ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (ՔՏՀԱՏՄ) ղեկավարի հանձնարարագրի հիման վրա հրդեհային անվտանգության մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացրել Երևանի Կենտրոն վարչական շրջանի Մ.Հերացի 12, Արաբկիր վարչական շրջանի Ավետ Ավետիսյան 70 /7 հասցեներում գտնվող և համապատասխանաբար «ՌԱՆ ՕՅԼ» և «ՏԻՏԱՆ ՕԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից շահագործվող բենզալցակայանների՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների նկատմամբ։
Այս մասին հայտնում է ՔՏՀԱՏՄ-ն:
Հետազոտության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական սպառնալիք են մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար։
Հաշվի առնելով հրդեհային և տեխնիկական անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմի ղեկավարի կողմից նշյալ բենզալցակայանների շահագործումը դադարեցնելու որոշումներ են կայացվել։
Տնտեսավարողները պատշաճ ծանուցվել են կայացված որոշումների մասին։
Սեպտեմբերի 11-ին Հերացի 12 հասցեի («ՌԱՆ ՕՅԼ» ՍՊԸ) բենզալցակայանը շահագործող տնտեսավարողը սեփական ուժերով բենզալցակայանը ապամոնտաժելու միջոցներ է ձեռնարկել, իսկ Ավետ Ավետիսյան 70 /7 հասցեում («ՏԻՏԱՆ ՕԻԼ») շահագործվող բենզալցակայանը կապարակնքվել է։