ԿԱՐԳԱԶԱՆՑ ՎԱՐՈՐԴԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Երեւան քաղաքի բնակիչ Ս.Վ.-ի կողմից իրավապահների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով ոստիկանության ծառայողների նկատմամբ դիտավորությամբ բռնություն գործադրելու, վերջիններիս կողմից շահագործվող գույքը վնասելու, խուլիգանություն կատարելու, առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու, ինչպես նաեւ ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու եւ պահելու հանգամանքները պարզելու ուղղությամբ:

 

Նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024թ. հունվարի 24-ին ՀՀ ՊԾ Երեւան քաղաքի պարեկները Երեւան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ծառայություն իրականացնելու ընթացքում հաղորդում են ստացել այն մասին, որ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վերոնշյալ վարորդը ավտոմեքենան վարում է մեծ արագությամբ՝ չենթարկվելով լուսացույցների արգելող կարմիր ազդանշաններին:

Ժամը 02:00-ի սահմաններում պարեկային ծառայության աշխատակիցները, նշված ավտոմեքենան նկատելով Երեւան քաղաքի Ազատության պողոտայի եւ Թբիլիսյան խճուղու հատման վայրում, բարձրախոսով հրահանգել են կանգնեցնել, սակայն «Մերսեդես»-ի վարորդը չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջին՝ շարունակելով օրինախախտ վարքագիծ դրսեւորել:

Ավելին՝ հիշյալ վարորդը, տեսնելով, որ ոստիկաններն ավտոմեքենայով հետապնդում են իրեն, իր կողմից վարվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով հարվածել է ոստիկանների ծառայողական ավտոմեքենային՝ այդկերպ փորձելով խոչընդոտել իրավապահների օրինական ծառայողական գործունեությանը:

Այնուհետեւ, փորձելով խուսափել պարեկների հետապնդումից, իր կողմից վարվող հիշյալ ավտոմեքենան կայանել է ճանապարհի երթեւեկելի հատվածում եւ դուրս գալով ավտոմեքենայից` դիմել է փախուստի, սակայն բռնվել է ոստիկանության ծառայողների կողմից: Այդ ընթացքում կրկին խոչընդոտել է ծառայողների օրինական գործունեությանը. ոտքով հարվածել է նրանցից մեկին՝ պատճառելով մարմնական վնասվածք, իսկ ձերբակալվելու ընթացքում, խախտելով մարդկանց անդորրը, հայհոյել է այդտեղ հավաքված մարդկանց ներկայությամբ:

Բացի այդ, Ս.Վ.-ն, վերոհիշյալ գործողությունների իրականացման ընթացքում հասարակության նկատմամբ անհարգալից, իսկ իրավական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, իր անձի առավելությունը հասարակության մյուս անդամների նկատմամբ ցուցադրելու նպատակով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երեւան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարածքից մինչեւ Կոտայքի մարզի Պտղնի համայնքի վարչական տարածք վարելու ընթացքում չի ենթարկվել լուսացույցների կարմիր արգելակող ազդանշաններին եւ պարեկային ծառայության աշխատակիցների «կանգ առ» հրահանգին։ Նա ավտոմեքենան մեծ արագությամբ վարել է երթեւեկությանը հակառակ ուղղությամբ՝ այդ ամբողջ ընթացքում վտանգ ստեղծելով երթեւեկության մյուս մասնակիցների համար, ինչի հետեւանքով «Գագաթ» սննդի կետի մոտ հարվածել է «Օպել» մակնիշի ավտոմեքենային՝ վնասելով այն:

Բացի այդ, չունենալով տրանսպորտային միջոց վարելու իրավունք, ձերբակալվելուց հետո նշված վարորդը հրաժարվել է սթափության զննության ենթարկվելուց:

Պարզվել է նաեւ, որ վերջինս դեռեւս չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք է բերել եւ պահել զգալի չափի՝ 0.0026 գրամ «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց, որը հայտնաբերվել է վերջինիս անձնական խուզարկությամբ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Ս.Վ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 297-րդ հոդվածի 1-ին մասով, 344-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 396-րդ հոդվածի 1-ին մասով:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ կալանավորված Սարգիս Վարդանյանը Ճվճվ Արոյի՝ Արա Վարդանյանի որդին է, որը ավագանու անդամ էր։ Արա Վարդանյանի դին տարիներ առաջ գտան տանը, ու այդպես էլ առեղծված մնաց՝ նրան սպանեցին, թե վերջինս սրտի կաթված էր ստացել։ Սակայն, սա միակ դեպքը չէ, որ կատարվել է Վարդանյանների ընտանիքում, որ մնաց առեղծված։ Ինչպես հայտնի է, 2018 թվականի հուլիսի 9-ին իր տանը ինքնասպան էր եղել 69-ամյա Նիկոլայ Գաբրիելյանը՝ հանրությանն առավել հայտնի «ՏրասԳազ» ՍՊԸ-ի տնօրեն Գազի Կոլյան: Տեղեկություններ տարածվեցին, որ նա ինքնասպան է եղել պարգեւատրված զենքով: Գաբրիելյանի դին գտել էին գլխի շրջանում հրազենային վնասվածքով, տուժածի ձեռքին էլ եղել էր ատրճանակը: Գազի Կոլյան կարգազանց վարորդ Սարգիս Վարդանյանի պապիկն է։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

02 ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐՎԵԼ Է

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ ՆԳ նախարարության 02 վարչությունը լուծարվել է։

 

