ՊԵՏՔ Է ՓՈԽՎԻ ՆԱԵՎ ՄԻՋԱՎԱՅՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշոտ Մինասյանը եւ կարմիրբերետավորները, նույնիսկ եթե եղել են մի գազելում, որպես փակ համակարգ, այնուհանդերձ՝ այլ մոլորակում չեն եղել։ Եվ սա մեկ հոգու պատմություն չէ, այլ շատ շատերինը։

Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, Վահե Հովհաննիսյանը:
«Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթի) պատմությունը սահմռկեցուցիչ է։ Նկարագրածը (ապրածը) «սովորական միտինգային» դրվագ չէ, դա այսօրվա «նոր Հայաստանի» կենսափիլիսոփայությունն է։
Աշոտ Մինասյանը եւ կարմիրբերետավորները, նույնիսկ եթե եղել են մի գազելում, որպես փակ համակարգ, այնուհանդերձ՝ այլ մոլորակում չեն եղել։ Եվ սա մեկ հոգու պատմություն չէ, այլ շատ շատերինը։
Այս դրվագի եւ հունիսի 12-ի բոլոր ապօրինությունների բացարձակ պատասխանատուն եւ մեղավորը իշխանություններն են, բայց պիտի հասկանանք նաեւ, թե ինչ մեխանիզմների «շնորհիվ» է իշխանությունը ռիսկ անում նման այլանդակ գործողությունների.
1. Կարմիր բերետավորներին այդպիսին լինելու եւ պետության հանդեպ բացառիկ վաստակ ունեցող մարդու վրա (կամ ցանկացած մարդու) հարձակվելու իրավունք տվել են.
a. 680 հազար ՀՀ քաղաքացիները, ովքեր, պատմական աղետից հետո վերընտրելով այս իշխանությանը, այսօր չեն շտապում շտկել իրենց քվեն այսքան ավերից հետո։
b. Ոստիկանության ղեկավար կազմը, որից որեւէ մեկը հրաժարական չտվեց՝ այս եւ այլ ահավոր պատմություններից հետո։ Չի գտնվում մեկը, որի համար անտանելի կլինի նման միջավայրում աշխատելը։
c. «Բարեփոխիչները», միջազգային կառույցները, Արեւմտյան դեսպանատները, որոնք ձայն չեն հանում որեւէ վայրագության դեպքում։
d. Իբր կրթված, իբր մտավորական, իբր հումանիստ մասնագիտական էլիտաները, որոնք «քաղաքականությամբ չեն զբաղվում» ու երկրում կատարվողի մասին կարծիք չունեն։
2. Անհավանական է թվում, որ անձամբ իրեն պսակադրած Սրբազանին բերետավորը կարող է հայհոյել, բայց նա դա անում է, որովհետեւ այս երկիրն արդեն 6 տարի է՝ անվերջ հայհոյանք է լսում ու չունի որեւէ «ՉԻ կարելի»։ Որտե՞ղ են ձեւավորվել այս մարդիկ, ո՞ր միջավայրում, ո՞ր դպրոցում, ո՞ր հասարակությունում։ Ինչքա՞ն կարեւոր բաներ ենք տապալել պետականության 30 տարում։
