ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է կատարվելու արցախցի ուսանողների ուսման վճարների փոխհատուցումը. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը առ այսօր, երբ թվում է, թե բոլոր խնդիրները արդեն լուծված են, Արցախից բռնի տեղահանված ուսանողներից ԵՊՀ-ի իրենց վարձավճարների փոխհատուցման հետ կապված ահազանգեր է ստանում։ Ուսանողները մտահոգված են․ վարձավճարները, գոնե մասնակի, փոխհատուցվելու՞ են, թե՞ ոչ։ Կան ուսանողներ, ովքեր վարձավճարների չփոխհատուցման դեպքում ստիպված են լինելու կիսատ թողնել կրթությունը՝ անվճարունակ լինելու պատճառով։

Armlur.am-ի հետ զրույցում ԵՊՀ մամուլի խոսնակ Քնարիկ Միսակյանն ասաց, որ վերջին քննարկումների ժամանակ որոշվել է Արցախից տեղահանված ուսանողների սահանված և հարակից մասնագիտությունների վարձավճարները փոխհատուցել միջինացված կերպով՝ կրթաթոշակի տեսքով։

Արցախից բռնի տեղահանված ուսանողների վարձավճարների փոխհատուցման միջինացման կարգի վերբերյալ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից ArmLur.am-ին հայտնեցին, որ յուրաքանչյուր մասնագիտության վարձավճարի միջինը որոշվում է Երևանի և մարզերի բուհերում տվյալ մասնագիտության վարձավճարների համեմատությամբ։

«Կան մասնագիտություններ, որոնք մարզերի մասնաճյուղերում չկան։ Տվյալ դեպքում բակալավրիատ կրթական ծրագրով սովորող Արցախից բռնի տեղահանված ուսանողի ուսման վարձավճարը փոխհատուցվելու է՝ չգերազանցելով 700 հազար դրամը, իսկ մագիստրատուրայի կրթական ծրագրով սովորող ուսանողներինը՝ 560 հազար դրամը»։

Հավելենք, որ Երևանի բուհերում սովորող Արցախից բռնի տեղահանված ուսանողների սահմանված և հարակից մասնագիտությունների վարձավճարների միջինը փոխհատուցվելու է համալսարաններին։

«Վարձերի մյուս մասի վճարումն ուսանողն իր ուսերին է վերցնելու, իսկ մարզերում սովորող ուսանողների վարձավճարները փոխհատուցվելու են ամբողջությամբ»,- տեղեկացրին Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։

Լանա Համբարձումյան




Լրահոս