Ըստ մեր տեղեկությունների՝ այն կապված է ոստիկանության բարեփումների հետ։

Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 16-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ արտահերթ նիստում, 67 կողմ, 6 դեմ ձայնով ընդունեց Ներքին գործերի նախարարություն (ՆԳՆ) ստեղծելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը:

Նախքան քվերակությունը արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը տեղեկացրեց, որ փաթեթում որոշակի փոփոխություններ են արել առաջինից երկրորդ ընթերցման ռեժիմում, որոնք, նրա խոսքով, միտված են հնարավոր տեխնիկական խնդիրները շտկելուն։

«ՆԳՆ ֆունկցիոնալ բազայից հանվել է աշխատանքի միգրացիայի ոլորտում քաղաքականության մշակման հատվածը»,- ասաց Սարգսյանը՝ պարզաբանելով՝ կառավարությունը գտնում է, որ աշխատանքի ոլորտում քաղաքականությունը պետք է շարունակի մշակել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, իսկ Ներքին գործերի նախարարությունն ընդամենը կօժանդակի տարբեր պրոցեսների կատարմանը:

Մասնավորապես, փոփոխություններ են արվել նաեւ զենքի շրջանառության կարգավորման մասին օրենքում, Ոստիկանության կարգապահական կանոնագրքում։

Այսպիսով, ըստ ընդունված նախագծի՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունը կդադարեցնի իր գործունեությունը։ ՆԳՆ ենթակա մարմիններ կլինեն Ոստիկանությունը, Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը, Փրկարար ծառայությունը:

«Այս փոփոխության ամենախորքային եւ ամենահեռանկարային իմաստը նոր ստանդարտի ոստիկանություն եւ նոր ստանդարտի փրկարար ծառայություն ունենալն է»,- կառավարություն նիստում ասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԳՈՂՈՒԹՅՈՒՆ՝ ԱՐՑԱԽՑԻ ՈՒՍԱՆՈՂՈՒՀՈՒՑ

ArmLur.am-ը կապ է հաստատել ուսանողուհու հետ եւ Ն.Ա-ն պատմեց դեպքի մանրամասները. «Երիտասարդականում գտնվող «Յունիբանկ»-ի բանկոմատից քարտիցս 300 հազար ՀՀ դրամ եմ կանխիկացրել եւ միանգամից անցել եմ մյուս մայթ, կանգառում սպասել տրանսպորտին: Պայուսակիս ուշադիր էի: Գիտակցում էի, որ մեծ գումար կա մոտս, չկորցնեմ: Ընդհանուր 307 հազար էր: Երբ 35 համարի երթուղայինը մոտեցավ կանգառին, ես այդ պահին գրպանիցս տրանսպորտի գումարը հանեցի, որ նախապես վճարեմ ու ճանապարհ ընկնեմ: Տրանսպորտ բարձրանալուց զգացի, որ պայուսակս քաշեցին, շրջվեցի, տեսա պայուսակս բաց է, իսկ դրամապանակս չկա: Կանգառում հավաքված մարդիկ շատ էին, հարցրեցի՝ կարմիր գույնի դրամապանակ տեսել են արդյոք, ասացին՝ չեն նկատել: Այդ ընթացքում ոստիկանություն զանգեցի ու կանգառից մի քիչ վերեւ բարձրացա։ Երբ իջա նորից կանգառ, տեսա, որ հավաքված մարդիկ դրամապանակս գտել են աղբամանից: Բանկային քարտերս ու արծաթե խաչս մեջն էր, բայց գումարն ամբողջությամբ վերցրել էին: Ես չեմ տեսել գողացողին, բայց ասում են՝ գլխարկով ու բարձրահասակ տղամարդ է եղել: Դիմել եմ ոստիկանություն, հուսով եմ՝ կգտնվի:

Ենթադրում եմ, որ ինձ հետեւել են հենց բանկոմատի կողքից, որովհետեւ հանել ու միանգամից եկել եմ կանգառ, որ բարձրանամ տուն: Մինչեւ տրանսպորտի գալը մոտս էր, բարձրանալուց եղավ դեպքը: Ենթադրում եմ, որ մտածել են՝ տրանսպորտ մտնելուց վերցնեն, որ անգամ չիմանամ՝ որտեղ են գողացել»:

Դեպքի բացահայտումով զբաղվում են իրավապահները, իսկ մենք հետամուտ կլինենք դեպքի բացահայտմանը:

Մեր այն հարցին, իսկ որտեղից նրան 300 ՀՀ դրամ գումարը, Ն.Ա-ն հայտնեց. «Ես մասնագիտությամբ լրագրող եմ, եւ նյութեր էի գրել Արցախի մասին, շրջափակման վերաբերյալ ու անցած դառը մեր օրերի մասին, որոնք ներկայացրել էի մրցանակաբաշխության, եւ ինձ 1000 եվրոյի չափով դրամական աջակցություն էին տվել՝ որպես մրցանակ: Միակ մրցանակը ես չեմ ստացել, այլ բոլոր այն անձիք, ովքեր հատուկ անդրադարձ էին ունեցել Արցախի կյանքին ու Արցախի ցավին: Ցավոք, իմ՝ Արցախի մասին նյութի դրամական պարգեւը չվայելեցի, ու այնքան նպատակներ ունեի.. Չգիտեմ, սիրտս ցավեց այդ պահին, որ կորցնելով իմ հայրենիքը՝ այսօր դեռ շարունակում եմ փորձությունների միջով անցնել»:

ԷՄՄԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս