Անշարժ գույքն անշարժ է դարձել. գնորդ չկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հատկապես հետամանորյա ամիսներին անշարժ գույքի գործակալություններում ավելի շատ են դժգոհում գործարքների քանակի շեշտակի նվազեցումից: Ու կամաց-կամաց այդ շուկայում գործունեություն ծավալող ձեռներեցները դարձել են գործազուրկ:

Նշենք, որ հատկապես այս տարի բրոքերները հավաստիացնում են, որ գործազուրկ են դարձել: Բայց ոչ թե վաճառքի տուն չունենալու, այլ պարզապես գնորդների բացակայության պատճառով: «Այսօր, օրինակ, Երեւանում վաճառվող բնակարան կարելի է գտնել ոչ միայն ցանկացած շենքում, այլեւ նույնիսկ ամեն հարկում: Այլ հարց է, որ գնորդներ գտնելու հարցում մեր բախտը դեպքից դեպք է բերում: Տան կարիք ով ունի, վերջին մի քանի տարիներին ինչ-որ կերպ իր հարցերը լուծել է, իսկ արտագաղթող հասարակությունը ձգտում է թեկուզ էժան գնով ազատվել Հայաստանում ունեցած անշարժ գույքից՝ դրա դիմաց ստացված գումարը արտերկում նման սեփականության վերածելու կամ գոնե սեփական գործ սկսելու ակնկալիքով»,- Armlur.am-ի հետ զրույցում ասաց 20 տարի անշարժ գույքի առքուվաճառքով զբաղվող ընկերության աշխատակիցը:

Բրոքերի նկարագրածը ցայտուն երեւում է նաեւ պաշտոնական վիճակագրության մեջ: Ըստ այդմ՝ միայն նախորդ տարվա ընթացքում Երեւանում առք ու վաճառքի գործարքների թիվը նվազել է 4,4%-ով:

Այսպիսով մայրաքաղաքում բնակարանների մեկ քառակուսի մետրի միջին գինը հավասարվել է շուրջ երկու հարյուր հիսուն հազար դրամի: Շատ է սա, թե քիչ, այլ հարց է: Սակայն փաստ է, որ վերջին տարիներին գնանկումն անշարժ գույքի շուկայում հատել է կրիտիկական սահմանը: Թեեւ առաջարկն անհամեմատ գերազանցում է պահանջարկը, բայց հատկապես բազմաբնակարան շենքերում գները լճացել են ու այլեւս չեն նվազում: Նույնիսկ երբեմն տպավորություն է, որ արհեստականորեն չեն նվազեցնում բազմաբնակարան շենքերի բնակարանների գները:

Իսկ ահա մասնավոր հատվածում իրականությունն ավելի անմխիթար է: Տների եւ հատկապես ամառանոցների գները հաճախ ինքնարժեքից էլ ցածր են լինում:

Այսպես, հատկապես մայրաքաղաքից փոքր-ինչ հեռու բնակավայրերում 8-10-ը հազար դոլարով կարելի է հողատարածքով ու բոլոր անհրաժեշտ կոմունալ հարմարություններով առանձատուն ձեռքբերել: Անհերքելի է, որ աղքատության բոլոր շեմերը հատած ազգաբնակչության զգալի մասը շատ հաճախ ստիպված է լինում երեւանյան բնակարանը վաճառել ու առանց աշխատանքի ու ապրուստի միջոցների, հույսի տանիք ձեռքբերել որեւէ այլ քաղաքում՝ գոնե հող մշակելով ապրելու համար: Արդյունքում մարզերում, ուր աղքատության մակարդակն ավելի բարձր է, անշարժ գույքի գինը 2013 թվականի ընթացքում 6,6%-ով աճել է:

Անշարժ գույքի առեւտրով զբաղվողները հավաստիացնում են, որ հաճախ վաճառվող առանձնատները իսկապես էժան են: Անգամ դրա վրա ծախսված շինանյութի արժեքի մի մասը չի կազմում ողջ տան համար պահանջվող գինը: Սակայն շուկայի պայմաններն են այդպիսին: Այս իրողությունը նաեւ լավ են հասկանում նման տների սեփականատերերը: Սակայն ամենատարբեր պատճառներով վերջինները այլ ելք չունենալով, ամեն գնով ազատվում են ավելորդության վերածված շինություններից:

Իհարկե, ամեն առիթով ՀՀ կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտեն փորձում է վիճակագրությունն աղավաղելով, իրականությունը մեղմ երանգներով ներկայացնել: Սակայն փաստ է, որ ոլորտում լրջագույն խնդիրներ են կուտակված:

Անշարժ գույքի շուկային մոտ կանգնած մարդիկ՝ գործակալություններն ու անհատ միջնորդները, միաբերան պնդում են, որ շուկան մահամերձ է ու իրենք հեռանկար չեն տեսնում:

Դավիթ Վանեսյան




Լրահոս