ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանում աշնանը սպասվում են ավագանու ընտրություններ. մինչ հայաստանյան քաղաքական դաշտն ակտիվորեն պատրաստվում է ընտրությունների, իսկ իշխող քաղաքական ուժի թեկնածու Տիգրան Ավինյանն արդեն իսկ սկսել է քարոզարշավը, խորհրդարանական ընդդիմությունը լռում է:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խորհրդարանական ընդդիմությունը հիմնականում դեմ է ընտրություններին մասնակցելուն, բայց հայտարարում են, թե դեռ որոշում չունեն՝ մասնակցելու են ընտրություններին, թե ոչ:

Փոխարենը «Հայաստան» խմբակցությունից Անդրանիկ Թեւանյանը մեծ ցանկություն ունի առաջադրվելու՝ որպես ընդդիմության միասնական թեկնածու: Այս օրերին նա ակտիվորեն հանդիպում է արտախորհրդարանական ուժերի հետ, բանակցում խմբակցության իր թիմակիցների հետ, որպեսզի սատարեն իրեն:

«Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով մեկնաբանություն է վերցրել նաեւ Թեւանյանից՝ հասկանալու՝ վերջնական ինչ որոշում ունի ընտրություններին մասնակցելու մասով. «Մենք նախաձեռնել ենք «Մայր Հայաստան»  շարժումը, բայց շարժման օրակարգում Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու հարց չենք քննարկել. երբ ժամանակը գա, կորոշենք՝ մասնակցում ենք, թե ոչ: Մասնակցությունը բացառապես քաղաքական կարող է լինել։ Կարծում եմ՝ այս պահին վաղաժամ է խոսել ընտրություններին մասնակցելու մասին, քանի որ երկրի առջեւ բազմաթիվ անվտանգային խնդիրներ կան ծառացած»,- ասաց նա:

Պատգամավորից հետաքրքրվեցինք՝ այս օրերին հանդիպումներ ունենում է արդյոք քաղաքական ուժերի հետ, թիմակիցների հետ քննարկել է արդյոք ավագանու ընտրություններին մասնակցելու հարցը. «Մենք հանդիպում ենք բացառապես «Մայր Հայաստան» շարժման շրջանակներում՝ մեր հռչակած նպատակների շուրջ գործողութունների գնալու, համախմբելու եւ կազմակերպչական հարցեր քննարկելու համար: Ընտրություններին մասնակցելու հարց դեռ չենք քննարկել. հազար ու մի անվտանգային հարց կա»,-ասաց նա:

 

 

 

 

ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 26-րդ գերագույն ժողովը երեկվանից մեկնարկել է իր աշխատանքները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՅԴ ժողովի օրակարգում 2 տասնյակից ավելի հարցեր են ընգրկված՝ կուսակցության գործունեության, ռազմավարության հետ կապված մի շարք հարցեր, ինչպես նաեւ կքննարկվեն Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների առջեւ ծառացած մարտահրավերները: Ժողովի ընթացքում ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի նոր կազմ կընտրվի, իսկ արդեն ժողովից հետո ՀՅԴ ԳՄ-ն քվեարկությամբ նոր ներկայացուցիչ կընտրի: ՀՅԴ Գերագույն ժողովը կտեւի մի քանի օր, մինչեւ օրակարգն ամբողջությամբ սպառվի։

 

 

 

 

Կառավարությանը ենթակա բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը փորձ է անում ցույց տալ, թե աշխատում է. սոցիալական ցանցի պաշտոնական էջում հաղորդագրություններ է տարածում, սակայն իրականում այս մարմնում գործառույթներն ամբողջովին չեն կատարվում։ Տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը 2021թ. ապրիլի 22-ին է ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել ՀՀ կառավարությանը ենթակա բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար։  Տեսչական մարմնի գործառույթների մեջ նշված է. «Տեսչական մարմինն իր նպատակն ու խնդիրներն իրականացնելու համար, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով, իրականացնում է վերահսկողական եւ (կամ) օրենքով սահմանված այլ գործառույթներ, այդ թվում՝ կիրառում է պատասխանատվության միջոցներ բնապահպանության եւ ընդերքի ոլորտներում»։ Սակայն պաշտոնական հաղորդագրության մեջ որեւէ հանքավայրի ստուգման մասին տեղեկություն այդպես էլ չենք հանդիպել։ Իրականում պատճառն այն է, որ տեսչական մարմնում անգամ համապատասխան մասնագետներ չկան ծանր հանքարդյունաբերության ստուգումների համար: Նշենք, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է համակարգում տեսչական մարմինների գործառույթը, զբաղվում կադրային հարցերով: Նկատենք՝ Նիկոլ Փաշինյանը երկու տարի առաջ նշում էր. «Ուզենք, թե չուզենք, հանքարդյունաբերությունը շատ էական դեր է խաղում Հայաստանի տնտեսության համար, այդ թվում՝ անվտանգային համատեքստում»։ Եւ այս պայմաններում այս ոլորտը ստուգող մասնագետներ, չկան պետական տեսչական մարմնում:

