ԴԱՏԱՎՈՐԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՎՃՌԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ն Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան հայց էր ներկայացրել «Իջեւան ստուդիա» ՍՊ ընկերության  եւ «Իջեւան ստուդիա» հեռուստաընկերության լրագրող Նաիրա Խաչիկյանի դեմ` պահանջելով պարտավորեցնել Նաիրա Խաչիկյանին եւ «Իջեւան ստուդիա» ընկերությանը հրապարակայնորեն ներողություն խնդրել եւ հօգուտ «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ի բռնագանձել  3 միլիոն դրամ` որպես  փոխհատուցում, եւս 264 հազար դրամ` որպես դատական ծախս:  «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ հայցադիմումի մեջ նշված է, որ  այս տարվա հունիսի 21-ին հայկական երկրորդ հեռուստաալիքի «Լրաբեր» լրատվական ծրագրով, ինչպես նաեւ «Երկիր մեդիա» հեռուստաընկերությամբ մի քանի անգամ հեռարձակվել են տեսանյութեր, որոնց մեջ տեղ են գտել «Իջեւանի ՃՇՇ»-ի գործարար համբավն արատավորող արտահայտություններ: Դատավարությունը   սկսվել է օգոստոսի 18-ին, կայացել են դատական մի քանի նիստեր, որոնցից վերջինի` նոյեմբերի 4-ի նիստին սպասվում էր վճռի հրապարակում: Սակայն դատավոր Արշակ Շահոյանն անորոշ  ժամանակով հետաձգեց դատը, քանի որ ՄԻՊ  Կարեն Անդրեասյանը լրատվամիջոցներով անձի արժանապատվությունը վիրավորելու` Քաղաքացիական օրենսգրքի հոդվածի վերաբերյալ դիմել է Սահմանադրական դատարան: Դատավոր Շահոյանը դատը հետաձգեց մինչեւ սահմանադրական դատարանի վճռի հրապարակումը:




Լրահոս