Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ եթե հերթական ընտրություններին, օրինակ, 200 օր է մնացել, ուրեմն արտահերթ ընտրություններ անցկացնելու նույնքան հնարավորություն կա:
-Վերջին հանրահավաքում Լ.Տեր-Պետրոսյանը թափանցիկ ակնարկներ արեց հերթական խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու վերաբերյալ, մինչդեռ տարիներ շարունակ Կոնգրեսը մշտապես հայտարարում էր արտահերթի մասին: Ո՞ւր մնացին Կոնգրեսի խոստումները, կարելի է ենթադրել, որ ընդդիմությունը ձեռք է քաշել արտահերթի հասնելու մտադրությունից:
-Հայ ազգային կոնգրեսն ասել ու այսօր էլ ասում է, որ անելու է առավելագույնն արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների հասնելու համար: Այս դիրքորոշումը չի փոխվել, ու եթե, օրինակ, ԱԺ հերթական ընտրությունները նախատեսվում է անցկացնել մայիսին, ու եթե դրան 200 օր է մնացել, ուրեմն կա ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու նույնքան հնարավորություն, որովհետեւ քաղաքական իրավիճակը մեկ օրում կարող է փոփոխվել: Ամեն նոր օրն արտահերթ ընտրությունների հասնելու նոր շանս է, եւ Կոնգրեսի գործունեությունն ուղղված է այդ շանսը մեծացնելուն: Եւ եթե Կոնգրեսի ասելիքի մեջ փոփոխություն պիտի նշմարենք, փոփոխությունը վերաբերում է ընդամենը մեկ բանի. իշխանության հետ երկխոսության գործընթացը դադարեցված է, եւ Կոնգրեսն իր առաջ խնդիր ունի օր առաջ, ժամ առաջ իրագործել «Սերժի՛կ, հեռացի՛ր» կարգախոսը: Եթե նախորդ օրվա ընթացքում մեզ չհաջողվեց դա անել, չի նշանակում, թե հաջորդ օրը չենք պայքարելու դրա համար: Մեր առաջիկա խնդիրը «Հայաստանն առանց Սերժ Սարգսյանի» կարգախոսի իրագործումն է, եւ այս նպատակին պետք է ծառայեցնենք քաղաքական պայքարի բոլոր գործիքները: Մենք խնդիր ունենք, որ ՀՀ-ում ԱԺ արտահերթ ընտրություններ տեղի ունենան Ս.Սարգսյանի պաշտոնանկության փաստի պայմաններում: Բայց եթե նույնիսկ մեզ չհաջողվի նրա հրաժարականին հասնել մինչեւ արտահերթ կամ հերթական խորհրդարանական ընտրություններ, ԱԺ հերթական կամ արտահերթ ընտրությունները մեզ հետաքրքրում են այնքանով, որքանով դրանք հնարավոր է ծառայեցնել նրա հեռացման նպատակին: Այս համատեքստում հարկ եմ համարում ընդգծել. Կոնգրեսը երբեք չի ասել, որ պատրաստվում է ԱԺ հերթական ընտրությունների, նաեւ չի ասել, որ այսինչ ամսվա այսինչ օրը տեղի կունենան արտահերթ ընտրություններ: Այլ ասել է, որ առավելագույն ջանքերն է գործադրելու՝ արտահերթ ընտրությունների հասնելու համար: Իմիջիայլոց, Կոնգրեսը երբեք չի ասել, որ չի մասնակցի հերթական ընտրությունների: Մենք պետք է օգտագործենք քաղաքական պայքարի բոլոր գործիքները՝ Ս.Սարգսյանի հեռացմանը հասնելու համար:
-Ուղղակի իշխանությունն այսօր այնքան թույլ չէ, որքան այս տարվա գարնանն էր, եւ ընդդիմությունն այնքան ուժեղ չէ, որքան այդ ժամանակ. տեսակետ կա, որ իշխանությանը հաջողվեց, երկխոսություն սկսելով, ամրապնդել դիրքերը:
-Կարելի է անել ցանկացած եզրահանգում, ես չեմ ուզում դրանց հետ վիճել: Եթե անգամ ելնենք այն իրողությունից, որ ընդդիմությունն այնքան էլ ուժեղ չէ, եզրակացությունս մեկն է. անհրաժեշտ է հավելյալ ջանքեր գործադրել ընդդիմությանն ուժեղացնելու համար: Այսինքն՝ ցանկացած եզրահանգում ես ընկալում եմ որպես գործելու, պայքարելու, ավելի հետեւողական լինելու ազդակ:
-ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն էլ իր այսօրվա ասուլիսում չարախնդում էր, որ իրենք դեռ այն ժամանակ էին ասել՝ արտահերթ ընտրություններ չեն լինելու, իսկ Կոնգրեսը չէր համաձայնում դրան:
-Մարդիկ կան, որ ասում են` էս երկիրը երկիր չի դառնա, էս երկրում օրինականություն երբեք չի լինի, էս երկրում արդարություն երբեք չի լինի, անիմաստ է որեւէ դրական փոփոխության համար պայքարել: Էդ մարդկանցից շատերը կա՛մ օդանավի իլյումինատորից, կա՛մ խոհանոցի պատուհանից չարախնդում են իրենց սկզբունքների, գաղափարների, իդեալների համար պայքարող մարդկանց եւ անընդհատ էլ գլուխ են գովում` ասում էինք չէ՞: Մեր պայքարի նրբությունը դա է. մենք պայքարում ենք ոչ միայն ապօրինի իշխանությունների, այլեւ «չարախնդալով» այդ իշխանություններին թաքուն սատարողների դեմ: Եթե ՀՅԴ-ն այդքան խելոք եւ հեռատես քաղաքական ուժ է, թող չարախնդալուց առաջ ասի, թե ինչու է Նալբանդյան Էդիկը մինչեւ հիմա գործի գնում ԱԳ նախարարի կաբինետում: Այդ ՀՅԴ-ն չէ՞ր, որ պահանջում էր Նալբանդյանի հրաժարականը:
-Եւ այնուամենայնիվ, կլուծվի՞ Ս. Սար-գսյանին հեռացնելու խնդիրը:
-Ինձնից կախված առավելագույնն անելու եմ, որ լուծվի: Իսկ եթե ինչ-որ ժամկետում չստացվի, ավելի մեծ ջանքեր եմ գործադրելու դրան հասնելու համար: Մենք համարում ենք, որ առանց սերժանտական վարչախմբի հեռացման ՀՀ-ում չի լինելու օրինական իշխանություն, իսկ առանց օրինական իշխանության երկիրը չունի ապագա: Օրինական իշխանություն ասելով` նկատի չունեմ Կոնգրեսի իշխանությունը: Ես նկատի ունեմ ժողովրդի կողմից ձեւավորված ցանկացած իշխանություն` անկախ կուսակցական պատկանելությունից: Կոնգրեսի պայքարը ժողովրդի իշխանության համար է, եւ եթե որեւէ մեկը ոչ թե իրեն, այլ ժողովրդին է ուզում տեսնել Հայաստանի բարձրագույն իշխանության դերում, ի՞նչ կա ուրեմն մտածելու. հավաքվում ենք Ազատության հրապարակում եւ լուծում խնդիրը:
«ԻՆՁՆԻՑ ԿԱԽՎԱԾ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆՆ ԱՆԵԼՈՒ ԵՄ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