Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` ԱԺ անկախ պատգամավոր, «Նիգ-Ապարան» հայրենակցական միության խորհրդի անդամ Լյովա Խաչատրյանն առաջիկայում անդամագրվելու է «Օրինաց երկիր» կուսակցությանը: Հիշեցնենք, որ կարկառուն ապարանցի պատգամավորը ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի մտերիմ ընկերն է: «Ժողովուրդ»-ի հարցին, թե իսկապես ՕԵԿ-ին է անդամագրվելու, Լյովա Խաչատրյանը պատասխանեց. «Չի բացառվում: Քանի որ հիմա օրենքը պահանջում է, որ անպայման պետք է պատգամավորության թեկնածուն կուսակցական լինի, ես պիտի ընտրեմ որեւէ քաղաքական ուժի: Եւ լինելով նախագահի թիմի ներկայացուցիչ` ես ընտրել եմ ՕԵԿ-ը: Բացի այդ, ՀՀ գյուղատնտեսության նախարարն այդ կուսակցության անդամ է, եւ այդպես ինձ ավելի մեծ հնարավորություն կտրվի զբաղվելու գյուղի, գյուղացու խնդիրներով ու հոգսերով»:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