ԾՐԱԳՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԱՐՎԱ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 25-ին առաջին ուստարվա արդյունքներն ամփոփվեցին Հայաստանում ապագա նորարարների կրթական ուղին ձեւավորող «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» ծրագրի դպրոցական նախագծում։

Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) «Կոնգրես Երեւան»-ում կայացած մեծ միջոցառմանը գործընկեր կառույցների, ուսուցիչների, աշակերտների եւ վերապատրաստողների լայն համայնքի հետ ամփոփեց 2023-ի սեպտեմբերից ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ ՀՀ 7 մարզի 15 ավագ դպրոցներում փորձարկվող «ԱԲ սերունդ» ծրագրի 2023-2024 ուստարվա ձեռքբերումները՝ ներկայացնելով ծրագրի մասնակից 350-ից ավելի աշակերտի ուսումնական ուղին եւ ուսուցիչների վերապատրաստման արդյունքները։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը. «Սա այն կարեւոր ծրագրերից է, որի մեկնարկն ուղղակիորեն աջակցում է կրթության ընդհանուր ռազմավարության իրագործմանը։ Ծրագիրը ցույց տվեց, որ երեխաները կարող են ոգեւորված լինել կրթության բովանդակությամբ, վարակել ու վարակվել նախաձեռնողականության ոգով։ Մեզ համար նշանակալի է, որ բոլորս կիսում ենք նույն տեսլականը եւ համատեղ աշխատում ծրագրի բարելավման եւ ընդլայման ուղղությամբ»։
ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, կարեւորելով արհեստական բանականության զարգացումներին հարմարվելու անհրաժեշտությունը, նշեց. «ԱԲ-ն արդեն մեր ներկան է, եւ կարեւոր է, որ այս ուղղությամբ կրթությունը սկսվի հենց դպրոցից։ Ծրագրի աշակերտների նախագծային աշխատանքներում որակական տարբերությունն ակնառու է, եւ նախարարությունը հաստատակամ է աջակցելու ծրագրին՝ նպաստելով նրանց գիտելիքի կիրառմանը հատկապես մարզերում»։
FAST-ի Ռազմավարական ծրագրերի փոխնախագահ Սյուզաննա Շամախյանն էլ ամփոփեց ծրագրի բաղադրիչներն ու նպատակը. «Մոտիվացիան մեկն է՝ կրթել ապագա նորարարների՝ հնարավորություն տալով իրենց ներուժն իրացնելու Հայաստանում եւ ի շահ Հայաստանի։ Առանցքայինն այս ծրագրում մրցունակ կրթության հասանելիության ընդլայնումն է. դրան է ուղղված մաթեմատիկահեն կրթության մեծ բաղադրիչը, որը աշակերտներին տալիս է նաեւ ԱԲ-ին կից ոլորտներում՝ ռոբոտաշինության, ինժեներիայի մեջ ներգրավվելու հնարավորությունը։ Կարեւոր է նաեւ մասնագիտական կողմնորոշման կողմն ու անմիջականորեն ոլորտային կառույցների եւ մասնագետների հետ ծանոթանալու սովորողների փորձառությունը։ Python ծրագրավորման լեզվի ուսուցումն էլ այն կարեւոր տեխնոլոգիական հիմքն է, որն անհրաժեշտ է սովորողների մասնագիտական կայացման համար»։
Միջոցառման երկրորդ կեսում «Այբ» կրթական հիմնադրամի հետ միասին ամփոփվեցին FAST-ի հետ գործընկերության շրջանակում իրականացված Ուսուցիչների մասնագիտական վերապատրաստման արդյունքները՝ եզրափակվելով «ԱԲ սերունդ»-ում ներգրավված մաթեմատիկայի եւ ԹԳՀԳ (Python)-ի 39 ուսուցիչների հավաստագրերի հանձնման արարողությամբ։ Հիմնադրամի գործադիր տնօրեն Գոհար Հովհաննիսյանը, շնորհալություն հայտնելով վերապատրաստման պատասխանատու գործն իրենց վստահելու համար, առանձնահատուկ կարեւորեց վերապատրաստողների եւ ուսուցիչների դերը ծրագրի հաջողման գործում:

Android ՍԱՐՔԵՐԻ ՎՐԱ ԳՐՈՀՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ԿՐԿՆԱՊԱՏԿՎԵԼ Է
«Կասպերսկի» ընկերությունը 2024-ի առաջին եռամսյակում աշխարհում կանխել է Android սարքերի վրա վնասաբեր, գովազդային կամ անցանկալի բջջային ծրագրերի օգտագործմամբ 10,1 միլիոն գրոհ այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կանխվել է մոտ 4,95 միլիոն նման գրոհ։

