ ժողովրդի անվերապահ սատարմամբ: Իսկ Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորումը չի կարող տեղի ունենալ ադրբեջանաղարաբաղյան հակամարտությունից լրիվ անջատ տրամաբանությամբ եւ Արցախի ժողովրդի կենսական իրավունքների ու շահերի հաշվին, որոնք, ի դեպ, կազմում են համայն հայ ազգի կենսական իրավունքների ու շահերի անբաժանելի ու կարեւոր մասը»:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ԿՀԱՆԴԻՊԵՆ ԱՅՍՕՐ

Այսօր Մոսկվայում տեղի կունենա Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը. այդ մասին հայտնել է ՌԴ  նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Հինգշաբթի այստեղ կլինեն եւ՛ նախագահ Ալիեւը, եւ՛ վարչապետ Փաշինյանը: Մենք ակնկալում ենք, որ շփումներ կլինեն մեր նախագահի հետ, այս շփումների նախապատրաստական աշխատանքներն ընթանում են: Թե որքանով արդյունավետ կլինի, ժամանակը ցույց կտա»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Հավելենք, որ ավելի վաղ Մոսկվայում տեղի են ունեցել եռակողմ բանակցություններ՝ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ։

 

 

 

 

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՌԵԱԿՏՈՐՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ

ԱՄՆ-ն դիտարկում է Հայաստանում փոքր մոդուլային միջուկային ռեակտորների կառուցման հնարավորությունը: Խոսքը Հայաստանի եւ Եվրասիայի այլ երկրների մասին է: Այս մասին հայտարարել է ԱՄՆ կառավարության Եվրոպայի եւ Եվրասիայի աջակցության ծրագրի համակարգող Մարիա Լոնգին. փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Դրանք կարող են հանգեցնել ավելի մեծ էներգետիկ անկախության ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Չինաստանից»,-  ասել է նա:

 

 

 

 

ԳՈՐԾՈՒՂՈՒՄ

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հունիսի 1-3 կգործուղվեն Փարիզ: Պատգամավորը Փարիզում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի պատվիրակությունների ղեկավարների համաժողովի աշխատանքներին:

Պատգամավորի գործուղման հետ կապված ծախսերը` ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը, կկատարվեն ՀՀ պետբյուջեի հաշվին:

 

 

 

 

ԱՄՆ-Ն ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ԿԳՆԱ

ԱՄՆ Պետդեպը մտադրություն ունի մինչեւ վերջ տանել Հայաստան-Ադրբեջան բանակցություններում մինչ այժմ արձանագրված առաջընթացը:

Եվրոպայի եւ Եվրազիայի հարցերով ԱՄն պետքարտուղարի առաջին տեղակալ Դերեկ Հոգանը, ելույթ ունենալով Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովում, նախանշել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններում հետագա անելիքները։ Նրա խոսքերով՝ մայիսի սկզբին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ընդունել էր Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին, որպեսզի քննարկեն մի շարք վիճելի հարցեր, որոնց թվում են եղել նաեւ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի անվտանգության հարցը:

«Հանդիպման ժամանակ ինտենսիվ դիվանագիտական փոխհարաբերություններ են եղել երկու կողմերի միջեւ: Մենք մի շարք առաջարկներ ենք առաջ քաշել, որոնք թույլ են տալիս վերացնել տարաձայնությունները: Նրանք դա վերցրել են դիտարկման»,- ասել է Հոգանը:

Նա նաեւ հավելել է, որ Քիշինեւում հունիսի 1-ին սպասվող հանդիպման ժամանակ կենտրոնանալու են այն հանգամանքի վրա, թե ինչ է պետք անել, որ գործն ավարտին հասցնի:

«Մեզ երկար ճանապարհ է սպասվում»,- ասել է դիվանագետը:

 

 

 

 

ՓԱՇԻՆՅԱՆԸ «ԼՈՒԾԱՐԵ՞Լ Է» ԼՂԻՄ-Ը

Եթե Նիկոլ Փաշինյանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, նշանակում է երբեմնի հզոր, անկախ եւ անվտանգ Արցախի Հանրապետությունը մեխանիկորեն վերածվում է տերիտորիայի, ինչպիսին է, օրինակ, Բաքվի որեւէ թաղամասը կամ Կուբաթլուն, քանի որ ԼՂԻՄ Ադրբեջանում պաշտոնապես գոյություն չունի (26 նոյեմբեր 1991թ Ադրբեջանի գերագույն խորհրդի որոշում)։ Ավելին՝ Արցախի տեղանունները մեխանիկորեն դառնում են ադրբեջանական։

Մայր Հայաստանը նաեւ պետք է անհապաղ խզի դիվանագիտական հարաբերությունները ԼՂՀ հետ` օրենքից դուրս հայտարարելով ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունը։

Իր հերթին Ադրբեջանը, ճանաչելով հանդերձ ՀՀ-ի 29.8 հազար քառակուսի կիլոմետրը, կանցնի տնտեսական պահանջներին եւ ոչ մի միջազգային, առավել եւս՝ Լոնդոնի արբիտրաժային դատարան չի մերժի Ադրբեջանի հայցերը, քանզի ՀՀ-ն ինքն է իրեն ճանաչում ագրեսոր` Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս։

 

 




Լրահոս