Ռեժիսոր Բալոժիի «Օմեն» կինոնկարի ցուցադրությամբ մայիսի 29-ին Երեւանում՝ Կինոյի տանը, ազդարարվեց Եվրոպական ֆիլմերի փառատոնի մեկնարկը:
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը փառատոնը յուրահատուկ միջոցառում անվանեց՝ ընդգծելով, որ կինոն մշակութային երկխոսության զարգացման լավագույն գործիքներից է:
«Եվրոպական Միության նշանաբանն է՝ «Միավորված ենք բազմազանությամբ», ուստի փառատոնին ներկայանում ենք ԵՄ տարբեր երկրների 23 տարբեր ժանրերի ֆիլմերով: Հատկանշականն այն է, որ փառատոնի փակմանը ցուցադրելու ենք հայ-լիտվական համատեղ արտադրության «Ավրորայի լուսաբացը» կինոնկարը, իսկ փառատոնային օրերին կարող եք դիտել նաեւ ուկրաինական ֆիլմ, որն անդրադառնում է այն իրավիճակին, որում երկիրը հայտնվել է ռուսական ագրեսիայի հետեւանքով: Ցուցադրություններից զատ՝ փառատոնի շրջանակում կազմակերպվելու են աշխատարաններ, հանդիպումներ, քննարկումներ փորձագետների մասնակցությամբ»,-նշեց դեսպանը՝ շնորհակալություն հայտնելով Կինոյի տանը երկրորդ անգամ իրենց հյուրընկալելու համար:
Նա հավաստիացրեց, որ ֆիլմերը գեղեցիկ են, հետաքրքիր են, ուստի կինոյի երկրպագուները կարող են գալ եւ վայելել եվրոպական ավանդույթները ներկայացնող կինոնկարները:
Հայաստանում Բելգիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքն անդրադարձավ բացման ֆիլմին, որը բելգիական է եւ նշեց՝ այն յուրահատուկ է ու հետաքրքիր մանրամասներ է ներկայացնում մի սիրված երաժշտի մասին, անդրադառնում բազմազանության թեմային: «Այն մրցանակի է արժանացել Կաննի, Մյունխենի կինոփառատոններում եւ ներկայացվելու է «Օսկար»-ի: Ռեժիսոր Բալոժին երկար տարիներ երազել է այդ ֆիլմը նկարահանել: Ունենալով շատ փոքր բյուջե՝ կարողացել է նկարահանել այն՝ 23 օր անցկացնելով Աֆրիկայում»,-տեղեկացրեց դեսպանն ու հավելեց՝ ֆիլմի հաջողությունը կարող է ուղերձ լինել հայ ստեղծագործողներին, որ երբեք չհանձնվեն ու չվախենան առաջ գնալ, պայքարեն երազանքների համար:
Փառատոնը համագործակցել է ՅՈՒՆԻՔ Հայաստանի հետ, որի ներկայացուցիչ Յան-Թագե Քյուլինգի խոսքով՝ ՅՈՒՆԻՔ-ը հնարավորություն է տալիս արժեքները գործողության մեջ տեսնել, այն պետությունների, մարդկանց համագործակցություն է ընդհանուր արժեքների շուրջ: «Ինձ համար մշակույթին, արվեստագետներին աջակցելը, պատմություններ պատմելը, միմյանց լսելն ու միմյանցից սովորելը երբեմն բարդ է: Անդամ պետությունների հետ քննարկումներ ենք անցկացնում, երբեմն բանավիճում, սակայն գալիս ենք այն եզրակացության, որ կարեւորը կամուրջներ կառուցելն է, ուստի ուրախ եմ, որ կարող ենք համագործակցել փառատոնի հետ», – նշեց նա:
Փառատոնի ֆիլմերի ծրագրի համակարգող Վարվառա Հովհաննիսյանը կարծում է Եվրոպական ֆիլմերի փառատոնը հանդիսատեսի ամենասիրած միջոցառումներից է, որովհետեւ այն բացառիկ հնարավորություն է տալիս երեւանյան մեծ էկրանին դիտել ֆիլմեր, որոնք հաճախ չեն ցուցադրվում: «Այս տարի մեծ աշխատանք ենք տարել Եվրամիության պատվիրակության հետ 23 ֆիլմ ներկայացնելու համար, ինչը բացառիկ թիվ է, երբեք այդքան ֆիլմ չի ցուցադրվել: Ամեն ֆիլմ աննկարագրելի արժեք ունի, ներկայացնում ենք տվյալ երկրի այս կամ նախորդ տարվա լավագույն ֆիլմերը: Ցուցադրելու ենք այնպիսի կինոռեժիսորների ֆիլմեր, ինչպիսիք են Ռադու Ժուդեն, Մաթիաս Գլասները, որոնք եվրոպական կինոյի հնչեղ անուններ են եւ նրանց աշխատանքները միշտ ընդգրկվում են միջազգային կինոփառատոների մրցութային ծրագրերում», – շեշտեց Հովհաննիսյանը:
Փառատոնում ընդգրկված են ֆիլմեր Բելգիայից, Պորտուգալիայից, Լատվիայից, Լիտվայից, Էստոնիայից, Լեհաստանից, Ֆրանսիայից, Չեխիայից, Գերմանիայից, Սլովակիայից, Շվեդիայից, Իսպանիայից, Ռումինիայից, Բուլղարիայից, Իտալիայից, Կիպրոսից, Հունաստանից, Նիդերլանդներից, Ուկրաինայից, Ֆինլանդիայից, Դանիայից եւ Հայաստանից։
