ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 36 կգ ոսկու հափշտակման գործով 3 եղբայր են կալանավորված․ որտեղ են թաքնված հիմնական դերակատարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևան-Երասխ ավտոճանապարհին 36 կգ ոսկյա ձուլակտորների գործով կալանավորվածներից որեւէ մեկը ցուցմունք չի տալիս: Ավելին՝ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ անհետացած 36 կգ ոսկուց 24 կգ-ը հայտնաբերվել է, իրավապահները ման են գալիս մնացած ոսկին եւ գումարները:

Ավելին, մեզ հասած լուրերի համաձայն՝ գործով կալանավորված է բուն կատարողներից մեկը, որը Կապանի բնակիչ է եւ հրաժարվում է ցուցմունք տալ, իսկ գողություն կատարած մյուս 3 հիմնական դերակատարների դեռ փնտրում են:

Ի դեպ մեզ հայտնի դարձավ, որ գործով կալանավորված են նաեւ երեք եղբայրներ: Նկատենք, որ գործով կալանավորվածների կալանքի ժամկետը մոտենում է ավարտի, եւ նախաքննական մարմինը մեկը մյուսի հետեւից միջնորդություներ է ներկայացնում դատարան՝ կալանքը երկարացնելու մասով:

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնել էր, որ ապրիլի 10-ին «Պորշ» մակնիշի ավտոմեքենայով հետապնդել են «Հունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենային, եւ ժամը 07:15-ից մինչեւ 07:20-ն ընկած ժամանակահատվածում Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մայրաքաղաքային փողոցի դիմաց արհեստական խոչընդոտ ստեղծելով՝ մեքենայի դիմացի աջ դռան պատուհանից զենքի գործադրման սպառնալիքով կանգնեցրել են նշված ավտոմեքենան: Կանգնեցնելուց հետո ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք, ԱԱԾ աշխատակիցների համազգեստին նմանվող համազգեստով եւ դիմակավորված, դուրս գալով ավտոմեքենայից՝ ներկայացել են իբրեւ ՀՀ ԱԱԾ աշխատակիցներ, եւ ավտոմեքենայում գտնվող 3 անձի նկատմամբ զենքի կիրառմամբ բռնություն գործադրելով՝ նրանց դուրս են բերել ավտոմեքենայից, թմրամիջոց ու այլ արգելված իրեր փնտրելու եւ նրանց ձերբակալելու պատրվակով ձեռքերին անցկացրել են ձեռնաշղթաներ, ապա ավտոմեքենայից հափշտակելով առանձնապես խոշոր չափի՝ 36 կգ քաշով 999 հարգի ոսկյա ձուլակտորները եւ 293.000.000 ՌԴ ռուբլի գումարի պարունակությամբ պայուսակները, հիշյալ անձանց նկատմամբ բռնություն գործադրելով, նստեցրել են նույն ավտոմեքենան, դիմացի դռնից արցունքաբեր գազ փչելով ավտոմեքենայի մեջ՝ «Պորշ» մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ քրեական հետապնդում է հարուցվել ընդհանուր 12 անձի նկատմամբ, որոնցից 5–ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, 3-ի նկատմամբ՝ այլ խափանման միջոցներ, 4 անձի ձերբակալելու որոշում է կայացվել եւ ոստիկանությանը տրվել է նրանց հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու հանձնարարություն։

Ի դեպ, գրել էինք, որ քրեական վարույթով իրավապահների տեսադաշտում է հայտնվել նաեւ «օրենքով գողի» փեսան», ինչպես նաեւ դատավորի սանիկ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս