Հանրապետության նախագահի հրամանագրով Տիգրան Իզմիրլյանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով: Պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ նախագահ Վահագն Խաչատուրյանը, հանձնելով բարձրագույն պարգև նրա որդի, Սարգիս Իզմիրլյանին, նշել է. «Մեր այսօրվա հանդիպման նպատակը հայ ժողովրդի նվիրական զավակ ու երախտավոր Տիգրան Իզմիրլյանին Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգևով՝ Հայրենի շքանշանով պարգևատրելն է:
Դժվար է գերագնահատել պարոն Իզմիրլյանի ավանդը հայապահպանության, կրթության, առողջապահության և բազմաթիվ այլ ոլորտներում: Իր ամբողջ գործունեության ընթացքում նա առաջնորդվել է բացառապես մարդասիրությամբ և հայրենիքի հանդեպ սերը՝ գործով, ստեղծելով ու կառուցելով ի ցույց դնելու սկզբունքներով:
Մեզ շատ երկար ժամանակ կպահանջվի, որպեսզի թվարկենք 1990 թվականից ի վեր Իզմիրլյան հիմնադրամի կողմից իրականացված ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնք հենց ասվածի վկայությունն են: Հայ ժողովուրդն արդեն իսկ գնահատել է Իզմիրլյան ընտանիքի հայրենանվեր գործունեությունը՝ արժանացնելով նրանց իր ջերմ ու անվիճարկելի սիրուն և հարգանքին:
Բայց միևնույն ժամանակ մեր պետությունը և պետական պաշտոնյաներս յուրատեսակ պարտականություն ունենք արժանին մատուցել, գնահատել և պարգևատրել մեր երկրի և ժողովրդի մեծ բարեկամներին ու արժանավոր որդիներին:
Այսօր ես մեծ ուրախությամբ և երախտագիտությամբ եմ մեր պետության բարձրագույն պարգևը հանձնում իր արժանի տիրոջը: Վստահ եմ, որ Իզմիրլյանների ամբողջ գործունեությունը տասնամյակներ շարունակ ոգևորության աղբյուր է դարձել աշխարհասփյուռ հայության համար:
Համոզված եմ նաև, որ այդ գործունեության ավելի ու ավելի մեծ, իրական ու գնահատելի արդյունքների ականատեսն ենք լինելու ամենատարբեր բնագավառներում:
Ավարտելով խոսքս, ես սրտանց շնորհավորում եմ Տիգրան Իզմիրլյանին պետական բարձրագույն պարգևին և Հայաստանի Ազգային հերոսի կոչմանն արժանանալու, ինչպես նաև բոլորիս՝ մեր կողքին նման հայրենակից ունենալու համար»:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը նաև ընդունել է Սարգիս Իզմիրլյանին և իր տիկնոջը՝ Հելենա Իզմիրլյանին: Նախագահը բարձր է գնահատել Իզմիրլյան ընտանիքի ավանդը և գործունեությունը Հայաստանի զարգացման գործում:
«Մեզ համար մեծ պատիվ է գնահատել Ձեր հայրիկի և Ձեր ընտանիքի կատարած աշխատանքները: Դուք գնահատված եք ոչ միայն մեր պետության, այլ ընդհանրապես աշխարհասփյուռ հայության կողմից: Հույս ունեմ, որ մենք հետագայում, շարունակելով մեր համագործակցությունը, նոր հաջողություններ կարձանագրենք:
Վստահ եղեք, որ Հայաստանի Հանրապետության այսօրվա իշխանությունները հնարավոր ամեն ինչ անում են, որ մեր երկիրն իսկապես հզորանա, տնտեսությունը զարգանա, մարդիկ ավելի բարեկեցիկ ապրեն և, իհարկե, նաև մեր պաշտպանողականությունն ամրապնդվի»,- նշել է նախագահը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Սարգիս Իզմիրլյանը ասել է. «Ինձ համար պատիվ է հանդիպել Ձեզ հետ: Իմ ընտանիքը մեծապես երախտապարտ է այն պարգևի համար, որն այսօր իմ հայրը ստացավ: Նա միշտ ասում է հայերը պետք է օգնեն հայերին: Աշխարհի, որ մասում էլ լինենք, մենք առաջին հերթին հայ ենք»: