ԿԵՂԾ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՊԵԿ Բագրատաշենի մաքսակետի մաքսային տեսուչներ Ա. Մ.-ն և Ա. Գ.-ն, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում բեռնատարների վարորդների օժանդակությամբ, դիտավորությամբ չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները և առանց համապատասխան ապրանքների առկայությունն ստուգելու թույլատրել են դատարկ բեռնատարների ելքը, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 700 մլն ՀՀ դրամի գույքային վնաս:

 

Մասնավորապես՝ 2023 թ. դեկտեմբերի 25-ին եւ 26-ին մաքսային տեսուչ Ա. Մ.-ի մտերիմ Ռ. Գ.-ն Իրանի Իսլամական Հանրապետությունից ներմուծել է 87,6 տոննա շարժիչային յուղեր, սակայն ներքին սպառման նպատակով ներմուծված հիշյալ ապրանքների համար շուրջ 69 մլն ՀՀ դրամի չափով մաքսատուրքեր, հարկեր եւ այլ տուրքեր վճարելու պարտավորությունից ազատվելու համար տնտեսվարողը դրանք ձեւակերպել է «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով: Այնուհետեւ դրանք տեղափոխող բեռնատարները մինչեւ Բագրատաշենի մաքսակետ հասնելը դատարկվել են եւ առանց բեռների մուտք գործել արտահանման ուղղության վրա տեղակայված հսկողության տարածք: Նույն պահին արտահանման տեղամասում ծառայություն իրականացնող մաքսային տեսուչներ Ա. Մ.-ն եւ Ա. Գ.-ն, առանց բեռնատարները կշռելու եւ դրանցում համապատասխան ապրանքների առկայությունն ստուգելու, դիտավորյալ չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները եւ վերոհիշյալ տրանսպորտային միջոցների վարորդների օժանդակությամբ թույլատրել են իրականում չարտահանվող ապրանքների տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից երրորդ երկրներ՝ այդ կերպ Ռ. Գ.-ին ազատելով հարկերը վճարելու պարտականությունից:

Բացի դրանից, նախաքննության ընթացքում բացահատվել է նույն մեխանիզմով հանցանքների կատարման եւս 15 դեպք: Մասնավորապես՝ պարզվել է, որ Ռ. Գ.-ն 2022 թվականի հոկտեմբերի 21-ից մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 22-ը ԻԻՀ-ից ներկրել է ընդհանուր ավելի քան 700 տոննա տարբեր տեսակի ավտոյուղեր: Ապրանքների ներմուծման ժամանակ օրենքով սահմանված մաքսատուրքեր, հարկեր եւ այլ տուրքեր վճարելու պարտավորությունից ազատվելու համար Ռ. Գ.-ի կողմից ներկրված հիշյալ բոլոր ապրանքերը դարձյալ ձեւակերպվել են «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով: Դրանցով բեռնված տրանսպորտային միջոցները, սակայն, մինչեւ Բագրատաշենի մաքսակետ հասնելը դատարկվել են եւ առանց բեռների մուտք գործել արտահանման ուղղության վրա տեղակայված հսկողության տարածք, որտեղ էլ ՊԵԿ վերը նշված երկու պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ եւ բեռնատարների վարորդների օժանդակությամբ, առանց համապատասխան մաքսային հսկողական ընթացակարգերի, թույլատրվել է դատարկ բեռնատարների ելքը ԵԱՏՄ տարածքից երրորդ երկրներ, որի հետեւանքով պետական բյուջե չեն վճարվել առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 700 մլն դրամի հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ:

Նախաքննության ընթացքում մեղադրանք է ներկայացվել 15 անձի: Իշխանական կամ ծառայողական լիազորություններն ի վնաս պետական շահերի օգտագործելու եւ ծառայողական պարտականությունները չկատարելու համար մաքսային տեսուչներ Ա. Մ.-ին եւ Ա. Գ.-ին մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 4-րդ կետերով (16 դրվագ), իսկ վերջիններիս օժանդակած վարորդներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 4-րդ կետերով:

Մաքսային տեսուչների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 700 մլն ՀՀ դրամ վնասի չափով արգելանք է դրվել մեղադրյալներին պատկանող գույքի վրա: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, եւ վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԳՈՒՅՔԻ ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու Արմավիրի մարզում տեղի ունեցած՝ առերեւույթ զինված հարձակմամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության դեպքի հանգամանքները։

 

2024 թվականի ապրիլի 10-ին՝ ժամը 07:55-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ իր ազգականների վրա տեղի է ունեցել զինված հարձակում եւ նրանց թալանել են: Ահազանգից անմիջապես հետո Արմավիրի մարզի Փարաքար համայնք տանող ճանապարհին հայտնաբերվել է «Հունդաի Սոնատա» մակնիշի ավտոմեքենա, իսկ մայթեզրին գտնվել են 3 անձ, որոնց ձեռքերին ամրակցված են եղել ձեռնաշղթաներ։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով եւ 335-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձեւավորվել է քննչական խումբ։

