ArmLur.am-ի հետ զրույցում դատավոր Արգիշտի Ղազարյանը չէր կանխատեսում, որ իր կայացրած որոշման դեմ ՄԻԵԴ-ը որոշում կկայացներ:
ArmLur.am-ը գրել էր, որ ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորներ Ռուզաննա Հակոբյանի, դատավոր Հովսեփ Բեդևյանի եւ Քրիստինե Մկոյանի, Արգիշտի Ղազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել: Պատճառն այն է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ ՄԻԵԴ-ի որոշում կա, որը փաստացի նրանց դեմ է:
ՀՀ բարձրագույն դատական խորհրդից հաստատել էին «Ժողովուրդ» օրաթերթի այս տեղեկությունը:
«Այո՛, հաստատում եմ, որ ԲԴԽ ստացել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացված միջնորդությունը, որի հիմնավորումների համաձայն՝ Վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանի, Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորներ Հովսեփ Բեդևյանի, Քրիստինե Մկոյանի, Ռուզաննա Հակոբյանի կողմից թույլ են տրվել դատավարական իրավունքի նորմերի՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի», իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ Վարչական դատավարության օրենսգրքի որոշ հոդվածների խախտումներ»,- հայտնել էր ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը:
Դատական համակարգում արդեն աղմուկ է բարձրացել, և շատ դատավորներ անհամբեր սպասում են՝ արդյոք ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն այս դատավորների լիազորություները կդադարեցնի, ինչպես դա փաստացի արեց այլ դատավորների մասով: Այս քառյակում նրա սանիկն է, ընկերն ու «ենթական»:
Հիշեցնենք, որ անցած տարի Բարձրագույն դատական խորհուրդը Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադեւոսյանին, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանին, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանին, Տիգրան Պետրոսյանին եւ Վճռաբեկ դատարանի դատավոր Սուրեն Անտոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշում կայացրեց:
Ենթադրվում է, որ այս դատավորները եւս պետք է արժանանան ազատված պաշտոնյաների ճակատագրին:
Եթե նոր քառյակը ներվեց, կնշանակի, որ Կարեն Անդրեասյանն ու իր ճաշակով ձևավորված ԲԴԽ-ն ընտրովի արդարադատություն են իրականացնում, ինչը բազմիցս մերժել է հենց ինքը:
Դատավորների դեմ կարգապահական վարույթի որոշումը կհրապարակվի փետրվարի 5-ին։
Մանրամասները՝ տեսանյութում:
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան