Մեկնարկում է 2024 թվականի ուսուցիչների հերթական վերապատրաստման և ատեստավորման գործընթացը: ՀՀ կառավարության թիվ 1667-Ն որոշմամբ հաստատված «Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման» կարգում կատարված վերջին փոփոխությամբ սահմանվել է, որ ուսուցիչների վերապատրաստումն իրականացվելու է մասնագիտական կարիքների գնահատման հիման վրա:
Նոր կարգավորման համաձայն՝ հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենը մինչև 2024 թվականի մայիսի 29-ը Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների անձնական գործերում պետք է կատարի «ենթակա է ատեստավորման» նշումը և իրականացնի կարիքների գնահատման գործընթացը:
Այս տարի վերապատրաստման և ատեստավորման ենթակա են՝
5 տարվա շրջափուլով հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչները,
մինչև 5 տարվա աշխատանքային փորձ ունեցող ուսուցիչները,
առարկայական գիտելիքի իմացության կարիք ունեցող ուսուցիչները:
Մասնագիտական կարիքի գնահատումն իրականացվում է ուսուցչի և տնօրենի կողմից Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում (ԴԿՏՀ)՝ հարցաթերթիկի լրացման միջոցով: Տնօրենի և ուսուցչի կողմից կարիքի գնահատման անհամաձայնության դեպքում բարդության համապատասխան մակարդակի վերապատրաստումներին մասնակցելու համար հիմք է ընդունվում տնօրենի կողմից իրականացված՝ տվյալ ուսուցչի կարիքի գնահատումը: Ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքը ձևավորվում է ըստ մոդուլների՝ յուրաքանչյուր մոդուլի համար նշելով համապատասխան մակարդակը:
Տվյալ շրջափուլում վերապատրաստումների արդյունքում չատեստավորված ուսուցիչը հաջորդ տարի ենթակա է ատեստավորման տվյալ մակարդակում: Ընդ որում՝ հաջորդ տարի պետական միջոցների հաշվին ուսուցչի համար վերապատրաստում չի իրականացվում: Ուսուցիչը կարող է մասնակցել վերապատրաստումներին սեփական միջոցների հաշվին կամ անցնել ատեստավորում՝ առանց վերապատրաստումների մասնակցության:
Ուսուցիչն ատեստավորման համար պահանջվող կրեդիտները, մասնագիտական զարգացման կարիքին համապատասխան, կարող է հավաքել ատեստավորման համապատասխան շրջափուլի ընթացքում: Կրեդիտները սահմանվում են` համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի ապրիլի 30-ի N 648-Ա/2 հրամանի:
Ուսումնական հաստատության ուսուցչի վերապատրաստման գործընթացի նախապատրաստման պատասխանատուն տվյալ հաստատության տնօրենն է:
Հարկ է նշել, որ ուսուցչի՝ առարկայական գիտելիքի իմացության կարիքը կարող է ներկայացվել ինչպես տնօրենի, այնպես էլ ուսուցչի կողմից:
Առարկայական գիտելիքի իմացության կարիքի արձանագրման դեպքում ուսուցչի վերապատրաստումն իրականացվում է երաշխավորված ծրագրի հիման վրա՝ տվյալ առարկայի գծով մանկավարժի որակավորում շնորհող բարձրագույն ուսումնական հաստատության կողմից:
Նշված խմբի ուսուցիչների համար ատեստավորումն իրականացվելու է առարկայական գիտելիքների ստուգման միջոցով:
Վերապատրաստման ավարտից հետո ուսուցիչը կենտրոնացված գնահատման արդյունքների հիման վրա ստանում է կրեդիտներ, որոնք ինքնաշխատ եղանակով ձևավորվում են ԴԿՏ համակարգում: Վերապատրաստված ուսուցիչների կրեդիտները շնորհվում են նախարարի հրամանով։