ԱԱԾ-ն ՊՆ գեներալի որդու, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի օպերատիվ գծով տեղակալի կաշառքների գործով որոշում է կայացրել. ուշագրավ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023 թվականի սեպտեմբերի 20-ին ArmLur.am-ը գրել էր, որ ԱԱԾ-ն մտել է «Զվարթնոց» օդանավակայան և ձերբակալել մի շարք պաշտոնյաների:

Եվ ահա ԱԱԾ -ի կողմից իրականացված գործողություններից մեզ որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն դատարան են բերվել 5 անձ, որոնց մեջ է եղել ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Վալերի Նարիմանիչ Գրիգորյանի որդին ՝ Էռնեստ Գրիգորյանը, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի օպերատիվ խմբի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ժորա Սողոմոնյանը եւ այլք:

Եվ ահա այս գործորվ նախաքննության ավարտ է հայտարարվել եւ մեզ ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել:

Լևոն Բալայանը մեղադրվում է մեղավորությամբ կատարված այն հանցանքների համար, որ նա և Արտակ Արամի Խոխիկյանը 2017 թվականից զբաղվել են Հայաստանի Հանրապետությունից «Զվարթնոց» օդանավակայանով դեպի եվրոպական երկրներ և Ռուսաստանի Դաշնություն ինչպես դրոշմապիտակով, այնպես էլ առանց դրոշմապիտակ ծխախոտների արտահանմամբ և իրացմամբ, որպիսի ապօրինի գործունեությունն անխոչընդոտ իրականացնելու համար ծանոթացել են պաշտոնատար անձ հանդիսացող՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ժորա Հովհաննեսի Սողոմոնյանի հետ:

Վերջինը, ի թիվս այլնի, պարտավոր լինելով ղեկավարվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով, այլ օրենքներով ու իրավական ակտերով, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով պարտավոր լինելով իրականացնել վարչական իրավախախտումների նախականխումը, կանխումը և խափանումը, պարզել հանցագործություններ և այլ իրավախախտումներ ծնող պատճառներն ու դրանց նպաստող պայմանները, ձեռնարկել համապատասխան միջոցներ դրանք վերացնելու ուղղությամբ, մի շարք դեպքերով չի կատարել դրանք և Լևոն Բալայանի ու Արտակ Խոխիկյանի կողմից վերը նշված գործունեության բնույթով պայմանավորված իր ծառայողական լիազորությունների ազդեցության ոլորտում հայտնվելու պայմաններում, նրանց հետ ձեռք է բերել համաձայնություն՝ իր ծառայողական լիազորություններով և պաշտոնեական դիրքով պայմանավորված ազդեցությունը Լևոն Բալայանի ու Արտակ Խոխիկյանի օգտին օգտագործելու, վերջինների նկատմամբ ընդհանուր բարեհաճ վերաբերմունքի, հիշյալ ապօրինի գործունեությամբ զբաղվելուն ինչպես անձամբ, այնպես էլ ենթակա ծառայողների կողմից խոչընդոտներ չստեղծելու և դրա վերաբերյալ ՀՀ ՊԵԿ իրավասու մարմիններին չիրազեկելու, այն է՝ ապօրինի անգործության, թողտվության և հովանավորչության համար նրանցից պահանջել է յուրաքանչյուր խմբաքանակի դեպքում իրեն տալ 60.000 (վաթսուն հազար)-ական ՀՀ դրամ կաշառք-գումար, որից հետո Լևոն Բալայանը և Արտակ Խոխիկյանը նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, նկարագրված հանգամանքներում Երևան-Մոսկվա չվերթով 2023 թվականի հուլիսի 17-ին ծխախոտներ Ռուսաստանի Դաշնություն անխոչընդոտ արտահանելու դիմաց, նույն թվականի հուլիսի 14-ին Երևան քաղաքում գործող «Շողակաթ» հեռուստաընկերության դիմաց գտնվող ավտոկայանատեղիում Ժորա Սողոմոնյանին իրենց ընդհանուր գումարից տվել են 60.000 (վաթսուն հազար) ՀՀ դրամ կաշառք-գումար, որը նրան անձամբ հանդիպել և տվել է Լևոն Բալայանը:

Էռնեստ Վալերիի Գրիգորյանը, որը ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ -մայոր Վալերի Նարիմանիչ Գրիգորյանի որդին է մեղադրվում է այն հանգամանքների մեջ, որ քրեկաան գործով անցնող Արթուր Աշոտի Կարապետյանը տևական ժամանակ զբաղվել է Հայաստանի Հանրապետությունից «Զվարթնոց» օդանավակայանով եվրոպական երկրներ ինչպես դրոշմապիտակով, այնպես էլ առանց դրոշմապիտակ ծխախոտների արտահանմամբ, որպիսի ապօրինի գործունեությունն անխոչընդոտ իրականացնելու համար, դեռևս չպարզված հանգամանքներում, ծանոթացել է պաշտոնատար անձ հանդիսացող՝ ՀՀ ՊԵԿ «Արևմտյան» մաքսատուն-վարչության ավագ մաքսային տեսուչ Էռնեստ Վալերիի Գրիգորյանի հետ:

Վերջինը, պարտավոր լինելով ղեկավարվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, պարտավոր լինելով արժանապատվորեն կրել մաքսային ծառայողի բարձր կոչումը, իրականացնել ուղեբեռների նկատմամբ օրենքով սահմանված կարգով մաքսային ընթացակարգերի պահպանման, ուղևորային մաքսային հայտարարագրերի լրացման կարգի և հայտարարագրված տեղեկությունների ճշտության ստուգման, մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների ,սահմանված կարգով դրանց ընթացքի ապահովման, մաքսային մարմինների իրավասություններին վերապահված մասով մաքսանենգության, մաքսային օրենսդրության խախտումների դեմ պայքարի, դրանց կանխարգելման, կանխման ու բացահայտման միջոցառումները, որոշ դեպքերում չի կատարել դրանք և Արթուր Կարապետյանի հետ ձեռք է բերել համաձայնություն՝ իր ծառայողական լիազորություններով և պաշտոնեական դիրքով պայմանավորված ապօրինի անգործության, թողտվության և հովանավորչության համար նրանից պահանջել է յուրաքանչյուր խմբաքանակի դեպքում իրեն տալ կաշառք-գումարներ:

Այս գործով կալանքի տակ են 4 անձ, իսկ մյուս երկու անձանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:

Քնար Մանուկյան




Լրահոս