«Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել, եթե Տավուշից գյուղեր տա». -այս մասին, երեկ՝ մայիսի 7-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:
«Ես չեմ ուզում, որ այդպես վարվի, բայց ինքն է դա ասել: Եթե վարչապետն իր խոսքը չի կատարում, ո՞նց է մեզ կամ որեւէ մեկին մեղադրում ինչ-որ բաների մեջ:
Մենք ասել ենք՝ հաշտության օրակարգ, խաղաղության օրակարգ, հաղթանակած խաղաղության օրակարգ, ոչ թե ծնկաչոք: Ասել ենք՝ հոգեւոր մեղքից ազատագրության օրակարգ: Այս երթը ինքնամաքրվելու, ինքնաճանաչողության մասին է: Ինչո՞ւ են վախենում այդ մարդիկ. մենք գնում ենք ոտքով, ուխտի ենք գնում՝ ինքնամաքրվելով», – ասաց նա:
Հարցին՝ իշխանությունն իրենցից վախենո՞ւմ է, Բագրատ սրբազանը պատասխանեց. «Բա որ չեն վախենում, ինչո՞ւ են այդ մակարդակով մեզ մեղադրում, ինչի՞ մեջ են մեզ մեղադրում: Պատերազմ հրահրելո՞ւ: Ախր պատերազմի մունետիկը ինչպե՞ս կարող է պատերազմ հրահրելու մեջ մարդկանց մեղադրի: Իմ գործը քայլելն է, քարոզելը, խոսելը»:
Անդրադառնալով նրան, որ մարդիկ իրենից քաղաքական ակնկալիք ունեն, նա ասաց. «Բայց չէ որ մենք քաղաքականությամբ չենք զբաղվում: Ես քայլում եմ, հաշտության մասին եմ խոսում: Մենք իշխանություն ունե՞նք, որ իշխանափոխության պահանջ հնչի: Իշխանության գոյությունը պայմանավորված է երկրի անվտանգությամբ, բանակցությունների սեղանին ջանք ներդնել, որ երկիրն անվտանգ լինի, ճիշտ ճանապարհով գնանք, որ մարդիկ նվաստացած, ստորացած չլինեն, իրենց սրտով զգան այս երկրի տեր լինելը: Դա է իրենց սեպուհ պարտականությունը: Եթե անում են, լավ, եթե չեն անում, ուրեմն չկա. մի բան, որ չկա, ի՞նչը փոխես: Իշխանությունը ժողովրդի՞նը չէր, հիմա ժողովրդի՞ն են փոխելու: Ժողովուրդն ինչ կասի, դա էլ կանենք: Երեւի ինքը կգա, հրապարակում ելույթ կունենա, ինչպես խոստացել է, եւ կասի իր խոսքը:
Մենք ոչ մի ակնկալիք չունենք իրենից եւ որեւէ մեկից, ինքն է ասել՝ «ձեռքս կկտրեմ», ես հիշեցնում եմ, ասել է՝ կգամ, հրապարակում ելույթ կունենամ, դարձյալ հիշեցնում եմ. ես վատ բան չեմ ասում»:
Սրբազանը չհամաձայնեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե իր՝ այսօրվա ասուլիսը եւս ելույթ է ժողովրդի հետ. «Ոչ դա ելույթ չէ, էկրանից այն կողմ, թիկնապահներով շրջապատված, դա ինչպե՞ս կարող է ելույթ համարվել: Եկել էր, ոսկեպարցիների վրա հոխորտում էր, Կիրանցի ժողովրդին խաբում էր…Մենք ասում ենք՝ պետք է ինքնամաքրվենք, մեղքերից ազատվենք, զղջանք ու ապաշխարենք»:
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
««ՍԱՀՄԱՆԱԶԱՏՈՒՄԸ» ԱՆՕՐԻՆԱԿԱՆ Է». ԹԱԹՈՅԱՆ
ՀՀ իշխանությունների իրականացրած «սահմանազատումը» հակադրվում է երկրի շահերին, կրում է միանգամայն անօրինական բնույթ, չի համապատասխանում ոչ մի միջազգային նորմի, խախտում է Հայաստանի անվտանգության համակարգը։ Այս մասին հայտնել է ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը լրագրողների հետ զրույցում, դեպի Երեւան բողոքի երթի ժամանակ։
Թաթոյանը նորից ընդգծել է սահմանազատման հանձնաժողովների գործունեության անօրինական բնույթը, դրա համար ոչ մի օրինական հիմք չկա։
«Տպավորություն է ստեղծվում, որ տեղի է ունենում օրինական սահմանազատում։ Դրա համար էլ երկրները եւ կազմակերպությունները ողջունում են։ Անգամ ասում են, որ դա տեղի է ունենում պայմանագրի հիման վրա։ Իրականում ոչ մի պայմանագիր էլ չկա. այդ մասին են խոսում պաշտոնական հաղորդագրությունները: Սկսվել է շատ վտանգավոր գործընթաց ՀԱԵ-ի նկատմամբ, հարձակումներ եկեղեցու եւ անձամբ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի դեմ։ Բացի այն, որ այդ փորձերը ընկնում են իրենց իսկ ընդունած ՔՕ-ի տակ, դրանք սասանում են մեր պետության հիմքերից մեկը՝ ՀԱԵ-ն», – ընդգծել է Թաթոյանը՝ ավելացնելով, որ այս երթը մարդկանց պայքարն է՝ հանուն իրենց տանն ապրելու։
ԱՌԱՋԻԿԱ ՆԻՍՏԵՐ
Կառավարության առաջիկա նիստերից մեկում կընդունենք արցախցիներին բնակարանների ապահովման ծրագիրը։ Այս մասին երեկ՝ մայիսի 7-ին, հրավիրված մամուլի ասուլին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Տավուշի համար քայլերթ իրականացնողներին՝ նշելով՝ ինչպես կարող է տաճարը հաղթել փողոցին։
Նա հարց տվեց, թե. «Կանգառը փակելու ենք, մոմավառության կետ բացե՞նք։
ԱՐՇԱՎ ԵՆ ՍԿՍԵԼ ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՄ
Հայրենի իշխանություններն ամենաբաձր «մակարդակով» շարունակում են եկեղեցու դեմ արշավը:
Թե՛ ՔՊ-ականները, թե՛ հենց Նիկոլ Փաշինյանը ամեն առիթով հայ եկեղեցին եւ հոգեւորականներին արատավորող ու նրանց թիրախավորող հայտարարություններ են անում:
Երեկ հերթը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանինն էր, որն ԱԺ-ից մի աղմկահարույց հայտարարություն արեց. «Ես Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ եմ, եւ Հայ եկեղեցին լի է պարկեշտ մարդկանցով, բայց ի՞նչ եք դուք անում. մտնում ես եկեղեցի, մի «վեդրո» ջուր են լցնում մոմի տակ, որ մոմից էսքանը մնա, հալացնեն, մոմ սարքեն նորից վաճառեն: Տնտեսական հիմնարկ է դարձել: Գիտե՞ք՝ մոմի շահույթը ինչքան է, հարյուրապատիկ շահույթով:
Ժողովրդին էշի տեղ մի դրեք, գժի տեղ մի դրեք: Մարդիկ ամեն ինչից տեղյակ են: Բոլոր հույզերի վրա խաղացիք, Եռաբլուրի հույզի վրա էլ խաղացիք»:
«Ժողովուրդ» օրաթերթը Ալեն Սիմոնյանի այս հայտարարության վերաբերյալ դիմեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին, վերջինս էլ արձագանքեց. «Ես որեւէ եկեղեցում նման բան չեմ տեսել, վստահ եմ, որ Ալեն Սիմոնյանից ավելի շատ եմ գնում եկեղեցի, բայց նման պատկեր ես երբեւէ չեմ տեսել»:
