ՆՈՐ ՋԱՆՔԵՐ ԵՎ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գրասենյակի ներկայացուցիչներին՝ քննարկելու «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետպատերազմյան համատեքստում» ԵԽ ծրագրի մանրամասները:

 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իր տարածած հաղորդագրության մեջ, հանդիպմանը ներկա են եղել Եվրոպայի խորհրդի գլխավոր տնօրինության՝ երեխաների իրավունքների հարցերով համագործակցության եւ կարողությունների զարգացման ստորաբաժանման ղեկավար Զարուհի Գասպարյանը, ԵԽ ծրագրի հայաստանյան ղեկավար Արտյոմ Սեդրակյանը, ներկայացուցիչներ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Ողջունելով հյուրերին՝ Արթուր Մարտիրոսյանը կարեւորել է Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության բարձր մակարդակն ու դրա հետագա զարգացումը: Անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված բնակիչների կարիքներին՝ Արթուր Մարտիրոսյանը նախ ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերը՝ միտված նրանց հիմնարար իրավունքների, մասնավորապես՝ կրթության իրավունքի իրացմանը:

Փոխնախարարի խոսքով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 17 հազար սովորող ընդգրկվել  է  ՀՀ  հանրակրթական դպրոցներում, ապահովվել է ավելի քան 900 ուսանողի կրթության շարունակականությունն ուսումնարաններում եւ քոլեջներում, եւս 1834 ուսանողի՝ բուհերում, որոնց տրամադրվել է ուսման վարձի փոխհատուցում:  Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է՝ կրթության շարունակականությունն ապահովելու հնարավորություն է ընձեռվել նաեւ այն ուսանողներին, որոնց ուսման վարձը նախկինում վճարվել է ԼՂ իշխանությունների կամ նրանց ընտանիքների կողմից:

Եվրոպայի խորհրդի գլխավոր տնօրինության՝ երեխաների իրավունքների հարցերով համագործակցության եւ կարողությունների զարգացման ստորաբաժանման ղեկավար Զարուհի Գասպարյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ տեղեկացրել՝ «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետպատերազմյան համատեքստում» ԵԽ ծրագրով նախատեսվում է իրականացնել երեխաներին սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետների վերապատրաստումներ ու ստեղծել կարողությունների զարգացման ձեռնարկ՝ նախատեսված թե՛ ուսուցիչների, թե՛ սոցիալական աշխատողների համար: Այս համատեքստում կարեւորվել է ԿԳՄՍ նախարարության հետ սերտ համագործակցությունը:

Արթուր Մարտիրոսյանը կարեւորել է նմանօրինակ ձեռնարկը բուհական համակարգում ներառելու հնարավորությունը՝ երկարաժամկետ զարգացման հեռանկարում: Նա տեղեկացրել է՝ դպրոցներում սեպտեմբերից պարտադիր է հոգեբանի հաստիքը, գործում են Հանրապետական մանկավարժահոգեբանական եւ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնները, սակայն մարտահրավերային իրավիճակները պահանջում են նոր ջանքեր, ինչպես նաեւ վերապատրաստման նոր ծրագրեր՝ այս կառույցների ներգրավմամբ:

Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետպատերազմյան համատեքստում» ԵԽ ծրագրի հայաստանյան ղեկավար Արտյոմ Սեդրակյանն ընդգծել է՝ հիմնական ուշադրությունն ուղղվելու է ԼՂ-ից բռնի տեղահանված հատկապես այն երեխաներին, որոնք մնացել են առանց ընտանեկան եւ ծնողական խնամքի:

Արթուր Մարտիրոսյանն աշխատանքների կազմակերպման արդյունավետության նպատակով կարեւորել է դաշտում նմանօրինակ ծրագրեր իրականացնող կազմակերպությունների սերտ համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

ԷՄՄԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄՈՒՏՔԸ՝ ՀՀ

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է, թե ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»:

 

 

««Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքն օտարերկրյա քաղաքացիների համար իրականացվում է ՀՎՀՀ, օգտվողի անուն եւ գաղտնաբառի միջոցով։ Համակարգի հասանելիությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության  պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման վարչության կողմից։

«Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»-ում օտարերկրյա քաղաքացիների համար գործում է 2 տեսակի ստորագրություն՝ CoSign (ՀԾՀ-ով) եւ CoSign ՀՎՀՀ-ով տեսակները, որոնք տրամադրում է «Էկենգ» ՓԲԸ-ն։  «Էկենգ» ՓԲԸ-ի կողմից CoSign ՀՎՀՀ-ով տեսակի էլեկտրոնային ստորագրությունը տրամադրվում է հետեւյալ 2 դեպքում՝ եթե օտարերկրյա քաղաքացինի չունի ՀԾՀ եթե օտարերկրյա քաղաքացին, անկախ ՀԾՀ ունենալու հանգամանքից, չի գտնվում Հայաստանի Հանրապետության տարածքում։

Մնացած բոլոր դեպքերում տրամադրվում է CoSign (ՀԾՀ-ով) տեսակի էլեկտրոնային ստորագրություն»,- նշված է պետական եկամուտների կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

CoSign ՀՎՀՀ-ով տեսակի էլեկտրոնային ստորագրությունը ձեռք բերելու համար օտարերկրյա քաղաքացին, նախքան «Էկենգ» ՓԲԸ-ին դիմելը, պետք է հաշվառվի հարկային մարմնում (ձեռք բերի ՀՎՀՀ) եւ պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման վարչության կողմից ստանա «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքի թույլտվություն։

 

 

ԴԻՊԼՈՄ ՉՈՒՆԵՆԱԼՈՎ՝ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ՏՆՕՐԵՆԻ ՕԳՆԱԿԱՆ

Ապրիլի 11-ին ԱԺ-ում կառավարության ծրագրի՝ 2023 թվականի կատարման արդյունքների զեկույցի քննարկման վերաբերյալ եզրափակիչ ելույթում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. « Իմ վարչապետության օրոք իմ ընտանիքի անդամը դատվել ա, դուք մտածում եք՝ քեռին պուճուր վախտ ինձ շոկոլադ չի՞ տվել, հիմա վարչապետ եմ դարձել վրե՞ժ եմ լուծում։ Քեռին շոկոլադ տվել ա, բա որ խոսում ենք օրենքի առաջ բոլորի հավասարության մասին, էդ ի՞նչ ա դա»։

Նիկոլ Փաշինյանի դատված հարազատը ամենեւին էլ նրա ընտանիքի անդամը չէ, դատվածությունն էլ ընդամենը տուգանք է։ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում այդ հայտարարությունն արել է իր քեռու տղայի՝ Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի բնակիչ Մամիկոն Հովհաննիսյանի մասին։ 2019թ. ապրիլի 11-ին ՀՀ քննչական կոմիտեի վարույթ է ընդունվել ինստիտուտի դիպլոմն առերեւույթ կեղծելու դեպքի առթիվ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործը։ ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ինժեներ Մամիկոն Հովհաննիսյանը 2019թ. փետրվար ամսին, կադրերի բաժին ներկայացնելով Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը 1993թ. «գյուղատնտեսության մեքենայացում» մասնագիտությամբ ավարտելու եւ ինժեներ-մեխանիկի որակավորում ստանալու մասին դիպլոմի պատճենը, նշանակվել է հիշյալ կազմակերպությունում բաժնի պետ-տնօրենի տեղակալի պաշտոնում: 2019թ. հունիսի 6-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է Մամիկոն Նապոլեոնի Հովհաննիսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասով եւ նրան դատապարտել 200 հազար դրամի չափով տուգանքի: Սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի քեռու տղային «Դիլիջան» ազգային պարկում նորից են պաշտոն տվել։ Մ. Հովհաննիսյանը 2022 թվականի հունիսի 8-ից ՊՈԱԿ-ում զբաղեցնում է տնօրենի օգնականի պաշտոնը։ Վերջինս ունի միջնակարգ կրթություն, աշխատանքի ընդունվելիս ներկայացրել է տեղեկանք այն մասին, որ սովորում է Հայաստանի եվրոպական համալսարանի Իջեւանի մասնաճյուղում, «Կառավարում» մասնագիտությամբ»։

 

 

 

ԱՆՏԵՂՅԱԿ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԸ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին օրերս հարցում էինք ուղարկել այն հարցով, թե Տավուշի մարզի եւ Վրաստանի սահմանագոտում երբ է նախատեսվում սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ իրականացնել։ Մարզպետարանից պատասխանել են. « Տավուշի եւ Վրաստանի սահմանագոտում սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքների գործընթացի վերաբերյալ ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմը որեւէ գործառույթ չունի» ։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս