«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ Վայոց ձորի Խաչիկ գյուղում սեպտեմբերի 23-ին արդեն 7-րդ անգամ կանցկացվի ավանդույթ դարձած Գաթայի փառատոնը։ Համայնքում առաջին անգամ փառատոն անցկացվել է 2013 թվականին. այդ ժամանակ այն կոչվել է Խաչիկ գյուղի տոն։ Հաջորդ տարի որոշում է կայացվել այն վերանվանել եւ դարձնել Գաթայի փառատոն։ Միջոցառման կազմակերպիչ Արուս Ներսիսյանի խոսքով՝ փառատոնը գյուղում սպասված իրադարձություն է։
«Փառատոնն ավարտվելուց հետո գյուղացիները պատրաստվում են արդեն հաջորդ տարվան։ Այս տարի եւս մեծ ակտիվություն ենք ակնկալում։ Նախորդ անգամ փառատոնն ունեցել է շուրջ 5000 այցելու, այս տարի սպասում ենք, որ հյուրերի թիվը դրանից ավելին կլինի։ Միջոցառման այցելուները հնարավորություն ունեն համտեսելու ամենատարբեր տիպի գաթաներ։ Գլխավոր զարդը լինելու 4 մ եւ ավելի տրամագծով մեծ գաթան։ Նախորդ տարի գլխավոր գաթան ունեցել է 3 մ 70 սմ տրամագիծ։ Միջոցառման մեկնարկը տրվելու է գաթայի օրհնության կարգով»,-ասաց Արուս Ներսիսյանը։
Փառատոնին լինելու են 30 տաղավարներ, որտեղ տեղացիները ներկայացնելու են իրենց արտադրանքը, բերքն ու բարիքը, ձեռքի աշխատանքը։ Ամբողջ տարի պատրաստվում են փառատոնին. սա շատ մեծ հնարավորություն է իրենց համար, որ կարողանան գտնել հաճախորդներ բարիքներն իրացնելու համար։ Հյուրերը հնարավորություն կունենան համտեսել նաեւ տարբեր կերակրատեսակներ։
Դրանից բացի, փառատոնի մասնակիցները կարող են տեղում օգտվել տարբեր տուրերից։ Արուս Ներսիսյանը նշեց, որ Խաչիկ գյուղն ունի հարուստ կենսաբազմազանություն, հետաքրքիր պատմամշակութային, տեսարժան վայրեր։ Այդ ամենից բացի, այցելուները կարող են օգտվել քայլարշավներից, այսինքն՝ այցելուների ժամանցի բազմազանությունը կապահովվի։
Արենի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գեւորգ Սիմոնյանի խոսքով՝ Խաչիկը սահմանամերձ գյուղ է, այն հանրապետության դարպասներից է, եւ շատ կարեւոր է, որ շատերն այցելեն գյուղ, շփվեն գյուղացիների հետ, ծանոթանան պատմամշակութային վայրերին, իրենց ներդրումն ունենան գյուղի զարգացման գործում։
«Գյուղացիները բավական ոգեւորված են։ Եթե նախորդ տարիներին համոզում էինք, որ մասնակցեն փառատոնին, ապա հիմա իրենք են շտապում մասնակցության հայտեր ներկայացնել։ Խաչիկը դառնում է որպես առանձին զբոսաշրջային ուղղություն, նկատվում է տուրիստների ներհոսք։ Բացվում են հյուրատներ, ոմանք տնտեսական գործունեություն են սկսում ծավալել։ Ունենք ներդրողներ, որոնք ցանկանում են այգիներ հիմնել, գինու գործարան կառուցել»,- ասաց Գեւորգ Սիմոնյանը։
Համայնքապետարանն ուշադրության կենտրոնում է պահում ենթակառուցվածքների զարգացումը, նկատելի աշխատանք է կատարվել փողոցների լուսավորության, ճանապարհների բարեկարգման ուղղությամբ։
ՏԱՐԱԶԸ՝ ԲՈՒԼՂԱՐԻԱՅՈՒՄ
«Տերյան մշակութային կենտրոն»-ը եւ Հայաստանի պատմության թանգարանը համատեղ Բուլղարիայում մասնակցում են Ավանդական արհեստների XVIII միջազգային տոնավաճառին` ներկայանալով «Հայկական ավանդական տարազ» ցուցադրությամբ։
Միջոցառումը տեղի է ունենում Գաբրովոյի Էթար տարածաշրջանային ազգագրության բացօթյա թանգարանում։ Էթարը (ժՑՖՐ) գտնվում է Գաբրովո քաղաքից 8 կմ հեռավորության վրա՝ Սիվեկ գետի ափին, եւ ունի 46 ճարտարապետական կառույցներ, որոնք ներկայացնում են 25 հնագույն մասնագիտություններ:
ՀԱՅԿԱԿԱՆԸ՝ ԵԳԻՊՏՈՍՈՒՄ
Եգիպտոսում Հայաստանի դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպում է ունեցել Եգիպտոսի մշակույթի նախարար Նեվին Յուսեֆ ալ-Քիլանիի հետ։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնում են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից։