Ֆիլմերի ցուցադրությունը բացառիկ հնարավորություն է՝ ծանոթանալու եվրոպական կինոյին եւ այն կարեւոր գաղափարներին, որոնք հեղինակները փորձել են փոխանցել ֆիլմերի միջոցով։ Մի շարք հետաքրքիր ֆիլմերի կողքին փառատոնին կցուցադրվեն Մարկ դի Դոմենիկոյի եւ Շառլ Ազնավուրի «Ազնավուրը ըստ Ազնավուրի» կինոնկարները, որը հատուկ է ընտրվել, քանի որ այս տարի նշվում է մեծն շանսոնիեի 100-ամյա հոբելյանը:
Փառատոնն անցկացնում է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը «Եվրոպայի օր» տոնակատարությունների շրջանակում:
ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ՀԱՂԹՈՂՆԵՐԸ ԿՀԱՅՏԱՐԱՐՎԵՆ ՀՈՒՆԻՍԻ 1-ԻՆ
«Խաղաղություն» մանկապատանեկան նկարչական մրցույթ-ցուցահանդեսի հաղթողների անունները կհայտարարվեն հունիսի 1-ին:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամը 2024 թվականի ապրիլ-հունիսին իրականացնում է «Խաղաղություն» մանկապատանեկան նկարչական մրցույթ-ցուցահանդեսը:
Մրցույթ-ցուցահանդեսը միտված է մշակութային կրթության ոլորտում, մասնավորապես՝ կերպարվեստի բնագավառում, շնորհալի երեխաների բացահայտմանը, նրանց ստեղծագործական ունակությունների զարգացմանն ու ինքնադրսեւորմանը, ինչպես նաեւ համապատասխան միջավայրի ստեղծմանը՝ հետագայում հայկական մանկապատանեկան կերպարվեստի ոլորտը ներկայացնելու միջազգային հեղինակավոր հարթակներում։
Մրցույթի ամփոփիչ ցուցահանդեսը, հաղթողների հայտարարման եւ պարգեւատրման արարողությունը կկայանան ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի մշակույթի տանը հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը:
ՀԱՂԹԱՆԱԿՈՎ Է ՄԵԿՆԱՐԿԵԼ ՄՐՑԱՇԱՐԸ
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Նարեկ Մանասյանը հաղթանակով մեկնարկեց օլիմպիական վարկանիշային մրցաշարում:
Թաիլանդում ընթացող Փարիզի Օլիմպիական խաղերի համար վարկանիշային մրցաշարում 92 կգ քաշային կարգի առաջին մենամարտում Նարեկ Մանասյանն առավելության հասավ Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող մարզիկի նկատմամբ: Մանասյանի հաջորդ մենամարտը նախատեսված է մայիսի 31-ին:
Ավելի վաղ՝ հերթական հաղթանակից հետո, քառորդ եզրափակիչ էր դուրս եկել 80 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը:
Միջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո անցկացվող մրցաշարը վերջինն է, որտեղ բռնցքամարտիկները կկարողանան ուղեգիր նվաճել Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Հայաստանի դեռեւս ոչ մի ուղեգիր չի նվաճել բռնցքամարտում:
«ՕԼԻՄՊԻԱԿՈՍԸ»՝ ԳԱՎԱԹԱԿԻՐ
Հունաստանի մայրաքաղաք Աթենքում տեղի ունեցավ ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչը։ Տիտղոսը վիճարկեցին հունական «Օլիմպիակոսն» ու իտալական «Ֆիորենտինան»։ Նվազագույն հաշվով հաղթեց հունական թիմը։
Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 0:0։
Միակ գոլը 116-րդ րոպեին խփեց «Օլիմպիակոսի» մարոկկացի հարձակվող Այուբ Էլ Կաաբին, որը 11 գոլով դարձավ մրցաշարի լավագույն ռմբարկուն։
«Օլիմպիակոսն» առաջին եվրագավաթային տիտղոսը նվաճեց ակումբի պատմության մեջ, նաեւ առաջին հունական թիմն է, որին հաջողվում է եվրագավաթ նվաճել։
«Ֆիորենտինան» երկրորդ տարին անընդմեջ պարտվեց Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչում։
Անցած տարի իտալական թիմը 1:2 հաշվով պարտվել էր անգլիական «Վեստ Հեմին»։
ՔԱՌՈՐԴ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ Է
Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց թիմի անդամ Ռաֆայել Հովհաննիսյանը հերթական հաղթանակն է տոնել օլիմպիական վարկանիշային մրցաշարում:
Թաիլանդում ընթացող վարկանիշային մրցաշարի 80 կգ քաշային կարգում Ռաֆայել Հովհաննիսյանը գերազանցեց Ճապոնիայի ներկայացուցչին եւ դուրս եկավ վարկանիշային մրցաշարի քառորդ եզրափակիչ:
Մինչ այս պայքարից դուրս են մնացել Գուրգեն Մադոյանը, Արթուր Բազեյանը եւ Նարեկ Հովհաննիսյանը:
Միջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո անցկացվող մրցաշարը վերջինն է, որտեղ բռնցքամարտիկները կկարողանան ուղեգիր նվաճել Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Հայաստանի դեռեւս ոչ մի ուղեգիր չի նվաճել բռնցքամարտում: