Բացահայտվել են ՊԵԿ օպերլիազորների կողմից կաշառք ստանալու դեպքեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի երկու գլխավոր օպերլիազորներ տնտեսվարողներից ստացել են ընդհանուր 1.500.000 ՀՀ դրամ կաշառք՝ նրանց կողմից կատարված՝ հարկային օրենսդրության պահանջների խախտումները չարձանագրելու համար: Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

«Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ ավագ օպերլիազոր Կ. Ա.-ն իր գործընկերոջ՝ ավագ օպերլիազոր Վ. Ա.-ի հետ իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում 2023 թվականի հոկտեմբերին հայտնաբերել են անհատ ձեռնարկատիրոջ կողմից հարկային օրենսդրության պահանջների առերևույթ խախտումների հատկանիշներ՝ կապված իրացման շրջանառության հետ: Այդ կապակցությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ չանցկացնելու, ինչպես նաև հետագայում հնարավոր ստուգումների ընթացքում կատարված խախտումները հայտնաբերվելու դեպքում պատասխանատվությունից խուսափելուն աջակցելու նպատակով ՊԵԿ վերը նշված պաշտոնատար անձինք ձեռնարկատիրոջից պահանջել և 2023 թվականի դեկտեմբերի 29-ին նրանից որպես կաշառք ստացել են 1.000.000 ՀՀ դրամ, որը բաժանել են միմյանց միջև:

Բացի այդ, հիշյալ պաշտոնատար անձինք 2023 թվականի հոկտեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում հարկային օրենսդրության պահանջների առերևույթ խախտման հատկանիշներ են հայտնաբերել նաև մեկ այլ տնտեսվարողին փաստացի պատկանող ընկերությունում, այս անգամ՝ վճարվող աշխատավարձերը նվազ հաշվարկելու մասով:

Դրանից հետո հիշյալ տնտեսվարողը դիմել է իր ընկերոջը՝ ՊԵԿ նախկին աշխատակից Ա. Հ.-ին՝ ակնկալելով վերջինիս աջակցությունը խնդրին լուծում տալու հարցում: Ա. Հ.-ն, իր հերթին, դիմել է վերը նշված գլխավոր օպերլիազոր Կ. Ա.-ին, ով, ընկերության սեփականատիրոջ օգտին ապօրինի անգործության՝ առերևույթ խախտումների կապակցությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ չիրականացնելու, ընկերությանը պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու համար Ա. Հ.-ից պահանջել է 500.000 ՀՀ դրամ կաշառք: Վերջինս ընդունել է կաշառք տալու առաջարկը և խոստացել տալ պահանջված գումարը:

Կաշառք ստանալու համար ՊԵԿ գլխավոր օպերլիազորներ Կ. Ա.-ին և Վ. Ա.-ին մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, իսկ Ա. Հ.-ին և տնտեսվարողներից մեկին՝ համապատասխանաբար ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով՝ ՊԵԿ պաշտոնյաներին կաշառք տալու համար:

Կ. Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:




Լրահոս