ArnLur.am– տեղեկացավ, որ «Ջերմիկ Անկյուն» հիմնադրամը փակման վտանգի առաջ է կանգնած: 2008 թվականից գործող այս հիմնադրամը ստեղծվել է Վահե Հակոբյանի գլխավորած «Վերածնվող Հայաստան» կուսակցության պատգամավոր Ելենա Կիրակոսյանի կողմից, որը նախկինում «Հայաստան» խմբակցության պատգամավոր էր: Հիմնադրամն այժմ ղեկավարում է նրա եղբայրը՝ Մուշեղ Կիրակոսյանը:
Վահե Հակոբյանի գլխավորած «Վերածնվող Հայաստան» կուսակցությունն ազդարարեց, որ դադարեցնում է գործունեությունը ՀՀ Ազգային ժողովում։ Կուսակցության անդամ 4 պատգամավորներից երեքը՝ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, փոխնախագահներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը, օրենքով սահմանված կարգով հրաժարվեցին մանդատներից: Այդ ժամանակահատվածում ArmLur.am-ը տեղեկացավ, որ Ելենա Կիրակոսյանի մանդատը թողնելու հիմական պատճառը արտաքին ճնշումներն էին, որոնք խաթարում էին իրենց աշխատանքը: Ելենա Կիրակոսյանը, թողնելով մանդատը, անցավ իր բիզնես գործունեությանը՝ մտածելով, որ մանդատը թողնելուց հետո նրան հանգիստ կթողնեն, սակայն՝ ոչ: «Ջերմիկ Անկյուն» հիմնադրամի կողմից տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է:
«2024 թ․-ի տարեկան բյուջեի վերջնական հաստատումը անակնկալի և փաստի առաջ կանգնեցրեց մեր կազմաակերպությանը, քանի որ փաստացի բյուջեի ավելացում տեղի չունեցավ և, մեկ անձի համար օրական նախատեսված 8050 ՀՀ դրամի փոխարեն հաստատվեց նախորդ տարիներին տրամադրվող 3700 դրամ բյուջեն, որը, իրականում կազմում է ամբողջական ծախսերի մոտ 40 %-ը։ Կառավարության այս որոշման արդյունքում, որը նաև հաստատվել է ԱԺ-ի կողմից, գործող տները հայտնվել են փակման եզրին, քանի որ դոնոր կազմակերպությունը, վստահ լինելով որ հուշագրի ստորագրմամբ ապահովագրել է մեր ծառայությունների անխափան շարունակականությունը, 2024 թ-ից ամբողջությամբ դադարեցրել է իր ֆինասավորումը։ Այս ամենի արդյունքում 33 հաշմանդամություն ունեցող անձիք կարող են հայտնվել դրսում և զրկվել ծառայություններից, քանի որ անբավարար միջոցների պատճառով անհնարին կլինի շարունակել ծառայությունների մատուցումը»։
Ստացվում է, որ մանդատը թողնելն էլ հանգստություն չբերեց Ելենա Կիրակոսյանին և չդադարեցրեց իշխանությունների կողմից հետապնդումը:
Էմմա Միքայելյան