Ուշագրավ է, որ նույն Նիկոլ Փաշինյանը, որի իշխանության ներկայացուցիչները, իրար հերթ չտալով, կեղծ տեղեկություններ են տարածում եկեղեցու եւ հոգեւորականների վերաբերյալ, իշխանության գալուց հետո՝ 2018թ.-ին, Ամենայն հայող կաթողիկոսի հետ սելֆի էին անում ու հպարտանում, որ այն պատմական է. «Սա պատմական լուսանկար է: Ինչու՞, որովհետեւ սա հայոց պատմության մեջ Ամենայն հայոց կաթողիկոսի եւ Հայաստանի ղեկավարի առաջին սելֆին է:
Վեհափառի հետ մեկնում ենք Նյու Յորք». – Վեհափառի հետ լուսանկարին կից գրել էր Նիկոլ Փաշինյանը:
ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ
ԽՍՀՄ ԱՄԵՆԱՎԵՐՋԻՆ ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ
«Ալմաթիի հռչակագիրը՝ որպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման բազային սկզբունք, ընդունված է Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից, դա անշրջելի իրողություն է». – այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սահմանազատումը տեղի է ունենում Խորհրդային Միության իրավաբանական ուժ ունեցող ամենավերջին քարտեզների հիման վրա։ Մեզ համար կարեւոր է՝ Հայաստանի սահմանի պարագծի ամբողջական սահամանազատումն ապահովելուն միտված իրավական հիմքերի արտահայտումը։ Օգտագործվում են քարտեզներ, որոնք արտահայտում են Խորհրդային Միության փլուզման պահին Խորհրդային Հայաստանի եւ Խորհրդային Ադրբեջանի միջեւ առկա սահմանները։ Այս գործընթացը ունի մի նպատակ` անիմաստ դարձնել պատերազմը, այն զրկել տեղի ունենալու հիմքից։ Այս պահի դրությամբ աշխատանքի 90 տոկոսը արված է, եւ ինչքան առաջ ենք գնում, համոզվում ենք, որ պատերազմը դառնում է անտրամաբանական». – ասաց վարչապետը։
Անդրադառնալով սահմանային սյուներին՝ Փաշինյանն ասաց. «Մենք գնացել ենք այդ սահմանային սյուները տեղադրելու ճանապարհով, որովհետեւ համարում ենք, որ դրանք տեղադրվում են իրավական հենքի վրա եւ դառնում են անվտանգային երաշխիք Ոսկեպարի, Կիրանցի, Բերքաբերի, Բաղանիսի եւ, ընդհանրապես՝ Հայաստանի Հանրապետության համար։ Սահմանային սյուները անվտանգության երաշխիքի սյուներ են, անվտանգության սյուներ են»։
Ի՞ՆՉ ԵՆ ԱՆԵԼՈՒ ԷԿՈՊԱՐԵԿՆԵՐԸ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նորաստեղծ Էկոպարեկային ծառայությունը 930 ռուլոն զուգարանի թուղթ է գնում, եւս 2 ռուլոն` թանկարժեք՝ հավանաբար ծառայության պետի եւ տեղակալի համար։
Առաջին հայացքից հարկատուների հաշվին անձնական հիգիենայի կարիքները բավարարելու՝ շրջակա միջավայրի նախարարության այս գնումը կարելի է մի կերպ հասկանալ։ Բայց, երբ տեսնում ես, որ խոսքը նախկին 506 անտառապահի եւ 345 տեսուչի մասին է, հարց է առաջանում, իսկ այդ զուգարանի թուղթը ո՞րտեղ է կախված լինելու` անտառու՞մ թե՞ տնտեսվարողի հանքում, քանզի Էկոպարեկային ծառայության աշխատակիցները բացառապես պետք է գտնվեն կա՛մ անտառներում կա՛մ երկրով մեկ գործող հանքերում` շուրջօրյա (Հակոբ Սիմիդյան 15 հունվար 2024թ.) իրականացնելով ընթացիկ հսկողություն։