Հայաստանի Հանրապետությունում 2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ եղել է 491 հազար 594 խոշոր եղջերավոր կենդանի։
ArmLur.am-ը ՀՀ բաց աղբյուրներից տեղեկացավ, որ այդ թվում Երևանում կա 3 հազար 406 խոշոր եղջերավոր կենդանի։
Խոշոր եղջերավոր կենդանիների ամենաշատ գլխաքանակը հաշվարկվել է Գեղարքունիքի մարզում 75 հազար 829 գլուխ, իսկ ամենաքիչ գլխաքանակը եղել է Վայոց ձորի մարզում ՝ 15 հազար 090 գլուխ։
Հիշեցնենք, որ դեռ 2022 թվականի ավարտին Հայաստանում մեկնարկել էր խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը։
ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը 2022 թվականին նշում էր, որ կենդանիների համարակալման ծրագիրն առաջին հերթին նպաստելու է հիվանդությունների դեմ արդյունավետ պայքարին, համաճարակային իրավիճակի բարելավմանն ու սննդամթերքի անվտանգության ապահովմանը։
«Ծրագիրը կնպաստի ոլորտի հետագա զարգացմանն ուղղված այլ քայլերի մշակմանը, և համարակալումը նախապայման կհանդիսանա կենդանիների ապահովագրման ծրագրի ներդրման համար։ Կենդանու անձնագիրը ֆերմերի առաջ կբացի արտերկրյա շուկաների դռները։ Արտաքին շուկաներում պահանջներից մեկը հետագծելի սննդամթերքի առկայությունն է։ Համարակալված կենդանիներն ապահովում են այդ հետագծելիությունը»։
Այս ներդրված համակարգին զուգահեռ 2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը կազմել է 559 հազար 627, իսկ 2021-ին՝ 613 հազար 413։ Այս տարի՝ 2024 թվականի հունվարին 1-ին 491 հազար 594 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի է հաշվարկվել։ Վերջին տարիների տվյալները իրար կողքի դնելուց հետո հասկանում ենք, որ աստիճանաբար տարեցտարի խոշոր եղջերավոր կենդանիների քանակը ամբողջ Հայաստանում նվազում է։
Ստացվում է, որ խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը իշխանության համար հեշտացավ և գնալով այս ներդրված համակարգը գուցե կորցնի անհրաժեշտությունը։