Երեկ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ վերջին երեք ամիսների ընթացքում Հայաստանում արդեն երրորդ դեպքն է գրանցվել, երբ երիտասարդ տղաները փորձում են բռնաբարել միայնակ ապրող անօգնական մեծահասակ կանանց:
Պարզվում է` հոկտեմբերի 30-ին նման դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում` կրկին նույն «ոճով»: Վերը նշված օրը` գիշերը` ժամը 03:00-ի սահմաններում, 25-ամյա Վազգեն Օհանյանը բաց դռնից մտել է Իջեւան քաղաքի Այգեստան փողոցի 29 տուն եւ փորձել բռնաբարել 69-ամյա թոշակառու Սուսաննա Բեկնազարյանին: Վերջինս սկսել է բղավել, օգնություն կանչել, ինչից հետո սենյակ է մտել նրա թոռը` 19-ամյա Գարուշ Խաչատրյանը, որին տեսնելով` 25-ամյա Վազգենը դիմել է փախուստի: 69-ամյա կինը պատմում է, որ ինքն իր անկողնում պառկած է եղել եւ հանկարծ նկատել է, որ ինչ-որ մեկը ներս է մտնում: «Գիշերանոցս ճղեց, անաբուռ բան էր ուզում աներ… շատ վախեցա, ես ասեցի` ինձ կսպանի, ես ուզում եմ, որ իրան մի հատ լավ դաս տաք»,-պահանջում է տատիկը:
Այդ դեպքից հետո մեծահասակ կինը շատ է վախեցել, լացակումած խնդրում է ամեն ինչ անել` հանցագործին պատժելու համար: Սուսաննա Բեկնազարյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Ինչ վերաբերում է բռնաբարության փորձ կատարած 25-ամյա Վազգենին, ապա նա երկու անգամ դատապարտված է եղել, իսկ այժմ էլ Տավուշի մարզում պայմանագրային զինծառայող է: Երեկ` ուշ երեկոյան, «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ 25-ամյա Վազգեն Օհանյանը ձերբակալվել է:
Նշենք, որ ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն օրերս շրջանառության մեջ է դրել ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխությունների մի նախագիծ, որով առաջարկում է ամորձատել մանկապիղծներին եւ այն երիտասարդներին, որոնք փորձում են բռնաբարել մեծահասակ կանանց: Երեւի այս դեպքերից հետեւություն անելով` ճիշտ կլինի, որ այդ օրենքն իսկապես ընդունվի եւ կիրառվի:
Լուսանկարները` ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