ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է 500ՄԼՆ ԴՐԱՄԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում «Նոր Զովք» ՍՊ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ս.Ս-ն, հանդիսանալով շինանյութի մանրամեծածախ վաճառքով զբաղվող «ԱՎԱՄ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության գործադիր տնօրենը, ծրագրային ապահովման ոլորտում գործունեություն իրականացնող «ԱԿԹՐԵՅԴ-ՍՈՖԹ» ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր Վ.Ս.-ի օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով 2016 թվականի ապրիլ ամսից 2023 թվականի փետրվար ամիսը ներառյալ թաքցրել է «ԱՎԱՄ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության հարկման օբյեկտը եւ հարկային հաշվարկներում մտցրել է խեղաթյուրված տվյալներ։

 

Մասնավորապես, «ԱՎԱՄ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության կողմից մատակարարված ապրանքների ծավալները, վաճառքից առաջացած եկամուտները թաքցնելու եւ միաժամանակ իրական շրջանառությունը վերահսկելու համար Ս.Ս.-ն ներգրավել է Վ.Ս-ին, որը վճարի դիմաց հանցանքի կատարման համար տրամադրել է գործիքներ ու միջոցներ եւ վերացրել է խոչընդոտներ, այն է՝ «ԱՎԱՄ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերությունում ներդրել է «1C» առեւտրային ծրագիրը, որը համակցել է էլեկտրոնային սերվերային համակարգին եւ սերվերային համակարգն ու դրա պարունակած՝ «ԱՎԱՄ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության եւ այլ կազմակերպությունների իրական շրջանառությունների վերաբերյալ տվյալները թաքցրել է իր հաշվառման հասցեի նկուղում։

Հարկ է նշել, որ նույն սերվերային համակարգից հայտնաբերվել էին նաեւ «Նոր Զովք» ՍՊ ընկերության կողմից թաքցրած շրջանառության վերաբերյալ տվյալները։

Այդկերպ «ԱՎԱՄ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության տնօրեն Ս.Ս.-ն, տիրապետելով ընկերության կողմից իրացված ապրանքների իրական շրջանառությանը, որը 2016թ. ապրիլ ամսից 2023թ. փետրվարի 20-ը ներառյալ կազմել է 7.613.869.637 ՀՀ դրամ, Վ.Ս.-ի օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով ավելացված արժեքի հարկը եւ շահութահարկը չվճարելու նպատակով թաքցրել է ընկերության կողմից հիշյալ ժամանակահատվածում իրականացված հարկվող գործարքների մի մասը, նույն հաշվետու ժամանակաշրջանների համար հարկային մարմին ներկայացված հաշվարկային փաստաթղթերով ցույց է տվել 3.437.911.927 ՀՀ դրամ շրջանառություն՝ չհայտարարագրելով 4.175.957.710 ՀՀ դրամ շրջանառությունը, եւ 2016թ. ապրիլ ամսից 2023թ. փետրվար ամիսների ավելացված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի միասնական, 2019-2021 թթ. շահութահարկի տարեկան հաշվարկներում մտցրել է խեղաթյուրված տվյալներ։

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին՝ «Ավամ Գրուպ» ՍՊ ընկերության տնօրեն Ս.Ս.-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 286-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, ընկերության նախկին տնօրեն Վ.Ա.-ի, գլխավոր հաշվապահներ Մ.Խ.-ի եւ Ս.Մ.-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, իսկ Վ.Ս.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 46-290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որոնք բավարարվել են, եւ վերջիններիս ներկայացվել է մեղադրանք։

Նախաքննության ընթացքում «Ավամ Գրուպ» ՍՊԸ տնօրեն Ս.Ս.-ն պետական բյուջե է վերականգնել շրջանառությունը թաքցնելու արդյունքում չվճարված գումարից 500.000.000 ՀՀ դրամ հարկային պարտավորությունները։

Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված բացակայելու արգելքը։

Նախաքննությունը շարունակվում է։

 

 

 

 

