ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ՝ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Էրազմուս+» բարձրագույն կրթության ոլորտում կարողությունների զարգացման «Մանկավարժական կրթության փոխակերպումը հանուն կանաչ եւ թվային անցման Հայաստանում եւ Մոլդովայում» ծրագրի մեկնարկին:

 

ԿԳՄՍՆ-ից  հայտնում են, որ միջոցառմանը ներկա են եղել նաեւ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան, բուհերի ներկայացուցիչներ, դասախոսներ, ուսանողներ:

Ծրագրի նպատակն է բարեփոխել մանկավարժական կրթությունը Հայաստանում՝ անցում կատարելով ավանդականից դեպի ապագային միտված ուսումնական ծրագրերի եւ ուսուցման մեթոդների, դեպի հանրակրթության ազգային նպատակների իրագործում՝ կանաչ եւ թվային ուսուցման միջոցով:

Ծրագրի տեւողությունը 3 տարի է. ֆինանսավորումն ամբողջությամբ իրականացվում է Եվրամիության «Էրազմուս» ծրագրի շրջանակում: Վերանայվելու եւ ամբողջովին վերափոխվելու է բակալավրի, մագիստրոսական 5-ական եւ 2 կարճաժամկետ ծրագիր:

Ծրագրի համակարգողը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանն է, գործընկեր բուհերն են ԵՊՀ-ն եւ Շիրակի պետական համալսարանը, ինչպես նաեւ երկու մանկավարժական բուհ Մոլդովայից, որոնք ծրագրի հիմնական շահառուներն են:  Ծրագրի շրջանակում նախատեսվում է մշակել ուսուցչի մասնագիտության հայեցակարգը՝ 2027-2035 թվականների համար:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է կարեւոր ծրագրի մեկնարկի առիթով եւ ընդգծել՝ կրթության ոլորտի մեծածավալ բարեփոխումները պահանջում են, որպեսզի այդ փոփոխություններն ունենան իրենց տրամաբանական արտացոլումը մանկավարժական կրթության հայեցակարգում եւ բովանդակության մեջ:

«Մանկավարժական կրթության բարեփոխումը խիստ առանցքային խնդիր է. շատ բան կարող է փոխվել, բայց դպրոցում ամենակարեւոր մարդը շարունակում է մնալ ուսուցիչը, որի ազդեցությունը երեխաների եւ կրթական արդյունքի ու բովանդակության վրա անգնահատելի է: Անչափ կարեւոր է, որ մանկավարժական կրթության որակն ու բովանդակությունը համահունչ լինեն ժամանակակից մարտահրավերներին»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ շնորհակալություն հայտնելով կարեւոր նախաձեռնության հեղինակներին:

ԿԳՄՍ նախարարը նաեւ ընդգծել է ծրագրի կարեւորությունը կրթության ոլորտի մեկ այլ մակարդակի՝ բարձրագույն կրթության բարեփոխումների հայեցակարգում: Նրա գնահատմամբ՝ ամենակարեւոր աշխատանքը բարձրագույն կրթության վերափոխումն է, որպեսզի այն դառնա մրցունակ, միջազգայնորեն ճանաչելի եւ համադրելի: Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը կարեւորել է այն հանգամանքը, որ ծրագիրն իրականացվելու է 5 գործընկեր բուհերի հետ համադրմամբ եւ ՀՊՄՀ համակարգմամբ:

«Սա շատ կարեւոր աշխատանք է, որն ի սկզբանե աջակցելու է թե՛ միջազգայնացմանը, թե՛ բարձրագույն կրթության որակական փոփոխությանը: Կրթության ոլորտի բարեփոխումների առանցքում բարձրագույն կրթությունն ունի առանցքային նշանակություն: Այս իմաստով հատկապես կարեւոր է ծրագրի շրջանակում մշակվելիք մանկավարժական կրթության հայեցակարգը, որը, կարծում եմ, ուղենշային փաստաթուղթ կդառնա մեր երկրումեւ ոչ միայն՝ մանկավարժական կրթության կազմակերպման եւ առաջնորդման համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ հայտնելով նախարարության պատրաստակամությունն աջակցելու ծրագրի ընթացքին:

Ծրագրի մեկնարկի առիթով ներկաներին ողջունել է նաեւ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ ընդգծելով. «Այսօր դպրոցը եւ մանկավարժությունը մարտահրավերային փուլում են. գտնվելով տեխնոլոգիական հեղափոխության ժամանակաշրջանում, երբ ամեն ինչ շատ արագ է զարգանում, դպրոցը եւ ուսուցիչը պետք է հասցնեն համընթաց քայլել: Հետեւաբար, ուսուցչի դերը, նրա կողմից կիրառվող մեթոդները, դասի կառավարման իրականացումը բոլորովին այլ սկզբունքների վրա պետք է հիմնված լինեն»,- ասել է նախարարի տեղակալը՝ վստահություն հայտնելով, որ ծրագրի շրջանակում իրականացվող բոլոր գործողությունները միտված են լինելու ուսուցիչների՝ անհրաժեշտ հմտություններով ու կարողություններով զինմանը:

Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գեւորգյանի խոսքով՝ հատուկ վերափոխման եւ վերանայման են ենթարկվելու 3 հիմնական ուղղություններ՝ օտար լեզուների, հատուկ եւ ներառական մանկավարժության, ԲՏՃՄ առարկաների ոլորտների բոլոր ծրագրային մոտեցումները եւ մեթոդները, որոնց համար կձեւավորվի հստակ գործիքակազմ:

Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսն իր հերթին նշել է, որ ծրագրի շրջանակում իրականացվող կանաչ եւ թվային կրթությունն ապահովում է հասարակության կայուն զարգացումը, ինչն էլ առնչվում է մանկավարժական կրթության հիմնահարցերին:

Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան, կարեւորելով մանկավարժների գործունեությունը, հույս է հայտնել, որ ծրագիրը կօգնի ուսուցիչներին իրենց աշխատանքն ավելի հստակ եւ արդյունավետ կազմակերպել:

ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ

 

 

 

 

ԱՊՕՐԻՆԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում փետրվարի 22-ին կկայանա «Օրրան» բարեգործական կազմակերպության հարեւանությամբ կառուցվող շենքի շինարարական աշխատանքների արգելքի վերացման պահանջով նախնական նիստը։

 

Վարչական եւ Երեւանի քաղաքացիական դատարանները կայացրել էին որոշում, որով պարտադրել էին կառուցապատողին կասեցնել ապօրինի շինարարությունը։ Որոշումը, սակայն, բողոքարկվել էր պատասխանող կողմի՝ կառուցապատողի կողմից։

«Օրրան»-ը 2023թ. դեկտեմբերի 11-ին հրավիրել էր մամումի ասուլիս՝ ահազանգելու իր հարեւանությամբ կառուցվող ապօրինի շինարարության մասին, որը, խախտելով օրենքով սահմանված թույլատրելի 6 մետր հեռավորությունը, կառուցվում է 1,6 մետր հեռավորության վրա՝ վտանգի տակ դնելով ամեն օր «Օրրան» հաճախող հարյուրավոր երեխաների, աշխատակիցների եւ հյուրերի կյանքը։

Բարեգործական կազմակերպությունն արդեն 23 տարի ամենօրյա օգնություն է ցուցաբերում կարիքավոր ընտանիքների, երեխաների եւ տարեցների։

Ն.  ԱՂԱՍՅԱՆ

 

 

 

ԾԵՐ ՇՆԵՐ՝ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ

Տուրիստական Դիլիջան քաղաքում թափառում են անտեր շների խմբեր։ Բազմաթիվ են դեպքերը, երբ սոված, ագրեսիվ, անտեր շները հարձակվել են դիլիջանցիների, այդ թվում՝ երեխաների վրա, վնասվածքներ պատճառել։ Դիլիջանցի շատ մայրեր անհանգստանում են, մինչեւ իրենց երեխան դպրոցից բարեհաջող տուն է վերադառնում։ Դիլիջանի բնակիչները հայտնեցին, որ տուրիստական քաղաքի անտեր, թափառող շները ավելացել են՝ դրսից բերված շների հաշվին։ Դիլիջանցիները մի քանի ագամ տեսել են, որ Լոռու մարզի Լերմոնտովո եւ Ֆիոլետովո գյուղերի բնակիչները տեղափոխում, ավտոմեքենայից Դիլիջանում բաց են թողնում իրենց ծերացած շներին։

 

 

 

ԴՊՐՈՑՆԵՐ ԿԿԱՌՈՒՑՎԵՆ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում ենք ուղարկել՝ հարցնելով թե «300 դպրոց եւ 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակերում Տավուշի որ բնակավայրերում են կառուցվում դպրոցների եւ մանկապարտեզների շենքեր, որքան են կազմում այդ ծրագրերի արժեքները, երբ են դրանք  գործարկվելու։ Մարզպետարանից  հայտնել են, որ ներկայումս Գանձաքար գյուղում կառուցվում է  480 աշակերտի համար նախատեսված միջնակարգ դպրոցի նոր շենք, ծրագրի արժեքը՝ 1 միլիարդ 822 միլիոն 20 500 դրամ, շենքը կգործարկվի 2024թ. հուլիսին։ Կիրանց գյուղում 100 աշակերտի միջնակարգ դպրոցի մոդուլային շենքի կառուցման արժեքը 680 միլիոն դրամ է, նախատեսված է շահագործման հանձնել 2024 թվականի մարտին։ Դովեղում 100 աշակերտի համար նախատեսված միջնակարգ դպրոցի մոդուլային շենքը կառուցվում է 782 միլիոն դրամ ֆինանսավորմամբ, նախատեսվում է գործարկել 2025թ. դեկտեմբերին։ Նախագծային ավարտական փուլում է 250 աշակերտի համար նախատեսված Նավուրի միջնակարգ մոդուլային դպրոցի շինարարության ծրագիրը։ Նախագծային փուլում է  432 աշակերտի համար նախատեսված Այրում քաղաքի միջնակարգ դպրոցի կառուցման ծրագիրը։ Մրցութային փուլում են  նաեւ 432-ական աշակերտի համար նախատեսված Բագրատաշենի թիվ 1 եւ Արծվաբերդի թիվ 1 միջնակարգ դպրոցների շինարարության ծրագրերը, նաեւ 350-ական աշակերտի համար նախատեսված Կոթիի միջնակարգ դպրոցի, Կողբի թիվ 1 միջնակարգ եւ Սեւքարի միջնակարգ դպրոցների շենքերի կառուցման ծրագրերը։ Այդ շենքերի շինարարության մեկնարկը կտրվի 2024թ.-ին , իսկ 288 աշակերտի համար նախատեսված Այգեձորի միջնակարգ դպրոցի շինարարության մեկնարկը կլինի 2025թ.-ին։ 150 սանի համար նախատեսված Աղավնավանքի կրթահամալիրի, 250 սանի համար նախատեսված Պտղավանի կրթահամալիրի, 300 սանի համար նախատեսված Ոսկեվանի կրթահամալիրի, 400 սանի համար նախատեսված  Լուսաձորի կրթահամալիրի, 500 սանի համար նախատեսված Նորաշենի կրթահամալիրի շենքերի կառուցումը նախատեսված է սկսել 2024թ.-ին։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս