Բարոնուհի Քոքսը ներկայումս բանակցվող խաղաղության պայմանագիրն անվանել է առևտրային գործարք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ,86-ամյա բարոնուհի Քերոլայն Քոքսին անհանգստացնում է միջազգային հանրության արձագանքն Արցախում տեղի ունեցողին։ Այդ մասին Քոքսը հայտարարել է Երեւանում կայացած մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով, Արցախի բնիկ բնակչությունը կանգնած է էթնիկական և կրոնական զտումների վտանգի առաջ, և ստեղծված իրավիճակը համարժեք գնահատական չի ստացել միջազգային հանրության կողմից։

Քոքսը ներկայումս բանակցվող խաղաղության պայմանագիրն անվանում է առևտրային գործարք, քանի որ Արցախի հայերը ստիպված կլինեն հրաժարվել ինքնորոշման իրավունքից: Նա նաև հիշեցրել է, որ տասնյակ հայ զինվորականներ և քաղաքացիական անձինք դեռ գերության մեջ են Ադրբեջանում։

Բարոնուհին կարծում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը չի հանգեցնի տարածաշրջանում կայուն խաղաղության։ Նա վստահ է, որ դա չի բավարարի Բաքվի հավակնությունները։Նրա կարծիքով, առանց հայկական Արցախի, Հայաստանի գոյությունն էլ ավելի մեծ վտանգի տակ կլինի։ Ստեղծված իրավիճակում Քոքսը մատնանշեց  նաև միջազգային հանրության կողմից Հայաստանին հասցեական աջակցության բացակայությունը։

Տեղ և Կոռնիձոր համայնքներ կատարած իր այցի վերաբերյալ բարոնուհին ընդգծեց, որ անձամբ է ծանոթացել տեղում տիրող իրավիճակին: Նրա խոսքով, Բաքուն մոտ երկու ամիս միտումնավոր և անօրինական կերպով արգելում է մարդասիրական բեռներով բեռնատարների անցումը։

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս