Թուրքիան և Ռուսաստանը ծրագրում են Ստամբուլում ֆինանսական կենտրոնի շրջանակներում էներգետիկայի և հանքարդյունաբերության բորսա ստեղծել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում Ռուսաստանի Դաշնության բնական պաշարների և շրջակա միջավայրի նախարար Ալեքսանդր Կոզլովի հետ բանակցություններից հետո։
«Մենք բանակցություններ վարեցինք Ստամբուլի ֆինանսական կենտրոնում թուրքական էներգետիկ և հանքարդյունաբերական բորսայի ստեղծման հետ կապված թեմայի շուրջ։ Խոսքն առաջին հերթին մետաղների որոնման, արդյունահանման և առևտրի մասին է։ Հուսով եմ, որ այսպիսով մեր համագործակցությունը կհասնի ավելի բարձր մակարդակի»,-Բայրաքթարի խոսքերն է մեջբերում NTV հեռուստաալիքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: