«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումներն իսկական փորձություն եւ գլխացավանք են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների համար:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ամեն անգամ, երբ իշխող ֆրակցիայի պատգամավորները հանդիպում են Նիկոլ Փաշինյանի հետ, նիստ են անում, վարչապետի անվտանգության աշխատակիցները պահանջում են, որ պատգամավորների հեռախոսները եւ «խելացի» ժամացույցները հավաքվեն:
Հավանաբար, Փաշինյանն այնքան է երկյուղում, որ անգամ չի վստահում իր թիմակիցներին:
«Ժողովուրդ» օրաթերթի այս լուրը հաստատեց նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ պարզաբանելով. «Այո՛, նիստերից առաջ պատգամավորների հեռախոսները հավաքում են: Եթե ժամացույց ասելով՝ նկատի ունեք «խելացի» ժամացույցները, այո՛, դրանք էլ են հավաքում»: Աղազարյանը բացատրեց, որ ԱԺ պատգամավորներից հեռախոսները հավաքելու պատճառն այն է, որ «նրանք չշեղվեն, կենտրոնանան նիստում քննարկվող հարցերին եւ «Տիկ-Տոկ» չմտնեն»: Փաստորեն, ՔՊ-ականները, ըստ ՔՊ խմբակցության պատգամավորի, «Տիկ-Տոկ» ժամանցային հարթակի սիրահարներ են ու անգամ վարչապետի հետ հանդիպումների ժամանակ են մտնում: Իսկ իրականում պարզ է, որ, բացի «Տիկ-Տոկ»-ից, Նիկոլ Փաշինյանը չի վստահում սեփական թիմին, եւ իշխանական պատգամավորները ստուգվում են հանդիպումներից առաջ ոտքից-գլուխ:
Նախկին իշխանությունների դեմ կատաղի պայքար ծավալող, ապօրինի ծագման գույքի վերադարձի համար իրավական պրոցեսներ տանող ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը իր թիմը համալրում է նախկինների ընտանիքների անդամներով: Հունիսի 12-ին հայտնի դարձավ, որ Երեւան քաղաքի դատախազ Լիլիթ Գրիգորյանը նշանակվել է գլխավոր դատախազի տեղակալ: Նա համակարգում նոր չէ, երկար տարիներ աշխատել է Երեւան քաղաքի դատախազի տեղակալ, որից հետո նշանակվեց Երեւան քաղաքի դատախազ, իսկ, ահա, հիմա էլ գլխավոր դատախազի տեղակալն է: Տեղեկացանք, որ դատախազի տեղակալ Գրիգորյանի ամուսինը Գեւորգ Մարգարյանն է, որը եղել է ՀՀ նախկին զինվորական դատախազ, եւ, ըստ լուրերի, ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի հետ կոնֆլիկտի արդյունքում հեռացրել են նրան համակարգից: Մարգարյանը ազատումից հետո հանդիպել էր լրագրողների հետ եւ հայտարարել. «Վահան Խորխոռունու սպանության տաք հետքերով բացահայտմանը խոչընդոտել է գլխավոր դատախազի տեղակալներից մեկը» (ի դեպ, «Առավոտին» տրված հարցազրույցում)։ Նա նշել էր տեղակալի անունը՝ Գագիկ Ջհանգիրյան։ Այդ հայտարարությունն այդպես էլ իրավական ընթացք չունեցավ, միայն հայտնի է, որ Գեւորգ Մարգարյանն իր պաշտոնանկությունից հետո հանդիպել էր ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, սակայն հանդիպման նպատակի եւ զրույցի մասին մինչ օրս չի հանրայնացել ոչինչ:
2020 թվականի պատերազմի ավարտից հետո մի խումբ քաղաքացիներ, վրդովված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարությունից, գիշերը Երեւանում զանգվածային անկարգություններ կատարեցին: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում այս դեպքերի մասով բազմաթիվ քրեական վարույթներ կան, որոնցով նախաքննական մարմինը առաջիկայում որոշումներ է կայացնելու: «Ժողովուրդ» օրաթերթին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ շատ վարույթներ կկարճվեն, քանի որ 3 տարի անց նախաքննական մարմինը հիմնավոր ապացույցներ չգտավ մեղադրյալների մասով, որ գործը ուղարկի դատարան: Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերը, երբ հայտնի դարձավ ղարաբաղյան պատերազմում հայկական կողմի պարտության եւ հրադադարի եռակողմ հայտարարության ստորագրման մասին, Երեւանում անկարգություններ սկսվեցին, հարձակման ենթարկվեցին Ազգային ժողովի, կառավարության շենքերը։ Այս գործով որոշ քաղաքացիներ ազատազրկման դատապարտվեցին, իսկ շատերի մասով ԱԱԾ-ում քննությունը շարունակվում է, եւ նախաքննական մարմինը նրանց մեծ մասի մասով գործը կկարճի, քանի որ ապացույցները բավականին թույլ են. խմբով ծեծել են, բայց կոնկրետ ով՝ պարզել չի հաջողվում:
2022-ին ՀՀ-ում կառուցվել, վերանորոգվել, հիմնանորոգվել է 531 կմ ճանապարհ։ Այս մասին խորհրդարանում հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը այս տարի՝ 2022 թվականի պետական բյուջեի նախագծի կատարողականի քննարկման ժամանակ։ Այս ցուցանիշը զիջում է 2021 թվականին արձանագրված ցուցանիշին։ «Եթե ընդհանուր պատկերը տանք հիմնանորոգումների, միջին նորոգումների այլ նշանակության ճանապարհների մասով, ապա պատկերը հետեւյալն է. ընթացիկ տարում 572 կմ ճանապարհ է կառուցվել, որը բավական լավ ցուցանիշ է: Մյուս կողմից՝ եթե մենք միավորենք սուբվենցիոն ծրագրերով իրականացրած աշխատանքները (այնտեղ նույնպես ունենք ասֆալտապատման եւ սալիկապատման գործընթաց), ապա բոլորը միասին կունենանք 750 կմ»,-ասել էր Գնել Սանոսյանը 2021 թվականի դեկտեմբերի 30 -ի կառավարության նիստի ժամակակ։ Նկատենք, որ 2018-ի ապրիլին տեղի ունեցած հեղափոխությունից հետո իշխանությունները մշտապես խոսում էին ճանապարհաշինական աշխատանքների մասին եւ հայտարարում, թե Հայաստանն իր պատմության մեջ այսքան ճանապարհ չի նորոգել: Անգամ իրենց խոստումներն ու աշխատանքի շարունակականություն չեն կարողանում ապահովել: Տեսնում ենք, որ, նախորդ տարվա համեմատ, թվի նվազում ունենք։