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռոման Համբարձումյանի օգնական Կորյուն Մխիթարյանի վրա կրակելու դեպքը բավականին խոր արմատներ ունի. միայն այն վարկածը չէ, որ քննում են իրավապահները: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝  Դավիթաշենի թաղապետի օգնական Կորյուն Մխիթարյանն  իր շրջապատի մի քանի մարդկանց հետ կռիվ է արել: Մասնավորապես՝ թաղապետի օգնականը ծեծի է ենթարկել Կոտայքի մարզի մի բնակչի՝ Ս. Ս.-ին՝ կոտրելով նրա ոտքերը: Ու թեեւ իրավապահները քննում են վարկած, թե թաղապետի օգնականը հողակտորում շինարարության համար է կռվի մեջ ընկել, որ կրակել են նրա վրա, այնուամենայնիվ, պարզվում է՝ դրանից առաջ էլ կա նախապատմություն.  «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Ռոման Համբարձումյանի օգնականի վրա ուղղված մայիսի 19-ի կրակոցների գործով իրավապահները իրական կրակողին մինչ օրս չեն գտել եւ որոշել են կալանավորել Կոտայքի բնակիչ Ս. Ս.-ին, որպեսզի իրական կրակողը գա, ներկայանա: Կասկածներ ունեն, որ ոտքերը կոտրած քաղաքացու մտերիմներն են  հաշվեհարդար տեսել թաղապետի օգնականի նկատմամբ: Տեղեկացանք, որ երեկ երկու անձի դարձյալ ձերբակալել են սպանության փորձին իբրեւ օժանդակելու համար, որոնցից մեկը նույնիսկ Երեւանում չի եղել դեպքի օրը։ Մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ իրավապահների մոտ տվյալներ կան՝ միջադեպի օրը Դավիթաշենի թաղապետ Ռոման Համբարձումյանի օգնական Կորյուն Մխիթարյանն է առաջինը  մեքենայից կրակոցներ արձակել, երբ փայտերով հարձակվել են իր մեքենայի վրա։ Ինչ զենքով է կրակել՝ մեզ դեռ չհաջողվեց պարզել: Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 19-ին մի խումբ անձինք, դարանակալելով «Վոլսկվագեն տուարեգ» մակնիշի ավտոմեքենային, որի ղեկին եղել է թաղապետի օգնական Կորյուն Մխիթարյանը, մահակներով վնասել են հիշյալ ավտոմեքենան, իսկ 30-ամյա տղամարդն իր մոտ գտնվող հրազենով կրակել է ավտոմեքենայի ուղղությամբ, որի հետեւանքով թաղապետի օգնականի թիկունքային հատվածում պատճառվել է մարմնական վնասվածք: Ըստ ՀՀ քննչական կոմիտեի հայտնած տեղեկության՝ դեպքին մոտ 2-3 ամիս առաջ նախորդել է հողակտորի հարցի շուրջ 41-ամյա տղամարդու եւ մի 30-ամյա տղամարդու միջեւ սուր վիճաբանություն։ Ըստ ArmLur.am-ին հասած տեղեկությունների՝ քաղաքացին հողակտոր է ունեցել, որի վրա շինարարություն է կատարել, եւ թաղապետ Ռոման Համբարձումյանի օգնական Մխիթարյանը (չի բացառվում՝ հենց Ռոման Համբարձումյանի հանձնարարությամբ) անընդհատ միջամտել է, խոչընդոտել քաղաքացուն: Թաղապետի տեղակալ Հրաչյա Հակոբյանը մեզ հետ զրույցում պնդում է, որ թաղապետի օգնականը  հողակտորի զավթման հետ որեւէ առնչություն չունի եւ չի ունեցել, եւ իրենց համար կատարվածը առեղծված է:

 




Լրահոս