Հայաստանում մարտի 8-ից ապրիլի 7-ը բոլոր կանանց անվճար հետազոտության, խորհրդատվության, երբեմն էլ բուժման հնարավորություն կտրվի: Այսօրվա մամլո ասուլիսում ասաց Առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը: Նրա խոսքով` այս տարի նախատեսվում են մի շարք միջոցառումներ, որոնցից մեկը բաց դռների օրն է: Անվճար չեն մատուցվի միայն բարդ, նորագույն և թանկարժեք սարքավորումներով բուժումները, որոնք անվճար չեն մատուցվում անգամ սոցիալապես անապահովներին:
Այս մեկ ամսյա անվճար բուժօգնությունից օգտվելու համար կանայք պետք է դիմեն առաջնային օղակ`պոլիկլինիկա: Եթե կարիք լինի, պոլիկլինիկայի բժիշկը կնոջը կուղեգրի այլ բժշկական կազմակերպություն:
Armlur.am լրատվականի թղթակցի հարցին` անվճար բուժօգնությունից օգտվելու համար ինչու պետք է կանայք ուղեգիր ստանան պոլիկլինիկայից, եթե նրանց մի մասը չի վստահում պոլիկլինիկայի բժիշկներին, տիկին Սարիբեկյանն ասաց, որ պոլիկլինիկաների բժիշկներին պետք է վստահել:
Անվճար հետազոտության ընթացակարգի մասին մանրամասն տեղեկատվություն կտեղադրվի առողջապահության նախարարության կայքում:
Մանրամասները ՝ տեսանյութում: