«Պատմականորեն հայ-բրիտանական փոխգործակցության ներուժն ամբողջությամբ իրացված չէ». Մխիթար Հայրապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հունվարի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին:

Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է դեսպանին նախարարության գործունեության շրջանակը և համակարգվող ուղղությունները, անդրադարձել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության մշակման աշխատանքներին, «Տիեզերական գործունեության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններին և ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված օրենսդրական նոր փաթեթի նախապատրաստմանը: Նախարարը շեշտել է, որ Հայաստանը և Միացյալ Թագավորությունն ունեն համատեղ գործակցության լայն շրջանակ՝ սկսած օրենսդրական փոփոխությունների իրագործումից մինչև գործնական քայլերի իրականացում, ճիշտ որոշումների կայացում և փորձագետների ներգրավում:

Միացյալ Թագավորության դեսպանը շնորհավորել է Մխիթար Հայրապետյանին նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, շեշտել տեխնոլոգիական ոլորտի կարևոր դերը երկկողմ միջպետական և գործարար հարաբերությունների զարգացման տեսանկյունից: Դեսպանի խոսքով՝ Միացյալ Թագավորության գերնպատակը տեխնոլոգիական գերհզոր ուժ դառնալն է, և դրան հասնելու համար իրենք ձգտում են ամուր կապեր հաստատել տեխնոլոգիական մասնագետներ ունեցող երկրների հետ:

Ջոն Գալագերը պատմել է նախորդ տարի Միացյալ Թագավորությունում տեղի ունեցած ոլորտային կարևոր միջոցառումների մասին: Դեսպանը հույս է հայտնել, որ Հայաստանը ներկայացված կլինի այս տարի Միացյալ Թագավորությունում կայանալիք «Ֆինանսական տեխնոլոգիական շաբաթ» միջոցառմանը: Նշվել է, որ բոլոր այդ միջոցառումները կարող են նպաստել տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում երկկողմ գործակցության զարգացմանը:

Մխիթար Հայրապետյանը կարևորել է փոխշահավետ համագործակցության վրա հիմնված հարաբերությունների ձևավորումը՝ նշելով Հայաստանում բարձր որակավորում ունեցող աշխատուժի և տեխնոլոգիական ենթակառուցվածքների առկայության մասին: Նախարարի խոսքով՝ դրանով է պայմանավորված Հայաստանում համաշխարհային մի շարք խոշոր ընկերությունների ներկայացվածությունը: Այդ համատեքստում նախարարը կարևորել է նաև բրիտանական ընկերություններին Հայաստան բերելու հնարավորությունների ստեղծումը:

Նախարարը նկատել է, որ պատմականորեն հայ-բրիտանական փոխգործակցության ներուժն ամբողջությամբ իրացված չէ, և այս առումով, բարձր տեխնոլոգիական ոլորտը կարող է համագործակցության լուրջ հեռանկարներ ստեղծել:




Լրահոս