Բարձր գնահատելով երկու բարեկամ երկրների միջեւ մշակութային ոլորտում համագործակցության լավ ավանդույթները՝ զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել համատեղ ջանքեր գործադրել փոխգործակցության հետագա զարգացման համար։ Այս կապակցությամբ ՀՀ դեսպանը առանձնահատուկ կարեւորել է երկու երկրների միջեւ համապատասխան իրավապայմանագրային դաշտի թարմացումն ու լրամշակումը։
Հավելենք, որ դեսպան Փոլադյանը նշել է, որ հայկական կողմը նախատեսում է աշխատանքներ իրականացնել՝ գալիք տարում Եգիպտոսում Հայաստանի մշակութային օրեր անցկացնելու ուղղությամբ։ Համագործակցության առավել ընդլայնման համար կողմերը կարեւորել են նաեւ պաշտոնական պատվիրակությունների եւ մշակութային խմբերի փոխայցելությունների աշխուժացումը։
Հանդիպման ընթացքում դեսպան Փոլադյանը նախարար Նեվին ալ-Քիլանիին է փոխանցել ընթացիկ տարվա հոկտեմբերին Հայաստանում կայանալիք «Կին քաղաքական առաջնորդների ժողովրդավարության, խաղաղության եւ անվտանգության հարցերով գագաթնաժողովի» մասնակցության հրավերը։ Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ նախարարը հետաքրքրություն է հայտնել գագաթնաժողովին մասնակցության առնչությամբ։
ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՇԱԽՄԱՏՈՒՄ
Հայաստանի 36 շախմատիստ կմասնակցի սեպտեմբերի 5-ից 14-ը Ռումինիայի Մամայա քաղաքում անցկացվելիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը։
Առաջնությունը կանցկացվի 12 տարիքային խմբերով՝ Մ-8 տղաներ, Մ-10 տղաներ, Մ-12 տղաներ, Մ-14 տղաներ, Մ-16 տղաներ, Մ-18 տղաներ, Մ-8 աղջիկներ, Մ-10 աղջիկներ, Մ-12 աղջիկներ, Մ-14 աղջիկներ, Մ-16 աղջիկներ, Մ-18 աղջիկներ: Հայաստանը կներկայացնեն 26 տղաներ եւ 10 աղջիկներ:
«ՄԱՆՉԵՍԹԵՐ»-ԻՑ ՏԵՂԱՓՈԽՎԵՑ
Կոտդիվուարցի պաշտպան Էրիկ Բային անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվեց թուրքական «Բեշիկթաշ». հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
2016 թվականին «Մանչեսթեր Յունայթեդը» Էրիկ Բայիի համար իսպանական «Վիլյառեալին» վճարել էր 38 միլիոն եվրո։ Այժմ 29-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 5 միլիոն եվրո։
Անցած մրցաշրջանը Էրիկ Բային վարձակալությամբ անցկացրել էր ֆրանսիական «Մարսելում»։
ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄՐՑԱՎԱՐՆԵՐԸ
«Եվրո-2024»-ի ընտրական մրցաշարի Թուրքիա-Հայաստան հանդիպումը կսպասարկեն իտալացի մրցավարներ՝ Դանիելե Օրսատոյի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Չիրո Կարբոնեն եւ Ալեսանդրո Ջիալատինին։ Չորրորդ պաշտոնյան է Անտոնիո Ռապուանոն. հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը։
5-րդ տուրի Թուրքիա-Հայաստան հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին Էսկիշեհիր քաղաքում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին։ D խմբի առաջատարը Թուրքիան է, որը 4 խաղում վաստակել է 9 միավոր։ Հայաստանի հավաքականը 3 խաղից հետո 6 միավորով երկրորդն է։ Խորվաթիան անցկացրել է 2 հանդիպում եւ 4 միավորով երրորդն է։ Նույնքան միավոր ունի չորրորդ տեղում ընթացող Ուելսը, որն անցկացրել է 4 հանդիպում։ Լատվիան երեք պարտությունից հետո եզրափակում է մրցաշարային աղյուսակը։
ՄԻԱՑԱՎ ԹԻՄԻՆ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքական հրավիրված Երեւանի «Նոայի» պաշտպան Սերգեյ Մուրադյանը միացավ Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականին. հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
2025 թվականի Եվրոպայի մինչեւ 21 տարեկանների առաջնության որակավորման փուլում Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 8-ին կընդունի Ալբանիայի, սեպտեմբերի 12-ին՝ Չեռնոգորիայի հավաքականին:
Երկու հանդիպումներն էլ տեղի կունենան Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում եւ կմեկնարկեն 19:00-ին: