ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ուղերձով դիմել է ռուս ժողովրդին։
«Հարգելի Ռուսաստանի քաղաքացիներ
Դիմում եմ ձեզ արյունալի, բարբարոսական ահաբեկչության կապակցությամբ, որի զոհերը տասնյակ խաղաղ, անմեղ մարդիկ են՝ մեր հայրենակիցները, այդ թվում՝ երեխաներ, դեռահասներ, կանայք։
Բժիշկներն այժմ պայքարում են տուժածների՝ ծանր վիճակում գտնվողների կյանքի համար։ Համոզված եմ՝ կանեն հնարավոր և նույնիսկ անհնարին ամեն ինչ՝ բոլոր վիրավորների կյանքն ու առողջությունը պահպանելու համար։
Շնորհակալական հատուկ խոսքեր շտապօգնության և օդային շտապօգնության բրիգադներին, հատուկ ջոկատայիններին, հրշեջներին, փրկարարներին, ովքեր ամեն ինչ արեցին մարդկանց կյանքը փրկելու, կրակի տակից, կրակի ու ծխի էպիկենտրոնից դուրս բերելու և էլ ավելի մեծ կորուստներից խուսափելու համար։
Չեմ կարող ուշադրության չարժանացնել շարքային քաղաքացիների օգնությունը, ովքեր ողբերգությունից հետո առաջին րոպեներին անտարբեր չմնացին և բժիշկների ու անվտանգության աշխատակիցների հետ առաջին բուժօգնություն ցուցաբերեցին, տուժածներին տեղափոխեցին հիվանդանոցներ», – ասլ է Պուտինը և հավելել, որ անհրաժեշտ օգնություն կտրամադրեն բոլոր այն ընտանիքներին, որոնք սարսափելի դժբախտություն են ապրել, ինչպես նաև վիրավորներին։
Նա իր խորին, անկեղծ ցավակցությունն է հայտնել բոլոր նրանց, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին․ «Ձեզ հետ սգում է ողջ երկիրը, մեր ողջ ժողովուրդը»։ Պուտինը մարտի 24-ը հայտարարել է համազգային սգո օր։
Նախագահը տեղեկացրել է, որ Մոսկվայում և մերձմոսկովյան շրջանում երկրի բոլոր շրջաններում իրականացվում են լրացուցիչ հակաահաբեկչական և հակադիվերսիոն միջոցառումներ և հավելել, որ հիմա գլխավորը արյունահեղության հետևում կանգնածների կողմից նոր հանցագործություն թույլ չտալն է։
«Ինչ վերաբերում է այս հանցագործության քննությանը և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքներին, ապա ներկայումս կարելի է ասել հետևյալը. ահաբեկչության բոլոր չորս անմիջական հեղինակները՝ բոլոր նրանք, ովքեր կրակել և սպանել են մարդկանց, հայտնաբերվել և կալանավորվել են։ Նրանք փորձել են թաքնվել ու շարժվել դեպի Ուկրաինա, որտեղ, նախնական տվյալներով, ուկրաինական կողմից նրանց համար պատրաստվել է պետական սահմանը հատելու պատուհան։
Կրկնում եմ՝ քննչական և իրավապահ մարմիններն ամեն ինչ անելու են հանցագործության բոլոր մանրամասները պարզելու համար։ Բայց արդեն ակնհայտ է, որ մենք կանգնած ենք ոչ միայն մանրակրկիտ ցինիկ ծրագրված ահաբեկչության, այլ խաղաղ, անպաշտպան մարդկանց նախապատրաստված և կազմակերպված զանգվածային սպանության հետ։
Այս հանցագործության բոլոր մեղավորները, կազմակերպիչները և պատվիրատուները կկրեն արդար և անխուսափելի պատիժ: Ով էլ որ լինի, ով էլ առաջնորդի: Կրկնում եմ՝ մենք բացահայտելու և պատժելու ենք բոլոր նրանց, ովքեր կանգնած են ահաբեկիչների թիկունքում, ովքեր նախապատրաստել են այս վայրագությունը, այս հարձակումը Ռուսաստանի վրա, մեր ժողովրդի վրա:
Ռուսաստանը բազմիցս անցել է դժվարին, երբեմն անտանելի փորձությունների միջով, բայց ավելի է հզորացել։ Հիմա էլ այդպես կլինի», – ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։