3. Այս ամենը հնարավոր դարձավ, որովհետեւ մեր պետության քաղաքացիները զանգվածաբար օտարացան մեր պետությունից։ Ինչպե՞ս է հնարավոր, որ այն ժողովուրդը, որի համար Աշոտն ամեն կռվի պատրաստ է եղել իր կյանքը տալու, մասսայաբար ապրի գրին քարտի կամ օտարահպատակության երազանքով. բա ո՞ւմ համար էր պետությունը, բա էլ ի՞նչ հայրենիք։
4. Ո՞նց բաց թողեցինք շուրջ երկու տասնամյակ «Արեւմտյան մեդրեսեներում» նոր հայի ձեւավորումը՝ իբր բարեփոխիչ, իբր լիբերալ, իբր իրավապաշտպան, բայց իրականում՝ հակահայաստանյան ենիչերիների կրթման ու վերապատրաստման պրոցեսը։ Աչքներիս առաջ էին ախր նրանք ուժեղանում, կազմավորվում, մեդիաներ ստանում-ստեղծում, քարոզում, ԱԺ մտնում, որ մի օր էլ նրանց հավաքական ձայնը ասի՝ «Ղարաբաղը մեզ հետ ի՞նչ կապ ունի»։
5. Աշոտ Մինասյանը խաղաղ ժամանակ զբաղեցրել է պաշտոն, որը շատ ուրիշները կօգտագործեին կարողություն դիզելու համար։ Նա միշտ ապրել է զուսպ ու համեստ՝ չգողանալով իր երկրից։ Աշոտի պես մարտիկներն իրենց մեջ տարիներով պահել են հարցը՝ ինչո՞ւ հաղթած, հերոս, պետություն կառուցած մարդիկ թույլ տվեցին այլանդակ բարքեր, փողի մոլուցք։ Անգամ կարգին, հայրենիքի առաջ վաստակ ունեցող մարդիկ ինչպե՞ս դարձան փողի ու ահռելի հարստության տեր՝ մեր փոքր, աղքատ, Արցախի խնդիր ունեցող երկրում։ Մայրցամաքից մայրցամաք ահռելի- անծայրածիր հարստության ու գույքերի տեր։ Ո՞նց, ինչպե՞ս, ո՞ր իրավունքով։ Ի վերջո, նրանք գերի դարձան այդ հարստությանը, սակայն դրա գերին դարձանք նաեւ մենք բոլորս, Հայաստանը, Արցախը։
6. Եթե մենք այս հարցերին չպատասխանենք, չենք հասկանա, թե ինչպես ձեւավորվեց այսօրվա անասնական մթնոլորտը, եւ թե ինչպես փողոցից եկավ գաղափարապես հստակ վարժեցված մի ուժ, որը թքած ունի Արցախի վրա էլ, Հայաստանի վրա էլ։
7. Փառահեղ հաղթանակով ձեւավորված պետությունը ո՞նց կարող էր այսքան անարդար բարքերով զարգանալ։ Ո՞նց։ Վերջում պարզվելու է, որ միակ «ապօրինի գույքը» մեր հայրենիքն էր։
8. Աշոտի պատմությունից հասարակությունը պիտի պոռթկար։ Հակառակը նորմալ չէ։ Բայց նույն հասարակությունը պատերազմից շաբաթներ անց աղմկոտ քեֆեր էր անում, Արցախի կորստին հանգիստ նայեց, ինչո՞ւ պիտի Աշոտի հետ կատարվածից սարսռա, երբ շատերը Ռուբեն Վարդանյանի, Բակո Սահակյանի եւ մեր մյուս հայրենակիցների գերեվարվելուց ուրախացել էին։
Կարմիրբերետավորը եւ նրան հրաման տվող իշխանությունները պետք է փոխվեն, բայց պիտի փոխվի նաեւ նրանց ձեւավորող միջավայրը։ Մենք պիտի կարմիր գծեր եւ ճիշտ ուղենիշեր ունենանք, որ դադարեցնենք ինքնաոչնչացումը»։

