Բռնցքամարտի Հայաստանի թիմը երրորդ հաղթանակը տարավ Եվրոպական խաղերում: Լեհաստանի Կրակով քաղաքում անցկացվող բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի երրորդ ներկայացուցիչը մեկնարկեց հաղթանակով։ Համբարձում Հակոբյանը 80 կգ քաշայինների պայքարում 4:1 հաշվով պարտության մատնեց Չեռնոգորիայի ներկայացուցիչ Պիտեր Մարչիչին:
Կարեն Աղամալյանի գլխավորած հավաքականից առաջին մենամարտերում հաղթանակներ են տարել նաեւ Արթուր Բազեյանը եւ Նարեկ Հովհաննիսյանը:
Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Բազեյանը 57 կգ քաշային կարգում 5:0 հաշվով պարտության էր մատնել Չեխիայի ներկայացուցիչ Վլադիմիր Տրակալին:
63,5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը 3:2 հաշվով հաղթել էր Իսրայելի ներկայացուցիչ Ահմադ Շտիվին:
Եվրոպական խաղերում Հայաստանն արդեն նվաճել է երեք մեդալ հրաձգությունից, կարատեից եւ շախմատից: Հրաձգության 10 մետր օդամղիչ ատրճանակ միքս մրցաձեւում Էլմիրա Կարապետյան – Բենիկ Խլղաթյանը զույգը թիմային պայքարում երկրորդ տեղն է զբաղեցրել, նաեւ 581 միավորով գրանցել Եվրոպական խաղերի ռեկորդ:
Կարատեում Անիտա Մակյանը մինչեւ 68 կգ քաշայինների պայքարում դարձել է բրոնզե մեդալակիր: Երկու հաղթանակ տանելուց հետո նա կիսաեզրափակիչում 0:4 հաշվով պարտվել էր Շվեյցարիայի ներկայացուցիչ Ելենա Նորինային:
Շախմատի Հայաստանի թիմը նվաճել է Կրակով քաղաքում անցկացված կայծակնային շախմատի Եվրոպայի զույգ առաջնության չեմպիոնի տիտղոսը: Հայաստանի թիմում էին Շանթ Սարգսյանը և Էլինա Դանիելյանը:
Աթլետիկայի մրցաշարում Հայաստանը երկրորդ եւ երրորդ դիզիոններում ընդգրկված 15 թիմերի մեջ 10-րդն է: Երրորդ դիվիզիոնում տարբեր մրցաձեւերում հաղթանակներ են տարել Լեւոն Աղասյանը՝ եռացատկում, 4×400 մետր խառը (կին, տղամարդ) փոխանցավազքում Հայաստանի թիմը 3։29.99 արդյունքով առաջինն է եղել երկրորդ խմբում՝ 3 վայրկյանով հետ թողնելով Ադրբեջանի թիմին:
sport.news.am