ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես բանակում ծառայելու ժամանակ վիրավորվել եմ: 2006թ. բնակարանի մակերեսի բարելավման խնդրանքով դիմում եմ գրել պաշտպանության նախարարությանը: 2010թ. հետաքրքրվեցի եւ տեղեկացա, որ ես այդ ցուցակում 343-րդն եմ: Ուզում եմ իմանալ, թե հերթս երբ կհասնի, բացի այդ, պատրաստվում եմ ամուսնանալ, հնարավո՞ր է, որ զագսավորվելու դեպքում հերթս առաջ ընկնի, եւ բնակարանային մակերեսի հետ կապված փոփոխություններ լինեն:

Սուրեն Գալստյան, 34 տարեկան, տնտեսագետ


ՊԱՏԱՍԽԱՆ. Սուրեն Ստեփանի Գալստյանը 2006թ-ից հաշվառվել է Նոր Նորք համայնքի կողմից ՊՆ ուղարկված բնակարանի բարելավման կարիքավորների հերթացուցակում թիվ 306 հերթական համարով: ՀՀ ՊՆ բնակարանային հանձնաժողովը, ըստ սահմանված կարգի, Ս.Գալստյանի բնակարանային հարցին կանդրադառնա թվով 305 հերթական համարով հաշվառված կարիքավոր ընտանիքներին անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելուց հետո: Ինչ վերաբերում է Ս.Գալստյանի` ամուսնությունից հետո հերթացուցակում առաջ ընկնելուն, ապա նրան անհատույց պետական ֆինանսական աջակցություն կտրամադրվի ըստ հերթի: Բնակարանային մակերեսի հետ կապված փոփոխության վերաբերյալ. բնակարանային հանձնաժողովն առաջնորդվում է 09.06.2006թ. ՀՀ կառավարության 947-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետի դրույթներով, ըստ որի` 1 սենյականոց բնակարան հատկացվում է նույն սեռի կամ տարբեր սեռի երկու մարդուց բաղկացած ընտանիքին, եթե երեխան 9 տարեկանից փոքր է, ինչպես նաեւ ամուսիններին: 2 սենյականոց բնակարան հատկացվում է 9 տարեկանից մեծ տարբեր սեռի երկու (բացի ամուսիններից) եւ երեք մարդուց բաղկացած ընտանիքին: 3 սենյականոց բնակարան հատկացվում է 4-5 մարդուց բաղկացած ընտանիքներին: 4 սենյականոց բնակարան հատկացվում է 6-7 մարդուց բաղկացած ընտանիքներին:

ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն


«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մի քանի պատճառներ, որոնք կարող են որպես առավելություն դիտվել, փաստորեն, հաշվի չեն առնվում, ու Սուրեն Ստեփանի Գալստյանին ոչինչ չի մնում, քան  սպասել բնակարան ստանալու իր հերթին:




Լրահոս