Ընկերության տվյալներով՝ ընթացիկ տարվա հունվար-մարտին բջջային սարքերի համար ամենատարածված սպառնալիքը դարձել է գովազդային ԾԱ-ն (AdWare)՝ հայտնաբերված սպառնալիքների ընդհանուր թվի 46 տոկոսը:
Հայտնաբերվել է ավելի քան 389 հազար վնասաբեր տեղադրման փաթեթ, որոնցից 11 729 փաթեթը բջջային բանկային տրոյացիներ էին, իսկ 1990-ը՝ շորթող տրյացիներ: Իսկ 2023-ի նույն ամիսներին գովազդային ԾԱ-ի մասնաբաժինը կազմել է հայտնաբերված բոլոր սպառնալիքների 34,8%-ը, հայտնաբերվել է 307 529 վնասաբեր տեղադրման փաթեթ, որոնցից 57 601 փաթեթը բջջային բանկային տրոյացիներ էին, 1 767-ը՝ բջջային շորթող տրոյացիներ։
«Կասպերսկի»-ի փորձագետները պարզաբանում են, որ Android-ի համար նախատեսված վնասաբեր եւ անցանկալի ԾԱ-ի հայտնաբերված նմուշների թիվը նվազել է 2023-ի չորրորդ եռամսյակում եւ կրկին աճել 2024-ի առաջին եռամսյակում։ 2022-ի չորրորդ եռամսյակում վնասաբեր տեղադրման փաթեթների քանակի նկատելի անկումից հետո՝ կապված Trojan-Dropper.AndroidOS.Ingopack-ի ակտիվության նվազման հետ, 2023-ի առաջին եռամսյակում գրանցվել է վնասաբեր ԾԱ-ի նոր նմուշների փոքր աճ։
Միեւնույն ժամանակ, բանկային տրոյացիների նոր եզակի տեղադրման փաթեթների քանակը մնում է ցածր մակարդակի վրա, այնուամենայնիվ, Trojan-Banker-ների գրոհների ընդհանուր թիվը 2024 թվականի առաջին եռամսյակում շարունակել է աճել։ Նաեւ, 2023-ի չորրորդ եռամսյակում տեղի ունեցած աճից հետո, որը պայմանավորվել է Rasket ընտանիքի մեծ թվով շորթող ծրագրերի հայտնվելով, շորթիչների տեղադրման փաթեթների քանակը վերադարձել է սովորական մակարդակ՝ Rasket-ի ակտիվության նվազման ֆոնին։

ՄԻԱՑԵԼ Է ԼԻԶԻՆԳԱՏՈՒՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻՆ
«Յունիբանկը»՝ որպես լիզինգի շուկայի ակտիվ մասնակից, անդամակցել է «ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիա»-ին: Համագործակցությունը հնարավորություն կտա բարելավել լիզինգային գործարքի իրականացումը բոլոր կողմերի համար, ստանալ ոլորտային միասնական լուծումներ, որոնք կնպաստեն ճյուղային բարեփոխումներին եւ ոլորտի կատարելագործմանը: Բացի այդ, «Յունիբանկը» հնարավորություն կունենա անմիջականորեն մասնակցել ոլորտի օրենսդրական բարելավման աշխատանքներին։
«Հայաստանում լիզինգը՝ որպես ֆինանսական գործիք, արագ տեմպերով զարգանում է. բիզնեսն ըստ արժանվույն գնահատել է սարքավորումների եւ տեխնիկայի վարձակալելու առավելությունները: Մատչելի լիզինգի շնորհիվ փոքր եւ միջին բիզնեսը հնարավորություն է ստանում բարձրացնել արդյունավետությունն ու մրցունակությունը: Անդամակցությունը Լիզինգատուների Ասոցիացիան լայն հնարավորություններ է ստեղծում ոլորտում բարեփոխումներին մասնակից լինելու եւ հետագա զարգացմանը նպաստելու համար», – նշեց «Յունիբանկի» Վարչության նախագահի առաջին տեղակալ, Կորպորատիվ բիզնեսի զարգացման եւ վաճառքների տնօրեն Դավիթ Պետրոսյանը:
ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիայի նախագահ Արսեն Բազիկյանը նշեց, որ «Յունիբանկի» անդամակցությունը մեծ նշանակություն ունի ոլորտի համար։ «Յունիբանկի» մասնաճյուղային ցանցը, լիզինգին հատուկ թիրախային խումբը եւ լիզինգի տրամադրման փորձը կարեւոր դեր կխաղան Ասոցիացիայի նպատակներին հասնելու համար։
Լիզինգատուների Ասոցիացիան կարեւոր դեր ունի լիզինգի ոլորտի զարգացման գործում՝ տրամադրելով համագործակցության այնպիսի հարթակ, որտեղ անդամները հնարավորություն ունեն քննարկել ոլորտային խնդիրները, փոխանակել լավագույն փորձը եւ առաջարկել բարելավումներ լիզինգի ոլորտում:

ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՈՒՄ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է կանաչ պարտատոմսերի թողարկման մասին։
«ԶՖԳ-ն եւ Ազգային հիփոթեքային ընկերությունը սկսում են նախապատրաստել կանաչ պարտատոմսերի թողարկումը, որը կաջակցի երկրի հազարավոր ընտանիքների՝ էներգետիկ անցումային փուլում:
Հարմարավետություն եւ խնայողություն՝ ընտանիքների համար, ավելի քիչ էնեգետիկ կախվածություն՝ Հայաստանի համար»,- գրել է նա։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ես՝ Լիլիան Սաֆավ Սուլայմանս (Lilyan Safav Silaiman), 19.04.2024-ին Երեւանի Հանրապետության հրապարակում կորցրել եմ անձնագիրս: Գտնողին խնդրում եմ զանգահարել +374 44 880195 հեռախոսահամարով:




Լրահոս