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՐՈՇ ԽՆԴԻՐՆԵՐ ԿԱՐԾՐԱՏԻՊԱՅԻՆ ԵՆ»
Հատկապես փոքր հասարակություններում, ինչպիսին Հայաստանն է, որոշ խնդիրներ կարծրատիպային են, եւ դրանց մասին շատ դժվար է խոսել: Այս մասին երեկ՝ հուլիսի 1-ին, «Ժողովրդավարության հայկական ֆորումի» ժամանակ հայտարարեց Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի եւ Եվրասիայի ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտին։
«Հետեւաբար, մեզ նման կազմակերպությունները այդ դեպքում քաղաքական առաջնորդություն են վերցնում տվյալ թեմաների վերաբերյալ քննարկումները բացելու համար: Մենք այսօր նաեւ զեկույցով ենք հանդես գալու, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղը լքած հայերի ճակատագրերին: Կարծում եմ՝ այս զեկույցի պատրաստումը եւս պահանջում էր, որ ինչ-որ մեկը դրսից ներգրավված լինի: Մենք, կարծես ինչ-որ առումով առաջնորդություն վերցնելով, քաղաքական պաշտպանություն ենք ապահովել այս զեկույցի համար», – ասաց նա:

Ա. ՍԻՄՈՆՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 28-ին կարգադրություն է ստորագրել, որով պարգեւատրել է Պետական պահպանության ծառայության աշխատակիցներին:

Կարգադրության մեջ նշվում է.

«Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության կազմավորման տոնի առթիվ ծառայողական պարտականությունները գերազանց եւ բարձր պատասխանատվությամբ կատարելու համար Պետական պահպանության ծառայության աշխատակիցներին պարգեւատրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշանվերով՝ համաձայն 1-ին հավելվածի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրով` համաձայն 2-րդ հավելվածի»:

ՈՒՄ ՀԵՏ ԿԱՄՐԱՊՆԴԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԱՏՕ-Ն
Հյուսիսատլանտյան դաշինքը կշարունակի ամրապնդել համագործակցությունն Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների, ներառյալ՝ Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Կորեայի Հանրապետության եւ Ճապոնիայի հետ:
Այդ մասին Yomiuri թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
Ըստ Ստոլտենբերգի՝ խոսքը վերաբերում է փոխգործակցության ուժեղացմանն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են սպառազինությունների վերահսկումը, տեխնոլոգիաների զարգացումը եւ հակազդեցությունը կիբեռհարձակումներին:

ԿԻԵՎԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ռուսաստանը բաց է Ուկրաինայի վերաբերյալ ցանկացած երկխոսության համար, այդ թվում եւ միջնորդների մասնակցությամբ, բայց իր նպատակներին հասնելու պայմանով։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Կրեմլի ներկայացուցիչն այսպես է պատասխանել այն հարցին, թե պատրաստ է արդյոք Մոսկվան Կիեւի հետ բանակցությունների միջնորդների միջոցով, ինչպես առաջարկել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Նախագահ Պուտինը բազմիցս ասել է, որ ՌԴ-ն բաց է ցանկացած շփման, ցանկացած երկխոսության համար՝ հասնելու այն նպատակներին, որոնք մենք մեր առջեւ դրել ենք։ Նախագահը պահում է այս բացությունը, նա այդ մասին բազմիցս ասել է», – նշել է Պեսկովը։
Ավելի վաղ Philadelphia Inquirer պարբերականի հարցազրույցում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել էր, որ ՌԴ նախագահի հետ բանակցությունների միակ տարբերակը միջնորդների օգտագործումն է, այնպես, ինչպես արվել է հացահատիկի սեւծովյան միջանցքի քննարկման եւ ստեղծման ժամանակ։

ՀՈՒՆԳԱՐԻԱՆ՝ ԵՄ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Հունգարիան սկսում է իր վեցամսյա նախագահությունը ԵՄ խորհրդում՝ մի շարք հարցերի շուրջ ԵՄ ղեկավարության հետ լուրջ տարաձայնությունների ֆոնին, այդ թվում՝ Ուկրաինայի հակամարտությունը եւ միգրացիան: Հուլիսի 1-ին Հունգարիան ԵՄ-ում էստաֆետը վերցնում է Բելգիայից, որպեսզի դեկտեմբերի վերջին ռոտացիոն սկզբունքով այն փոխանցի Լեհաստանին։
Բուդապեշտի եւ Բրյուսելի միջեւ բարդ հարաբերությունները նույնիսկ արտացոլվել են նախագահության կարգախոսի ընտրության մեջ.
«Եկեք դարձնենք Եվրոպան կրկին մեծ»:




Լրահոս