Նախաքննության շրջանակերում նախնական, դեռեւս քննությամբ ստուգման ենթակա տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ապրիլի 10-ին՝ ժամը 07:10-ի սահմաններում դիմակավորված, ատրճանակներով զինված առնվազն 4 անձ ավտոմեքենայով կանգնեցրել են վերը նշված 3 անձանցից մեկի վարած «Հունդաի Սոնատա» մակնիշի ավտոմեքենան, վարորդին ու 2 ուղեւորներին բռնություն գործադրելով իջեցրել ավտոմեքենայից, պառկեցրել գետնին ու ձեռնաշղթաներ հագցրել։

Այնուհետեւ, արցունքաբեր գազ կիրառելով՝ երեքին էլ նստեցրել են ավտոմեքենան, հափշտակել բեռնախցիկում գտնվող ճամպրուկների եւ պայուսակների մեջ եղած մոտ 1 միլիարդ 24 միլիոն ՀՀ դրամ գումարին համարժեք, շուրջ 36 կիլոգրամ ոսկյա երեք ձուլակտորներ, մոտ 1 միլիարդ 216 միլիոն ՀՀ դրամին համարժեք 293 միլիոն ռուբլի գումարը եւ դիմել փախուստի:

Հիշյալ 3 անձինք ճանաչվել են տուժող։ Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել է տեսանկարահանող սարք, որի տեսագրությունների կրիչն առգրավվել է, վերցվել են նաեւ նշված անձանց ամրացված ձեռնաշղթաները:

Նշանակվել է համապատասխան փորձաքննություն։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են քննչական, վարութային, օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքներն ու առերեւույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունները պարզելու, նրանց հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու նպատակով։

 

 

 

ԹՄՐԱՆՅՈՒԹԻ ՇՐՋԱՆԱՌՈՒՄ՝ «ԹԵԼԵԳՐԱՄ»-ՈՎ

Քննություն է իրականացվում՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ. այս մասին հայտնում են ՔԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ 2024 թվականի ապրիլի 6-ին ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողները ապօրինի թմրանյութ պահելու հիմնավոր կասկածով Երեւան քաղաքի Մաշտոցի պողոտայից ձերբակալել եւ բաժին են տեղափոխել Արարատի մարզի բնակիչ 2 եղբայրների։ Նրանցից մեկի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ՝ լցված ընդհանուր 3.77 գրամ քաշով «Կոկաին» տեսակի թմրամիջոցի նմանվող փոշենման զանգվածով, «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի յուղի նմանվող զանգվածով լցված 3 ապակյա սրվակ, ինչպես նաեւ զիպ փականով 4 պոլիէթիլենային տոպրակ ու էլեկտրական գրամային կշեռք: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

«Նշանակված դատաքիմիական փորձաքննությամբ պարզվել է, որ փորձաքննության ներկայացված 3.77 գրամ քաշով սպիտակ փոշենման զանգվածը «Կոկաին» տեսակի թմրամիջոց է:

Նախնական տվյալներ են ձեռք բերվել նաեւ այն մասին, որ հիշյալ թմրամիջոցը «Թելեգրամ» հավելվածի միջոցով հետագա իրացման նպատակով ձեռք է բերել եղբայրներից մեկը, ում մոտից էլ հայտնաբերվել է թմրամիջոցը։ Խուզարկություն է կատարվել նաեւ վերջինիս՝ գյուղում գտնվող տան եւ դրան կից օժանդակ կառույցներում, որի արդյունքում հայտնաբերվել եւ առգրավվել են թմրանյութերի փաթեթավորման համար նախատեսված պարագաներ եւ տարբեր տեսակի թմրամիջոցների նմանվող զանգվածներ։ Մասնավորապես՝ պլաստմասե տարայում եւ 9 փաթեթներում լցված՝ ընդհանուր 172.89 եւ 14.1 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգված, փաթեթավորված, ընդհանուր 2,2 գրամ քաշով «MDMA» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված, «LSD» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով լցված 1 փաթեթ, «Մարիխուանա»-ի յուղով լցված 5 սրվակ, 1 փաթեթում առանձնացված մուգ շագանակագույն զանգված, որը նախնական տվյալով հանդիսանում է «Կոշտ» տեսակի թմրամիջոց, եւս մեկ 1 փաթեթ՝ լցված ընդհանուր 4.1 գրամ քաշով մուգ գույնի չորացված զանգվածով, «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի սերմերի 19 տուփ, տարբեր տեսակի չորացված սնկանման զանգվածներով 66 փաթեթ, ինչպես նաեւ դեղնականաչավուն հետքերով 2 տարա, աղաց եւ այրված հետքերով ծխամորճ:

Նշված բոլոր զանգվածները ներկայացվել են դատաքիմիական, դատաբուսաբանական համալիր փորձաքննության։ Եղբայրներից մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. նրան մեղադրանք է ներկայացվել: Միջնորդություն է ներկայացվել դատարան վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար, ինչը բավարարվել է։ Գործի առնչությամբ ձեռնարկվում են քննչական, վարութային, ինչպես նաեւ օպերատիվ հետախուզական միջոցառումներ:

 

 




Լրահոս