ԱՄՆ-ը հետևում է սպառազինությունների վերահսկման և չտարածման միջազգային պարտավորությանը. Վադդի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ավագ տնօրեն Պրանայ Վադդին հայտարարել է, որ Վաշինգտոնը, հնարավոր է, առաջիկա տարիներին մեծացնի միջուկային զինանոցը՝ զսպելու Ռուսաստանից, Չինաստանից և այլ հակառակորդների կողմից աճող սպառնալիքները։ Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը փոփոխություններ է կատարում միջուկային զենքի ռազմավարության մեջ` շեշտը դնելով մրցակցության վրա։

Վադդին միաժամանակ հավատացրել է՝ Միացյալ Նահանգները հետևում է սպառազինությունների վերահսկման և չտարածման միջազգային պարտավորությանը: Նա մտահոգություն է հայտնել, որ Ռուսաստանը հրաժարվում է այլընտրանքային պայմանագրեր քննարկել, որոնք կարող են փոխարինել 2010 թվականին Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև կնքված ռազմավարական հարձակողական սպառազինության կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին համաձայնագրին: Հիշեցնենք, որ փաստաթղթի ժամկետը լրանում է 2026 թվականին, սակայն 2023 թվականի փետրվարին Մոսկվան հայտարարել է համաձայնագրին Ռուսաստանի մասնակցության միակողմանի կասեցման մասին:

Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը «միջուկային զենքը չի թափահարում» և միջուկային էսկալացիայի հռետորաբանություն չի սկսել, սակայն անհրաժեշտության դեպքում երկրի միջուկային դոկտրինը կարող է փոխվել: «Միջուկային զենքի կիրառումը կարող է արագացնել մեր նպատակների կյանքի կոչումը, սակայն ռազմաճակատում գտնվող ռուս զինվորականների առողջությունն ավելի կարևոր է»,- հավելել է Ռուսաստանի նախագահը:




Լրահոս