«Երեւանի իրավատնտեսագիտական եւ կառավարման» քոլեջում վախի մթնոլորտ է: Քոլեջի տնօրեն Ռիտտա Գյուլամբարյանը հրահանգել է դասախոներին եւ ուսանողներին ոչինչ չխոսել քոլեջի ուսանող ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանի թոռան միջադեպից: Բանն այն է, որ քոլեջի տնօրեն Ռիտտա Գյուլամբարյանն ընկերական բարեկամական հարաբերությունների մեջ է ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի հետ եւ ողջամիտ կասկածներ կան, որ այս հանգամանքով պայմանավորված ուսանողների միջադեպը կկոծկվի: ArmLur.am-ի նկարահանող խումբը «Երեւանի իրավատնտեսագիտական եւ կառավարման» քոլեջում էր:
Հիշեցնենք, որ օրերս լուրեր տարածվեցին այն մասին, որ «Երեւանի իրավատնտեսագիտական եւ կառավարման» քոլեջում դանակահարություն է տեղի ունեցել պատգամավոր Գագիկ Մելքոնյանի թոռան մասնակցությամբ։ Մելքոնյանի թոռը,Գագիկ Մելքոնյանը, ըստ այդ աղբյուրի, դանակահարել է նույն համալսարանի մեկ այլ սանի, որի անունը պարզեցինք՝ Սարիկ է:
Ըստ ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների՝ միջադեպի ականտեսներ կան, որոնք կցկտուր տեղեկություններ են հայտնել իրավապահներին, որ Գագիկ Կարենի Մելքոնյանն է վնասվածքը հասցրել այդ տղային:
ArmLur.am-ին հայտնի էր դարձել, որ հարցաքննության ժամանակ տուժած ուսանողն իրավապահներին հայտնել է, թե ծառից է ընկել։ Սակայն դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ վնասվածքը պատճառել է ուսանող Գագիկ Կարենի Մելքոնյանը` պատգամավոր Գագիկ Մելքոնյանի թոռը։
Գործը հասավ Քննչական կոմիտե։ ՀՀ քնչական կոմիտեն նշված ուսումնական հաստատությունում անչափահասին վնասվածք հասցնելու դեպքի վերաբերյալ ոստիկանությունից նոյեմբերի 27-ի երեկոյան ստացել է հաղորդում։ Այդ առթիվ օրեր անց նախաձեռնվել էր քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով։ Վնասվածք ստացած անչափահասը ճանաչվել է տուժող, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Հանգամանքները պարզելու ուղղությամբ կատարվում է քննություն։
Դեպքից անցել է գրեթե 6 օր, սակայն իրավապահ համակարգում կռիվ է ընկել, թե ինչու ՔՊ-ական պատգամավորի թոռանը ժամանակին չեն բռնել, հարցաքննել ու մինչ իրավապահները կռվում են, հայտնել էինք, որ պայմանավորվածություն կա ՔՊ-ական պատգամավորի թոռանը տանել քննչական բաժին եւ հարցաքննել:
Հաշվի առնելով իրավապահների դանդաղկոտությունը կամ, միգուցե, դեպքին համապատասխան ընթացք չտալու ցանկությունը եւ դեռ ավելին քոլեջի տնօրեն Ռիտտա Գյուլամբարյանը եւ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի միգուցե ընկերական կամ բարեկամական կապը՝ ողջամիտ կասկածներ կան, որ միգուցե քրեական գործը ծածկադմփոց անեն եւ փակեն:
Քնար Մանուկյան