Երևանի և Բաքվի միջև տարածքային վեճերն ու հավակնությունները պետք է լուծվեն բացառապես քաղաքական և դիվանագիտական մեթոդներով. Զախարովա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին թուլացնել լարվածությունը: Կարևոր է, որ լրատվամիջոցները կառուցողական դեր ունենան և մեդիատարածքում սադրիչ տեղեկատվություն չտարածեն։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Կարող եմ ասել, որ Երևանի և Բաքվի միջև բոլոր տարածքային վեճերն ու հավակնությունները պետք է լուծվեն բացառապես քաղաքական ու դիվանագիտական ​​մեթոդներով՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի շրջանակում։

Մենք մեր կողմից պատրաստ ենք ամեն կերպ աջակցել դրան։ Կարծում ենք, որ վաղուց եկել է եռակողմ մեխանիզմների (Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան) ռիթմիկ աշխատանքը վերականգնելու ժամանակը, կոչ ենք անում մեր գործընկերներին քաղաքական կամք ցուցաբերել, վերսկսել շփումները, որոնց շրջանակում Ռուսաստանի աջակցությամբ սկսվել է ամենաբարդ հարցերի լուծումների որոնումը, այդ թվում՝ սահմանների սահմանազատումը, տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը, խաղաղության պայմանագրի մշակումը»,- ասել է Զախարովան:

Նա վստահեցրել է, որ ի տարբերություն ԵՄ-ի և ԱՄՆ-ի՝ Ռուսաստանը միշտ հանդես է եկել համապարփակ փոխզիջումային կարգավորման օգտին։ «Մեր առաջարկները մնում են բանակցությունների սեղանին»,- նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։




Լրահոս