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ԱԶԳԱԿԱՆԸ

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական եւ վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Աշտարակ քաղաքի 56-ամյա բնակչուհու սպանության մի շարք հանգամանքներ. ենթադրյալ հանցագործությունը կատարած անձը կալանավորվել է:

 

2023 թվականի մայիսի 19-ին՝ ժամը 17։10-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում գտնվող շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տանտիրուհու դին՝ պարանոցի ձախ կողմի քնային զարկերակի շրջանում կտրած վերքով։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված քննչական գործողությունների, ինչպես նաեւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, որը տուժողի ազգականն է՝ ծնված 1982թ.:

2023 թվականի մայիսի 19-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, վերջինս այցելել է բարեկամուհու՝ Աշտարակ համայնքի Տիգրան Մեծի փողոցում գտնվող բնակարան, որի հյուրասենյակում վերջինիս առանձին դաժանությամբ ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ նախաքննությամբ դեռեւս չպարզված գործիքով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:

40-ամյա տղամարդը մայիսի 20-ին հայտնաբերվել է Երեւան քաղաքի Երվանդ Քոչար փողոցում գտնվող հյուրանոցային համալիրում եւ ձերբակալվել՝ սպանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով։

Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, եւ նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է, եւ մեղադրյալը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են համապատասխան միջոցներ՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ:

 

 

 

 

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԵՐԿՐՈՐԴ ՄԵՂԱԴՐՅԱԼԸ

Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ իրավապահները 1 տարի անց Ապարանի կրակոցների գործով գտել են երկրորդ հրազենից կրակոցներ արձակած Անդրանիկ Ավագյանին: Նշենք, որ նա չի ընդունում մեղադրանքը եւ հայտնել է, որ նա դեպքի օրը վերոնշյալ տարածքում չի եղել:

Ի դեպ, հայտնել ենք, որ գործով հարցաքննվել էր ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի եղբայրը՝ Մնացական Ասատրյանը, որն առավել հայտնի է Գռզո մականունով:

«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում էր հայտնվել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի եղբոր ցուցմունքը, թե նա ինչ է պատմել իրավապահներին ողբերգական կրակոցների գործով:

Մասնավորապես, նա իր ցուցմունքում հայտնել է, որ կրակոցների օրը՝ 2022 թվականի հունիսի 19-ի առավոտվանից, տանն է եղել, զբաղվել է տան գործերով:

Կեսօրին (հստակ ժամը չի հիշում) իր տուն եկան Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանը եւ Ապարանի գնդի հրամանատար, իր իմանալով՝ ներկայումս ՊՆ նախարարի խորհրդական Ռազմիկ Պետրոսյանը։ Նրանք Ռազմիկ Պետրոսյանի ՊՆ համարանիշներով «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայով էին եկել: Նստած տանը դեսից դենից՝ կենցաղային թեմաներով են զրուցել, հաց կերել։ Էդգարը իր ընտանիքի հետ մտերիմ փոխհարաբերությունների մեջ է, Ռազմիկը՝ նույնպես։ Հստակ ժամը չի հիշում, իրեն զանգահարեց…»:

Հիշեցնենք, որ նախորդ տարի՝ հունիսի 19-ին հնչած կրակոցների հետեւանքով սպանվել էր 3 անձ՝ 27-ամյա պայմանագրային զինծառայող Հմայակ Միքայելյանը, Տիգրան Հարությունյանը, որն Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանի հարազատներից էր, աշխատում էր «Գնթունիք» սուպերմարկետում, եւ Սամվել Սանդրոյանը:

Դեպքից հետո անմիջապես լուրեր տարածվեցին, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայհոյելու համար վիճաբանություն է սկսվել մի խումբ երիտասարդների եւ ՔՊ-ական պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի ու Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հարազատների միջեւ:

Ըստ այդ լուրերի՝ վիճաբանության ընթացքում ՔՊ-ական պատգամավորների հարազատները ավտոմատներով կրակել են Փաշինյանին հայհոյած երիտասարդների վրա: Գործով կալանավորված է մեկ անձ՝ Արմեն Հովհաննիսյանը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 




Լրահոս