Ուղիղ 1 տարի առաջ այս օրը՝ դեկտեմբերի 12-ին, Ադրբեջանը փակեց Արցախը մայր Հայաստանին կապող միակ ճանապարհը: Ավելի քան 9 ամիս խաղաղ ու համբերատար մեր ժողովուրդ դիմացավ շրջափակման ծանր օրերին: Դիմացավ՝ պայքարելով, ընտանիքներ ստեղծելով, մանուկներ ծնելով ու մեծացնելով:
«Այդ անգույն ամիսներին միակ գունավորը սննդի տրամադրման կտրոններն էին, որ շատ-շատերն այդպես էլ չօգտագործեցին։ Մերը մնաց պահարանում։ Ինձ հետ վերցնել չուզեցի։ Շատ հաճախ առավոտներն արթնանում էինք հացի փռի մոտ հավաքված մարդկանց ձայներից։ Հերթերն ամենուր էին։ Կաթնամթերքի, հացի, մրգի, բանջարեղենի, մանկական կերի ու տակդիրի համար ամբողջ Արցախը հերթ էր կանգնում։ Արցախի շրջափակման 1 տարվա հեռավորությունից ես միայն երանի եմ տալիս 2022 թվականի դեկտեմբերի 12-ի մեր միամիտ հավատին, չիրականացված սպասումներին ու երազանքներին։ Այնքան ուրախ եմ, որ այդ օրերին ես Արցախում էի, որ եղա այնտեղ, որտեղ իրականում մենք պիտի լինեինք․․․»,-ArmLur.am-ի հետ զրույցում ասում է Արցախից բռնի տեղահանված Արմինե Պետրոսյանը։
Արմինեն ծնվել ու մեծացել է Շուշիի շրջանի Քարին տակ համայնքում: 44-օրյա պատերազմի հետևանքով կորցրեց հայրենի գյուղը: Արմինեն աշխատում էր Արցախի հանրային հեռուստատեսությունում: Այդ օրը սովորականի պես հեռուստատեությունում էր, երբ իմացավ Արցախի շրջափակման մասին:
«Երկուշաբթի օր էր` 2022 թվականի դեկտեմբերի 12-ը։ Հեռուստատեսությունում էինք, երբ տելեգրամյան ալիքներից տեղեկացանք, որ այսպես կոչված էկոլոգները նորից փակել են Շուշի-Քարին տակ խաչմերուկը։ Քանի որ օրեր առաջ էինք հայտնվել նույն իրավիճակում շատ չանհանգստացանք՝ մտածելով, որ շուտով ճանապարհը կբացվի երեկոյան, հետո՝ 24 ժամ անց։ Ու սկսեցինք հաշվել շրջափակման ժամերը, օրերը, ամիսները…»
Արմինեն պատմում է, որ բլոկադայի օրերին աշխարհին պատմում էին արցախյան կիսված ընտանիքների, հիվանդանոցներում ստեղծված իրավիճակի, օրեցօր դատարկվող խանութների մասին։ «Մենք առկա խնդիրներին զուգահեռ փորձեցինք ցույց տալ, որ Արցախում ապրող մարդիկ գիտակցված են կատարել այդ որոշումը, որ պայքարը հայրենիք գաղափարի համար էր։ Ու ստացվում էր, որովհետև մարդիկ ավելի քիչ ստեղծված իրավիճակից էին խոսում և ավելի շատ Արցախում ցանկացած գնով մնալու իրենց որոշման»,- ասում է Արմինեն:
Արմինեն հիշում է, որ 44-օրյա պատերազմից հետո այդպես էլ Արցախում Նոր Տարի չնշվեց, իսկ անցած տարի Քաղաքապետարանը զարդարել էր Ստեփան Շահումյանի անվան այգու մի եղևնի, որի լույսերը վառեցին «Պիտի Ապրենք» երգով:
«Այնքան հույս կար այդ օրը, այնքան ջերմություն։ Դեկտեմբերի 25-ին առաջին հավաքը տեղի ունեցավ։ Ամբողջ Արցախը Վերածննդի հրապարակում էր և բռունցքվել էր բոլորիս հույսն ու հավատը։ Հետո էլի հավաքներ տեղի ունեցան: Արդեն չեմ հիշում քանի անգամ նույն պահանջով նույն հրապարակում էինք, նույն՝ անփոփոխ հավատով։ Ամանորին բոլորս մեր տանն էինք։ Պարզվեց երջանիկ Ամանոր էր շրջափակված Արցախի Ամանորը, որքան հումորներ կյանք առան այդ օրերին։ Մեզ դա էր ապրեցնում»,- ասում է մեր զրուցակիցը:
«Սկսվեցին հովհարային անջատումները, շարունակ խափանվում էր գազամատակարարումը։ Դպրոցներն ու մանկապարտեզները մեկ փակվում, մեկ բացվում էին։ Մենք փորձում էինք լինել ամեն տեղ, որ կարողանայինք շատ պատմել Արցախի ու տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Չգիտեմ որքանով էր հաջողվում։ Հետո շրջափակման մասին ավելի քիչ սկսեցինք խոսել, որովհետև դժվար էր մնալ լրագրող մի երկրում, որտեղ տեղի ունեցող իրադարձությունների անմիջական կրողը նաև դու ես։ Հետո մի դաժան օր՝ մարտի 5-ի առավոտն էր, երբ ադրբեջանական դիվերսիայի հետևանքով այդ օրը 3 ոստիկան էին զոհվել։ Զոհեր ունեցանք նաև ամռանը՝ Մարտունիի ու Մարտակերտի ուղղությամբ։ Մեր ապրած յուրաքանչյուր օրը տագնապ էր։ Համեմատական խաղաղության պայմաններում, պատերազմից գրեթե 2․5 տարի անց, մենք մեր խաղաղ առավոտների համար դեռ շարունակում էինք թանկ գին վճարել․․․»,- վերհիշում է մեր զրուցակիցը:
Արմինեն պատմում է, որ շրջափակման պայմաններն անտեսելով՝ շարունակում էին սովորականի պես եթերներ ունենալ, որտեղ կկարողանային ներկայացնել ստեղծված առկա խնդիրները, մարտահրավերներն ու արցախցիների մտահոգությունները:«Կարճ ռեպորտաժներով փորձում էինք մեր այդքան մեծ խնդիրները ներկայացնել․ առևանգված քաղաքացիներ Հակարիի անցակետում, թելադրված ասելիքով հարցազրույցներ նույն անցակետում, Ակնայով ճանապարհի բացում, սովամահության արձանագրված դեպք և 120 հազար մարդ, որոնց վերջին հույսը սպանում էր ամեն մի բացվող նոր օրը։ Հետո եկավ սեպտեմբերի 19-ը, որն սկզբից մեզ թվաց բլոկադային սովորական մի օր, բայց միայն թվաց…»,- եզրափակում է Արմինե Պետրոսյանը:
Նանիկ Աղասյան