ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Մենք կհամախմբենք բոլորիս ուժերը, որպեսզի ստանանք Երևանի զարգացման տեսլականը». Երևանը նոր գլխավոր հատակագիծ կունենա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է նոր գլխավոր հատակագծի մշակման աշխատանքները: Գործընկեր կառույցների աջակցությամբ կհավաքվեն ու կհամադրվեն քաղաքում առկա անհրաժեշտ բոլոր տվյալները, որոնք էլ կդառնան հիմք՝ նախագիծը կյանքի կոչելու համար:

«Գլխավոր հատակագիծը ներկայացնում է Երևանի զարգացման գլխավոր ռազմավարությունը, քաղաքի գլխավոր քաղաքաշինական հիմքն է: Այսօրվա քննարկումից հետո բավականին արագ կերպով կսկսենք համախմբել բոլորիս ուժերը, որպեսզի ստանանք Երևանի զարգացման տեսլականը»,-նշել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Կադաստրի կոմիտեն, հանդիսանալով տարածական տվյալների ենթակառուցվածքի և գեոդեզիայի ու քարտեզագրության ոլորտը համակարգող պետական լիազոր մարմին, պատրաստակամություն է հայտնել որոշակի տեղեկատվության փոխանակման ու Երևանի կադաստրային քարտեզներն ուղղելու ու սահմանները ճշտելու գործում»,-ասել է Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը:

Քաղաքի ռազմավարական զարգացումն ապահովող կարևորագույն այս փաստաթուղթն արդեն հնացած է, չի համապատասխանում առկա պահանջներին: Ավելին՝ տարիներ շարունակ անկանոն կառուցապատման հետևանքով առաջացել են տարատեսակ շեղումներ:

«Ուղղակիորեն բարդությունից վախենալով և այս բեռը չվերցնելով մենք ավելի ու ավելի կխորացնենք Երևանում արդեն իսկ առկա խնդիրները»,- ընդգծել է քաղաքապետը:
«Գլխավոր հատակագծի առաջադրանքը մշակման փուլ է անցել, քաղաքապետը կնայի, ու հավանության արժանանալու դեպքում այն կներկայացվի ավագանու հաստատմանը: Ես ողջունում եմ և շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետարանին ու քաղաքապետին, որ նախաձեռնեց ու հիմա արդեն իրականություն է դարձել այս գործընթացը»,- նշել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը:

«Երևաննախագիծ»-ն այժմ նախապատրաստական աշխատանքներ է տանում: Համայնքի ու գործադիրի թիմին կմիանա նաև Ճարտարապետների պալատը:

«Սա բոլոր առումներով նպաստելու է քաղաքաշինական ծրագրերին, ավելի կարգավորված շինարարություն, ինչպես նաև ճանապարհային ու տրանսպորտային ցանց ունենալուն: Սա խորքային ու հիմնային աշխատանք է, որի կարևորությունը դժվար է գերագնահատել»,- նկատել է Տիգրան Ավինյանը:

Նախաձեռնությունը պատասխանատու է՝ նախատեսված Երևանի առաջիկա տասնամյակների համար: Այն կլինի քաղաքի համաչափ և անընդհատ զարգացումն արտահայտող թվայնացված մի փաստաթուղթ:




Լրահոս