ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը շնորհավորել է հայ կանանց գալիք տոների առթիվ:
«համայն աշխարհի հայուհիներ,
գարունն է կրկին եկել՝ իր հետ բերելով ամենաթանկ ու սպասված՝ Մայրության ու գեղեցկության, բարի ավետիսի տոները։ Իմ խորին համոզմամբ մայրական հոգիներում ու սրտերում սերը, բարությունն ու գորովանքն անսահմանափակ են։ Քանզի այդ զգացումները կիսելով, դրանք ոչ թե պակասում, այլ բազմապատկվում են՝ ավելի ու ավելի ջերմացնելով ձեր սրտերն ու հոգիները։ Ես կարծում եմ, որ հենց այդտեղից է գալիս ձեր ներքին, հսկայական այն ուժը, որի շնորհիվ ոչ միայն ձեր ընտանիքների ամրության ու երջանկության պահապանն եք, այլև մեծ դերակատարություն ունեք մեր ժողովրդի երկարամյա պատմության ընթացքում ազգային արժեքների ստեղծման գործում, մեր բոլոր հաղթանակներում ու ձեռքբերումներում։ Ում չէ հայտնի, որ առաջին հերթին ձեր արժանապատիվ առաքինության շնորհիվ են պահպանվում ազգային լավագույն մեր ավանդույթները, հայ ընտանիքի ամրությունը, որոնք հենց առողջ հոգով և մտքով սերունդ դաստիարակելու հիմքն են։
Որպես առողջապահության նախարար, ես հատկապես բարձր եմ գնահատում մեր համակարգի կանանց՝ մեր բժշկուհիների, բուժքույրերի ու մայրապետների նվիրումը։ Քանզի մայր ու կին լինելուց զատ ձեր մասնագիտությամբ աստվածահաճո այնպիսի առաքելություն եք ստանձնել, որ պարտադրում է մշտապես բարեգութ ու պատասխանատու լինել, գիշեր ու զոր պայքարել մարդկանց կյանքի և առողջության համար։
Սիրելի կանայք, կարևորելով ձեր առողջության պահպանումը, լավագույն նվերը, որ կարող էի պարգևել` մարտի 8-ից մինչև ապրիլի 7-ը կանանց առողջության պահպանման միամսյակ հայտարարելն էր։ Երևանում և բոլոր մարզերում կկազմակերպվեն «բաց դռների» օրեր, անվճար կտրամադվեն մանկաբարձագինեկոլոգիական և նեղ մասնագիտական խորհդատվություններ, կկատարվեն հետազոտություններ, դրանց արդյունքում ի հայտ եկած հիվանդությունների բուժում և վիրահատություններ։ Միամսյակի ընթացքում մայրաքաղաքի բազմապրոֆիլ բժշկական կենտրոնների մասնագետները հաստատված ժամանակացույցով կմեկնեն մարզեր։ Մենք ամեն ինչ կանենք, որ լայնածավալ այս ակցիան ծառայի իր նպատակին, որ ամենահեռավոր գյուղում ապրող կանայք ու աղջիկներն անգամ մերձակա քաղաքներում լիովին ստանան իրենց անհրաժեշտ բժշկական ծառայությունը։ Մեր պետության համար թանկ է ձեր առողջությունը, քանզի այն առողջ մանկության և առողջ ընտանիքի նախապայմանն ու գրավականն է։
Սիրելի կանայք, կրկին անգամ ջերմորեն շնորհավորելով գարնանային գեղեցիկ տոնի՝ Մարտի 8-ի կապակցությամբ, մաղթում եմ ձեզ առողջություն, երջանկություն, գարնանային հմայք ու աշխատանքային հաջողություններ։
Թո՛ղ բոլորիդ հոգիներում, ընտանիքներում ու աշխարհում մշտապես խաղաղություն թևածի։ Թո՛ղ իրականանան ձեր բոլոր նվիրական իղձերն ու երազանքները: Ձեր գոյությամբ շարունակեք գեղեցկացնել կյանքն ու երկիր մոլորակը։
Ձեր բարեկամ՝
ՀՀ առողջապահության նախարար, պրոֆեսոր
Դերենիկ Դումանյան»