Ադրբեջանական կողմն անցած շաբաթվա ընթացքում 4 անգամ կոպտորեն խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. ԱՀ ՆԳՆ ոստիկանություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՀ ՆԳՆ ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը.

2023 թվականի օգոստոսի 14-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում հանցագործությունների և իրավախախտումների վերաբերյալ գրանցվել է 30 հաղորդում, որից 16-ը հանցագործությունների մասին է: Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում՝ դրանք բոլորը բացահայտվել և քննության փուլում են:

Շաբաթվա ընթացքում բացահայտվել է կենցաղային հողի վրա առաջացած վիճաբանությունների և դրանց հետևանքով միմյանց մարմնական վնասվածք հասցնելու 6 և անձնական ունեցվածքի գողության 2 դեպքերը: Հասարակական կարգը կոպիտ խախտած անձինք բերման են ենթարկվել ոստիկանություն։

ՆԳ նախարարությունը միջոցներ է ձեռնարկում անբացահայտ մնացած մյուս հանցագործությունների բացահայտման ուղղությամբ։

Քրեական հետախուզության վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողների համատեղ իրականացված հետախուզական միջոցառումների արդյունքում` շաբաթվա ընթացքում բացահայտվել է թմրանյութի ապօրինի շրջանառության, աճեցման և իրացման 5 դեպք:

Ադրբեջանական կողմն անցած շաբաթվա ընթացքում 4 անգամ կոպտորեն խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել և կրակել բացել Ասկերանի և Մարտունու շրջանների հացահատիկի դաշտերում բերքահավաք իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ: Բարեբախտաբար ոչ ոք չի տուժել: Հաղորդագրությունները փախանցվել են ՌԴ խաղաղապահ զորակազմին:

Թունավորման մեկ դեպք է արձանագրվել Ասկերան քաղաքում: Լորձաթաղանթի այրվածքներով «Արևիկ» մանկական բուժմիավորում է ընդունվել՝ 20 օրական երեխա: Ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության անչափահասների գործերով բաժնի ծառայողները պարզել են, որ մանկահասակ երեխան թունավորումը և այրվածքները ստացել է վիտամին «D»-ի փոխարեն շփոթմամբ «Կալյումի պերմանգանատ»-ի լուծույթ խմեցնելու հետևանքով: Նախապատրաստվել են նյութեր՝ ըստ ենթակայության ուղարկելու համար:

Ոստիկանության ծառայողների կողմից որոնվում է օգոստոսի 19-ից անհետ կորած Մարտակերտ քաղաքի 35-ամյա բնակիչ Ն.Մ.-ն: Վերջինս զբաղվում էր անասնապահությամբ: Նույն օրը անասուններին փնտրելու նպատակով դուրս է եկել Մարտակերտ քաղաքի հարակից տարածքներ ու մինչ օրս նրա հետ կապ հաստատել չի հաջողվում։

Ոստիկանությունը հորդորում է անհետ կորած քաղաքացու մասին որևէ տեղեկությություն ունենալու դեպքում, անմիջապես դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարին։

Նշված ժամանակահատվածում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ՃՏ 2 պատահար՝ մարմնական վնասով: Պատահարներից 3 անձ դիմել է բուժհաստատություն։ Առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց է շահագործել 1 վարորդ:

ՆԳ նախարարության ոստիկանության բոլոր ստորաբաժանումները Արցախի Հանրապետության տարածքում շարունակում են իրականացնել շուրջօրյա կազմակերպված աշխատանք, վերահսկելով հանրապետության օպերատիվ իրավիճակը՝ պահպանելով կայուն հասարակական կարգ ու կանոն:




Լրահոս